«Իմ արտաքինը ժուռնալիստիկայի համար է, իմ ներսը՝ գրականության համար»:
Մասնագիտությամբ գրաքննադատ Մհեր Արշակյանը «Դեպքի վայրում» սովորաբար հայտնվում է որպես լրագրող, թեև մինչ օրս էլ կնախընտրեր զբաղվել գրականությամբ:
«Լրագրությամբ սկսել եմ զբաղվել 1995-ի հոկտեմբերից ընկերոջս՝ Նորայր Պողոսյանի առաջարկով, ով այն ժամանակ ՀՀՇ-ի լրատվականի պետն էր: Նրան հարցրի՝ ինչպե՞ս են հոդված գրում, ասաց՝ շատ պարզ. քանի որ իշխող կուսակցության լրատվամիջոցն է ու գործակալություն, առայժմ կարող ես բավարարվել զուտ տեղեկություն հավաքելով՝ տեղի ունեցավ…, ինչպես տեղեկացրեց…, այնուհետև նա նշեց…, և ավելացրեց…: Էդպես մտա լրագրություն: 98-ի իշխանափոխությունից հետո տեղափոխվեցի «Հայք», որտեղ խմբագիրս՝ Տիգրան Հակոբյանը, սովորեցրեց լինել լրագրող բոլորովին այլ վիճակներում: 99-ին սկսեցի աշխատել «Ա1+»-ում, որտեղ եկա ամբողջական ձևի մեջ՝ իմ ֆիզիկական և մտավոր սահմաններում»:
Մինչ «լրագրությունը որպես կյանքի մարտահրավեր ընդունելը» Մհերը հույս ուներ զբաղվել իր մասնագիտությամբ` ընդունվել ասպիրանտուրա, աշխատել որպես գրականության դասախոս:
«Առ այսօր երազում եմ զբաղվել գրականությամբ, առ այսօր ուզում եմ խոսել գրականության, ոչ թե ժուռնալիստիկայի մասին: Ենթադրում եմ, որ դա ինձ երբեք չի հաջողվի… որովհետև ես չընդունվեցի ասպիրանտուրա, ու որպես գրաքննադատի իմ տեղը ոչ ոք չգիտի»:
Մհեր Արշակյանն ասում է, որ երբեք լրագրությունը չի սիրել, որ այն ոչ թե համակրանքի, այլ աշխատանքի մասնագիտություն է. «Չեմ սիրել, բայց հաճույքով եմ արել: Լրագրության միջոցով կարողանում ես ներսումդ եղած ցնցումը քեզնից դուրս բերել»:
Հրապարակախոսությու՞ն, թե՞ լրատվություն. նախապատվությունը երկրորդին է տալիս:
«Թեև հրապարակախոսությունն ավելի մոտ է քո գրական լեզվի դրսևորմանը, բայց լրագրության չամիչը մի քիչ ուրիշ է: Ի տարբերություն հրապարակախոսության, լրագրությունը սահմաններ ունի, ու ինձ հաճելի է իմ ներքին ազատությամբ խաղալ էդ սահմանների հետ: Հրապարակախոսության մեջ ի սկզբանե ազատ ես»:
Մհերի համար Սիվիլնեթի իր լսարանն ավելի տեսանելի է, քանի որ «հրապարակախոսական տեքստի հանդեպ վերաբերմունքը նույնքան հրապարակային է: Իսկ ռեպորտաժն, ընդհակառակը, հաճախ կարող է մարդուն ներփակել իր մեջ»: Փոխարենն ավելի բաց են հենց ռեպորտաժի հերոսների էմոցիաները, հատկապես դեպքի վայրում:
«Ակցիաների ժամանակ հենց մասնակիցներն են օգնում քեզ դրսևորվել որպես լրագրող, որովհետև դեմքերը շատ են, ընտրության մեծ բազա կա, յուրաքանչյուրը մի կերպարով է մտնում էդ բողոքի գործողության մեջ ու նրանց բերած համը ռեպորտաժին շատ խայտաբղետ է»:
Մհերն ասում է, որ սիրում է մարզերում աշխատել, իսկ Երևանի խնդիրներն իրեն բացարձակ հետաքրքիր չեն:
«Մարզերից ավելի շատ են գնում (Հայաստանից, խմբ.), որովհետև մարզի բնակչի խնդիրները շատ անտեսված են, որովհետև մարզի բնակիչն իր բողոքն արտահայտելու հնարավորություն չունի: Մարզի բնակչի չընտրած իշխանությունը Երևանում է, որտեղ երևանցի չընտրած ընտրողը մուննաթ է գալիս նրա (իշխանության, խմբ.) վրա: Իսկ մարզի բնակիչն էդ ճանապարհը շատ երկար է անցնում, դրա համար մնում ու եփվում է իր խնդիրների մեջ»:
2006-2011 թթ-ին Մհեր Արշակյանն աշխատել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրում:
«Դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին երկու և Սերժ Սարգսյանի նախագահության առաջին երեք տարիներն էին… Հաճախ եմ խոսում խաղի կանոններից: Նախ հստակեցնում եմ դրանք, հետո մտնում խաղի մեջ: Հանրային գնալիս ասացի, տղերք, ես գալիս եմ, բայց չի լինի ոչ մի նյութ, որտեղ Քոչարյանը կամ Սարգսյանը իմ գրչով երևան դրական լույսի ներքո»:
Իսկ Մհերին Հանրայինում խնդրեցին «համը չհանել»: Հիմա որպես «Ա1+»-ի լրագրող իրեն ավելի ազատ է զգում:
«Այստեղ «համը չեմ հանում», քանի որ չկա նա, ում քիմքին իմ գրածը հաճելի չէ, ով կասի՝ Մհեր էս մասը պետք ա կտրտվի, էստեղ կարելի է դաժանությունը ներկայացնել իր ողջ մերկությամբ»:
Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: