«Լրագրողների դերը երկիրը փոխելու մեջ ամենաառաջնայինը պետք է լինի, քանի որ լրագրողների աչքերը սուր են ու հեռատես: Նրանք տեսնում են լավն ու վատը ու լուսաբանում են դա»,- ասում է Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը, որը հաղթող է ճանաչվել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած Թվապատում 2016 լրագրողական մրցույթի «Գործող անձ» (Homo agendi) անվանակարգում:
«Մենք մեր աշխատանքի մեջ չենք կարողանում տեսնել մեր թերություններն ու առավելությունները, բայց լրագրողներն ամեն ինչ տեսնում են: Միշտ դիպուկ, անզիջում՝ պայքարում, իշանություններին միշտ ցույց են տալիս իրենց թերությունները: Հենց լրագրողներից պետք է սկսվի փոփոխությունը»,- ավելացնում է նա:
Լրագրողները շարունակում են պատմել փոփոխությունների մասին, իսկ Թվապատումը` գնահատել նրանց աշխատանքը: Թվապատում մրցույթին, որի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների, տեղական ինքնակառավարման, հաշվետու ու թափանցիկ կառավարման, սոցիալական ոլորտների հարցերի ու խնդիրների լուսաբանումը, մեծ թվով նյութեր են ներկայացվել՝ 76 լրագրողների 131 նյութ 35 լրատվամիջոցից:
«Մենք փորձում ենք որակյալ նյութի միջոցով խոսել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Ես չեմ խոսում բարեփոխումների մասին, որովհետև լրագրողների նյութերի միջոցով հանրությունը միայն պետք է որոշի՝ դրանք բարեփոխումներ են, թե փոփոխություններ»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Մրցույթի չորս անվանակարգերում ներկայացված նյութերը մեդիա մասնագետներից կազմված ժյուրին երկար է քննարկել. գնահատելիս հաշվի է առել լրագրողական աշխատանքը, մրցույթի թեմաները, ստեղծագործական մոտեցումը ու նոր մեդիայի գործիքների օգտագործումը: Ժյուրիի կարծիքով՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա նյութերն ավելի որակյալ են, բայց լրագրողները դեռևս աշխատելու տեղ ունեն:
Ինչպես և անցյալ տարի, «Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք»-ի երկու հրապարակում՝ «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» և «Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»-ի հետքերով», որոնց հեղինակներն են Քրիստինե Աղալարյանը, Էդիկ Բաղդասարյանը և Մարինե Մադաթյանը:
«Ինձ համար շատ կարևոր է Թվապատում մրցույթը և շատ ոգևորիչ է երկրորդ անգամ մրցանակի արժանանալը: Մրցանակաբաշխությունից առաջ մասնակցեցի նաև վարպետանոցին, որտեղ ժյուրիի անդամներից մեկը նշեց, որ ամենալավ նյութերն անգամ հնարավոր էր ավելի լավ ներկայացնել: Համաձայն եմ: Սա ինձ համար չափանիշ է, և ես հաջորդ տարի կփորձեմ լրագրության նոր գործիքներն օգտագործել նյութս ավելի մատչելի դարձնելու ու ավելի մեծ լսարան գրավելու համար»,- ասում է «Հետք»-ի լրագրող Մարինե Մադաթյանը:
«Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում նույնպես մրցանակը բաժին ընկավ «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանին՝ «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութի համար:
«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգի մրցանակը շնորհվեց Անուշ Մուրադյանին՝ «ԱՐ» հեռուստաըներկության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութի համար:
Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթող ճանաչվեց ոչ միայն Սիվիլնեթի «Կանաչ հեղափոխություն» տեսանյութի հերոսը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը, այլև նյութի հեղինակ Գոհար Տեր-Հակոբյանը:
Հերոսի կերպարը բացահայտելու համար հատուկ մրցանակի արժանացավ Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Բարսեղյանը՝ «Հաղթահարելով քաղցկեղը» տեսանյութի համար, որի պատմության հերոսը Անի Հայկունին է:
«Սովորաբար տեսանյութերը նկարահանվում, մեկ անգամ ցուցադրվում են ու դրվում են դարակներում: Եվ վերջ: Իսկ այս մրցույթի միջոցով թե՛ նյութի մասին են ավելի շատ իմանում, թե՛ նյութի հերոսի: Նշանակում է՝ մի քանի անգամ կրկնապատկվում է լսարանդ: Թվապատումը մի յուրօրինակ հնարավորություն է ոլորտի մարդկանց աշխատանքներին ծանոթանալու, գնահատված զգալու»,- ասում է Լիլիթ Բարսեղյանը:
Լրագրողական հետևողականության համար հատուկ մրցանակ շնորհվեց Երանուհի Սողոյանին՝ «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից» հոդվածաշարի համար:
A1plus.am-ի «Մանկատան այլընտրանքը» նյութի հեղինակ Ռոբերտ Անանյանը և panorama.am-ի «Բարի մաման» հոդվածի հեղինակ Լալա Տեր-Ղազարյանը ստացան խրախուսական մրցանակներ:
«Թվապատմանը» աջակցություն ցուցաբերող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իր հատուկ մրցանակը հանձնեց Արման Սուլեյմանյանին՝ Սիվիլնեթում հրապարակված «2016-ից հաշմանդամությունն այլևս վարակիչ չէ» նյութի հերոսի ընտրության համար:
«Ես քվեարկում եմ.լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի հաղթողին կորոշեն ընթերցողները: Բոլոր անվանակարգերում ժյուրիի ընտրած լավագույն 20 աշխատանքները կդրվեն քվեարկության հոկտեմբերի 1-ից 31-ը մրցույթի կայքում:
«Թվապատում 2016-ը» կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: «Թվապատմանը» աջակցություն է ցուցաբերել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակը: Միջոցառման գլխավոր հովանավորն է Beeline-ը։ «Թվապատումը» համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Ինտերնյուսը:
Աննա Բարսեղյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: