2017.04.02,

Նյուսրում

Հարձակում լրագրողների վրա. #armvote17 (լրացված)

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

ԱԺ ընտրությունները լուսաբանելիս Երևանի Կոնդ թաղամասում հարձակման են ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանն ու Araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանը:

Լրագրողները նկատել են, որ Կոնդի Ռուսթավելի 15 փողոցի բնակիչները նախքան ընտրատեղամաս գնալը, հավաքվում են ԱԺ պատգամավորության թեկնածու ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ ու մտածել են, որ հնարավոր է, որ ներսում ընտրակաշառք են բաժանում:

Շողիկ Գալստյանը որոշել է մտնել շտաբ:

«Հավաքվածները, երբ տեսան նկարահանող սարքավորումները, միանգամից ագրեսիվ վարք դրսևորեցին, սկսեցին գոռալ՝ մի՛ նկարեք, հետո հարձակվեցին, քաշեցին մազերս, վերցրեցին նկարահանող սարքը, չթողեցին մտնել շտաբ: Մինչև այդ իմ գործընկերը հաջողացրել էր ներս մտնել և ֆիքսել, որ գումար են բաժանում»,-Media.am-ին պատմում է Շողիկը:

Լրագրողը ոստիկանություն է կանչել և դեպքի վայրից արագ հեռացել: Շողիկ Գալստյանն ասում է, որ իր կարծիքով շտաբի մոտ հավաքված բնակիչները ճանաչում էին իրար և ցանկանում էին խանգարել լրագրողների աշխատանքը:

«Իրենք թույլ չտվեցին, որ ներս մտնենք, քանի որ ակնհայտ կաշառք էին բաժանում: Արդեն դեպքի վայրից հեռացել էինք, հետևաբար ոստիկանները եկան խմբագրություն,  մենք նկարագրեցինք տեղի ունեցածը: Չեմ ուզում վատատես լինել ոստիկանության քայլերի հետ կապված, քանի որ տեսանյութից պարզ է, որ բռնություն կա»,-նշում է լրագրողը:

Մինչ Շողիկ Գալստյանը աշխատում էր դրսում, նրա գործընկեր, «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը հաջողացրել էր մտնել շտաբ: Նա «Ազատության» եթերում մեկնաբանեց տեղի ունեցածը, նշելով, որ շտաբի ներսում ինքը տեսել երկու թուղթ, որտեղ գրված էին 30 կամ 40 անձանց անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի սերիա, հասցե:

«Հարձակվեցին, վնասեցին իմ աչքը, հնչեցրին հայհոյանքներ, որոնք եթերում չենք հեռարձակում: Երբ մենք հեռանում էինք, դեռ մարդիկ բարձրանում էին այդ հատված, ներսում ասեցին աշխատավարձ ենք բաժանում, տեսանյութի մեջ ներկայացված աղջիկն ասում էր, որ թղթում եղած ցանկից ավելի շատ մարդկանց են աշխատավարձ բաժանելու»,-ասում է Սիսակը:

Այսքանով Կոնդում լրագրողների աշխատանքը չի ավարտվել:

Թիվ  9/28 ընտրատեղամասում (Կոնդի դպրոց) փորձել են խոչընդոտել armtimes.com-ի լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը: Տիրայրը ընտրատեղամասում տեսել է ավելի վաղ Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ լրագրողների վրա հարձակված կանանցից մեկին, մոտեցել է նրան, որ մեկնաբանություն ստանա դեպքի մասին: Կինը վրդովվել է, շրջվել և հեռացել տեսախցիկի առջևից: Մինչ այդ նա վիրավորական արտահայտություններ արել, հարվածել տեսախցիկին, փորձել քաշել այն:

Տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկաններին Տիրայրը խնդրել է պարզել կնոջ ինքնությունը, սակայն վերջիններս լրագրողին խորհուրդ են տվել դեպքի մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն:

Media.am-ը շարունակում է հետևել ու հավաքել ապրիլի 2-ին  լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը: Եթե տեղյակ եք այլ դեպքերի, որոնք այս հոդվածում ընդգրկված չեն, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ օգտագործելով մեկնաբանությունների համար նախատեսված դաշտը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *