Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տրամադրվող վճարովի եթերաժամի սակագները:
Քաղաքական գովազդ հեռարձակելու հայտ է ներկայացրել 15 հեռուստա և ռադիոընկերություն: Նախորդ՝ 2013 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ վճարովի եթերաժամ էր տրամադրել ընդամենը 8 կազմակերպություն: Հ2, «Արմենիա», «Կենտրոն», «Արարատ», «Արմնյուզ», Հ3 հեռուստաընկերությունները և «Ռադիո Մարշալ» ծրագիրը ցանկում նորեկներ են:
Երևանի ավագանու նախորդ ընտրություններում քաղաքական ուժերին վճարովի եթերաժամանակ հատկացրած Հ1, «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, «Հանրային ռադիոն», «Հայ FM»-ը և «Ռադիո Հայ»-ը առաջարկում են նախորդից ավելի ցածր գներ: «Ա-Թիվի»-ն՝ հակառակը: «Ար» հեռուստաընկերության գնային քաղաքականությունը նույնն է մնացել:
Վճարովի եթերաժամանակի յուրաքանչյուր րոպեի համար սահմանված ամենաբարձր գինը «Արմենիայինն» ու «Շանթինն» է՝ 100 հազար դրամ մեկ րոպեի համար: Ամենացածր գինն առաջարկում է «Արարատ» հեռուստաընկերությունը՝ 10 հազար դրամ մեկ րոպեի համար:
Մեկ օրվա ընթացքում քաղաքական ուժերին ամենաշատ եթերը կհատկացնեն ռադիոընկերությունները՝ 20 րոպե:
«Կենտրոն» հեռուստաընկերությունը պատրաստ է օրվա եթերից առավելագույնը 15 րոպե տրամադրել քաղաքական գովազդի համար: Ամենակարճ եթերաժամանակն առաջարկել են «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Արմնյուզ»-ը և «Ա-Թիվին»՝ 6 րոպե:
Հ1-ը և «Հանրային ռադիո»-ն վճարովի եթերաժամանակի սահմանափակում չունեն:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: