2017.01.25,

Նյուսրում

Ֆալոսի բարձրաքանդակը անբարեխիղճ լրագրության հետևանք էր

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հայկական մեդիայում հաճախ են գրվում լուրեր՝ հիմնվելով «սեփական աղբյուրների» վրա, և չնայած հետո այդ լուրը հերքվում է, սակայն լրատվամիջոցը շարունակում է հաջորդիվ հրապարակումներում էլի հիշեցնել, որ նման տեղեկություն է հրապարակվել, հետո հերքվել է… Եվ այս հերքումների մասին շրջապտույտը մտացածին տեղեկությունը դարձնում է հրապարակման հերոսների կենսագրության մի մասը:

Մի քանի տարի առաջ գերմանական մամուլում տեղի ունեցած սենսացիոն իրադարձությունը կարող է դասագրքային օրինակ դառնալ ու ցույց տալ, որ երբեմն լրագրողական էթիկայի խախտումն ու իրականության կեղծումը բումերանգի էֆեկտով վերադառնում է դրա հեղինակին:

Իրադարձությունների հերոսը մի կողմից գերմանական բուլվարային Bild պարբերականն է, որը, ըստ Վիքիպեդիայի, ունի ավելի քան 3 միլիոն տպաքանակ, 20-ից ավելի խմբագրություն ողջ Գերմանիայում, մյուս կողմից՝ համեստ կարողություններով Die Tageszeitung-ը (կրճատ անվանում են Taz), որի բյուջեն շատ փոքր է, տպաքանակը՝ 50 հազարից մի փոքր ավելի:

Bild-ը մարդկանց անձնական կյանքը փորփրելով՝ հրապարակում է սենսացիաներ, սկանդալներ, շոու բիզնեսի արտիստների ինտիմ կյանքի մանրամասներ և այլն: Գերմանիայում ասում են, որ Bild-ը հաճախ է խախտում մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

Եվ այսպես, 2002 թվականին Bild-ի գլխավոր խմբագիր Կայ Դիկմանը դատական հայց էր ներկայացրել բեռլինյան Taz շաբաթաթերթի դեմ մի ֆելիետոնի համար, որտեղ ասվում էր, որ Դիկմանն անհաջող վիրահատության է ենթարկվել Մայամիի բուժկենտրոններից մեկում, որտեղ մեկնել էր… իր առնանդամը երկարացնելու համար: Taz-ի լրագրողը նաև գրել էր, թե իբր կլինիկան որպես վնասի փոխհատուցում, Դիկմանին վճարել է… 200 ամերիկյան դոլար:

Ֆելիետոնի համար հիմք է հանդիսացել իրական պատմությունը, և Taz-ը պարզապես որոշել էր Դիկմանին դաս տալ՝ ուրիշների «անկողին մտնելու» և անձնական կյանքին միջամտելու համար:

Դիկմանը դատարանից պահանջել էր` Taz-ից իր օգտին գանձել 30 հազար եվրո` իր արժանապատվությունը վիրավորելու և զրպարտության համար:

Դատավոր Միխայել Մաուկը, սակայն, համարել է, որ բոլոր փաստերը մաքուր ճշմարտություն են և մերժել է Դիկմանի հայցը: Դատավորն իր ձևակերպումներում ակնարկել էր, որ Դիկմանը որպես Bild-ի գլխավոր խմբագիր այնքան է մարդկանց կյանքը կեղտի հետ խառնել ու ծաղրել, որ նեղանալու բան չունի, եթե հիմա էլ ինքն է դարձել ծիծաղի առարկա: Դատավոր Մաուկը միևնույն ժամանակ Taz-ին արգելել էր վերահրատարակել ֆելիետոնը:

Բայց ամենահետաքրքիրը առջևում էր:

2009 թվականին Bild-ը Taz-ին պարտվեց ևս մեկ դատական պրոցեսում, սա արդեն ուրիշ գործ էր: Որպես ցնծության նշան, Taz-ը խմբագրության շենքի կողային մասում՝ պատի ողջ մակերեսով մեկ, հինգ հարկի չափով, տեղադրեց մերկ տղամարդու բարձրաքանդակ: Ընդ որում, այն տեղադրվել է մի գիշերվա ընթացքում:

Պատկերված սեքս-հսկան իր տեսքով շատ նման է Կայ Դիկմանին: Իսկ քանի որ այդ պատի ուղիղ դեմ-դիմաց Bild-ի խմբագրի աշխատասենյակի լուսամուտներն են, Կայն ամեն աշխատանքային առավոտ հնարավորություն ունի հպարտանալու իրենով: Դիկմանի առնանդամի պատկերը ձգվում է մինչև 5-րդ հարկ՝ վերջում կոբրայի տեսք ընդունելով:

Բարձրաքանդակում գրոտեսկով պատկերված են հանրային դեմքեր, որոնք ինչ որ ժամանակ հայտնվել են Bild-ի լրագրողների ուշադրության կենտրոնում, և նշված է խորագիրը՝ «Խաղաղություն քեզ» (Friede sei mit Dir): Ընդ որում, խորագրում բառախաղ կա: Bild-ի հրատարակչի կնոջ անունը Ֆրիդա Շպրինգեր է: Եվ խորագիրը կարելի է հասկանալ այսպես՝ Ֆրիդան քեզ հետ է:

Նկարիչ և քանդակագործ Պետեր Լենկը՝ ստեղծագործության հեղինակը, ավելի ուշ բացատրել է, որ իր ստեղծագործությամբ և «Խաղաղություն քեզ» խորագրով ոչ թե ձգտել է նոր սկանդալ հրահրել, այլ՝ խաղաղություն հաստատել:

Taz-ի կին աշխատակիցները պահանջել էին պատից հանել այն: Խմբագիրը մերժել էր: Հիմա մերկ Դիմանի պատկերի շնորհիվ՝ Taz-ի շենքը դարձել է Բեռլինի ամենադիտարժան վայրերից մեկը:

Բեռլինի Ռուդի-Դուկե շտրասեի թիվ 23 շենքը, որտեղ Taz-ի խմբագրությունն է, միանգամից հայտնի է դարձել: Արդեն երկու օր հետո գիդերն այստեղ զբոսաշրջիկներ են բերել՝ ցույց տալու ունիկալ բարձրաքանդակը, կամ անվանենք այն ծաղրաքանդակ:

Պատմում են, որ Taz-ի նոր խմբագիր Ինես Պոլին այս ստեղծագործությունը դուր չի եկել, և նա պատրաստվել է այն ապամոնտաժել, սակայն պարզվել է, որ քանդակագործ Լենկը նախկին խմբագրի հետ պայմանագիր ունի կնքած այն մասին, որ ժամկետից շուտ ապամոնտաժելու դեպքում պետք է իրեն 130 հազար եվրոյի չափով փոխհատուցում տրամադրեն:

Գերմանիայի մասշտաբներով ոչ այնքան հարուստ Taz-ը չէր կարող իրեն նման շռայլություն թույլ տալ:

Կայ Դիկմանն, ի դեպ, այս անգամ դատարան չի դիմել:

Այժմ Taz-ի համար նոր շենք է կառուցվում Բեռլինի մեկ այլ հատվածում: Առայժմ հայտնի չէ՝ ինչ է լինելու Կայ Դիկմանի քանդակի և նրա հսկա կրկօրինակի հետ: Թերևս կմնա: Առանց դրա Ռուդի-Դուկե շտրասեն կկորցնի իր գրավչությունը:

Կարևորը չափը չանցնելն է:

Գագիկ Աղբալյան

Հ.Գ. Հայկական լրատվամիջոցներում, այդ թվում՝ ինտերնետային, տարեցտարի ավելանում է այն հաղորդումների թիվը, որոնց ուղղությունը մարդկանց անձնական կյանքի մանրամասները փորփրելն ու ներկայացնելն է:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *