2017.01.31,

Նյուսրում

Երիտասարդներն ընտրել են ինտերնետն ու հեռուստատեսությունը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Երիտասարդների համար ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ թիվ մեկ տեղեկատվական աղբյուրը ինտերնետն է:  Հեռուստատեսությունը երկրորդ տեղում է: Այս տվյալները ներառված են «Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» հետազոտությունում:

Հարցվածների 50.5%-ի համար քաղաքական իրադարձությունների հիմնական տեղեկատվական աղբյուրը ինտերնետն է: Նրանց 33.4%-ը տեղեկատվությունը ստանում է ինտերնետային լրատվամիջոցներից, իսկ 17.1%-ը՝ սոցիալական ցանցերից:

Հարցվածների  31.3%-ն է նշել, որ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում հեռուստատեսությունից:

Ռադիոն և օրաթերթերը որպես քաղաքական իրադարձությունների տեղեկատվական աղբյուր գրեթե չեն դիտարկվում: Ռադիոն տեղեկատվական աղբյուր է ընդամենը 1.1%-ի համար, իսկ օրաթերթերը՝ 0.9%-ի:

Հարցմանը մասնակցել են 1200 երիտասարդներ՝ Հայաստանի տարբեր մարզերից, քաղաքային և գյուղական բնակավայրերից: Նրանք 1987թ. և հետագա տարիների ծնունդ են: Ուսումնասիրությունը իրականացրել է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը՝ (ՖԷՀ) Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ:

Ինտերնետային սերունդ

Հարցվածների 96.1%-ն օգտվում է ինտերնետից:  Նրանցից 55.9%-ը ցանցին է միացած լինում օրական միջինում 3 ժամ և ավելի:

Ավելի հաճախ երիտասարդները ինտերնետն օգտագործում են սոցիալական ցանցերից օգտվելու համար՝ 20%:

17.3%-ն ասել է, որ ինտերնետն օգտագործում է «ծանոթ/բարեկամների հետ հաղորդակցվելու նպատակով»:

Ինտերնետում ֆիլմեր դիտում է հարցվածների 14.1%-ը, տեսանյութ դիտում կամ երաժշտություն ունկնդրում՝ 13.7%-ը:

Հարցված երիտասարդներից միայն 3.4%-ն է օգտվում Էլեկտրոնային փոստից:

Երիտասարդները համացանցի և բջջային կապի համար ամսական միջինում ծախսում են 4700 դրամ:

Ովքեր են հեռուստացույց դիտում

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հեռուստացույց դիտում են հիմնականում գյուղաբնակները, առավել հասուն տարիքի ունեցողները, ամուսնացածները և ավելի քիչ եկամուտ կամ ծախս ունեցողները:

Նրանցից 13.9%-ը հեռուստացույց դիտում է միջինում օրը 3-4 ժամ և ավելի, 26.5 տոկոսը՝  2-3 ժամ:

Հարցված երիտասարդների 7.2%-ն ասել է, որ ընդհանրապես հեռուստացույց չի դիտում:

Ինչ են դիտում

Հեռուստացույցով ամեն օր լուրեր են դիտում հարցվածների՝ 45.1%-ը, քաղաքական բանավեճեր՝ 9.3%-ը:

Հայկական հեռուստասերիալներ դիտում է հարցվածների 21.5%-ը, արտասահմանյան՝ 12.2%-ը:

Հարցվածների 72.9%-ն ասել է, որ երբեք չի դիտում կրոնական հաղորդումներ:

Հետազոտությունը պարզել է, որ տարիքով ավելի մեծ երիտասարդներն ավելի քիչ են դիտում հայկական ու արտասահմանյան հեռուստասերիալներ: Փոխարենը ավելի հաճախ են դիտում լուրեր ու  հայկական ֆիլմեր:

Քաղաքաբնակներն, ի տարբերություն գյուղաբնակների,  առավել հաճախ են դիտում արտասահմանյան ֆիլմեր, և ընդհակառակը ավելի հազվադեպ՝ հայկական ժողովրդական երաժշտական ծրագրեր, հայկական ֆիլմեր, հայկական հեռուստասերիալներ, լուրեր:

Ամուսնացած երիտասարդներն ավելի հաճախ են դիտում հայկական ժողովրդական երաժշտական ծրագրեր, հայկական հեռուստասերիալներ, լուրեր և ավելի հազվադեպ՝ արտասահմանյան երաժշտական ծրագրեր, մարզական հաղորդումներ:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *