Վախերը, տագնապները, սարսափները լինում են ոչ միայն անձնական ու կոլեկտիվ, այլեւ խիստ մասնագիտական:
Լրագրողի աշխատանքին ուղեկցող սարսափները, որոնք առանձնացրել ենք, իհարկե, չեն փոխանցում ամբողջական պատկերը, քանի որ լրագրողները յուրահատուկ բաներից են վախենում: Անգամ ամենաքաջերը:
1. Հանդիպման ժամանակ «նստում» է տեսախցիկի կամ ձայնագրիչի մարտկոցը: Գիտես, որ ձայնագրություն կամ տեսագրություն չես ունենա… արթնանում ես սառը քրտինքով:
2. Համակարգիչը «կախում է» (հոսանքազրկվում է շենքը, քաղաքը, հանրապետությունը), իսկ դու չես հասցրել «save» անել նյութդ: Գործդ ջուրը լցվեց:
3. Զանգահարում է գլխավորը ու խնդրում… Կարեւոր չէ, թե ինչ է խնդրում, կարեւորը խնդրում է: Արժե միանգամից անհանգստանալ:
4. Ինֆորմացիան կա, իսկ ինֆորմացիան հաստատող աղբյուր չկա: Ստիպված ես մեջդ պահել: Գրե՞լ, թե՞ չգրելու մշտական երկընտրանքը կրծում է հոգիդ:
5. Երբ պահանջում են «էքսկլյուզիվ» նյութ գրել: Ու դու ստիպված այդ բառն ավելացնում ես նյութին:
6. Երբ ասում են «Հարցերը ուղարկեք գրավոր»: Ուզում ես մի ծանր ու մեծ քար վերցնել ու … սեպագիր պատասխան ուղարկել:
7. Լուրի աղբյուրը խոստանում է հինգ րոպեից հետ զանգահարել ու հաստատել տեղեկությունը: Սպասում ես: Զանգ չկա: Լուրը հնանում է, իսկ հետո փտում: Դադարում ես քեզ լիարժեք մարդ զգալ:
8. Չորս նյութ պիտի գրես, բայց սկսել ես դեռ մեկը: Վաղը պիտի հինգ նյութ գրես, բայց սկսել ես դեռ մեկը:
9. Ասուլիսի ժամանակ բոլորը (բացի քեզանից) ապուշ ու երկար հարցեր են տալիս: Սարսափում ես, որ ամենախելացին միայն դու ես:
10. Գրելու բան չկա: Մշտական ու ամենասարսափելի սարսափը, առանց որի լրագրողը լրագրող չէ:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: