2015.06.11,

Նյուսրում

Հայաստանի ոստիկանությունն ու «SOS»-ը կհանդիպեն դատարանում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ու ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը եւ Սերգեյ Զաքարյանը դատական հայց են ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար:

Ոստիկանները վիրավորվել են հաղորդաշարի 2015 թվականի մայիսի 24-ի «G7» վերնագրով 11-րդ թողարկումից, որտեղ հայցադիմումի համաձայն՝ իրենց հասցեին հնչել են «մենք՝ Գ ու հենց-ընենց յոթերս, ՀՀ քաղաքացու պաշտպաններ ենք, ծառաներն ու բարեկամները», «շան տղերք» «վերջերս մեր զաբոռալպստման բաժին ահազանգ եղավ» արտահայտությունները:

Հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից եւ Սերգեյ Զաքարյանից, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին վճարել փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով:

Դատարան դիմելուց առաջ ոստիկանությունը բողոք է ներկայացրել YouTube-ին՝ «SOS»-ի 11-րդ թողարկման մեջ ոստիկանության կադրերը հեղինակային իրավունքի խախտմամբ օգտագործելու համար: YouTube-ը ժամանակավորապես արգելափակել է հաղորդումը, եւ, ինչպես նշված է հայցադիմումում, տեղեկացրել, «որ 10 աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանության կողմից իրավախախտում թույլ տված անձի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ ապացույց իրենց չներկայացնելու դեպքում կարող է տեսանյութի արգելափակումը վերացվել»:

«SOS» հաղորդաշարի հեղինակների խոսքով՝ ոստիկանության կայքի տեսանյութը օգտագործելիս չեն իմացել, որ այն հեղինակային իրավունքի օբյեկտ է:

«Մենք կարծել ենք, թե ոստիկանության կայքում տեղադրված տեսանյութերը ազատ օգտագործման համար են»,- ասում է հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանի խոսքով՝ «02» հաղորդաշարից կադրեր օգտագործելու մեջ հեղինակային իրավունքի խախտում չկա:

«Մի կողմից՝ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի համաձայն՝ նորությունների եւ ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ, մյուս կողմից՝ տեղեկությունն առանց ոստիկանության հարցնելու` ոստիկանության կայքից վերցնելը ամբողջությամբ տեղավորվում է տեղեկատվության ազատության իրավունքի համատեքստում, քանի որ դա պաշտոնական տեղեկատվություն է՝ ստեղծվում է ոստիկանության կողմից, տարածվում է ոստիկանության կայքով եւ հրապարակվում օգտագործելու համար: Իսկ տեղեկատվության ազատության մասին օրենքը ներառում է եւ’ տեղեկություններ փնտրելը (ոստիկանության կայքը բացել կարողանալը), եւ’ տեղեկությունները ստանալը (կայքում հրապարակված տեղեկատվությանը հաղորդակից լինել կարողանալը), եւ’ տեղեկության փոխանցումը, եւ’ տեղեկության տարածումը»,- ասում է Գեւորգ Հայրապետյանը:

Իրավաբան Մովսես Հակոբյանը գտնում է, որ ոստիկանության բողոքը YouTube-ին անհիմն է եղել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ տեսանյութը կարելի է օգտագործել պարոդիայի նպատակով՝ առանց հեղինակի թույլտվության:

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի համաձայն՝ ազատ օգտագործմամբ թույլատրվում է հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ»,- ասում է Մովսես Հակոբյանը:

Հունիսի 1-ին ոստիկանությունը դիմել է դատարան վիրավորանքի հայցով:

Ոստիկանության անունից դատարան դիմած՝ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը 1in.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ հաղորդաշարի հեղինակները դիտավորյալ եւ նպատակաուղղված են արել վիրավորական արտահայտությունները՝ նսեմացնելու ոստիկանության հեղինակությունը հասարակության մեջ։

«Մինչեւ հիմա էլ եղել են ոստիկանությանը քննադատող հաղորդումներ, բայց մենք առաջին անգամ տեսանք այդպիսի բացառիկ ցինիզմի դրսեւորում մի ամբողջ համակարգի ծառայողների նկատմամբ, որոնք ունեն երեխաներ, ընտանիքներ, եւ այդպիսի արտառոց հեգնանքի հաղորդում եթեր հեռարձակելը հումորի հետ որեւէ աղերս չունեցող բան է»,- ասել է նա:

Հաղորդաշարի հեղինակները գտնում են, որ իրենք ոստիկանությանը որեւէ վիրավորանք չեն հասցրել:

«Իրենք են իրենց վրա վերցրել: Նույնն է, թե 50 հոգու ներկայությամբ հայհոյես, մեկը վիրավորվի, ասի՝ ինձ ես հայհոյել»,- ասում է «SOS» հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանությունը չի կարող վիրավորվել, քանի որ պատիվն ու արժանապատվությունը ֆիզիկական անձին վերաբերող հատկանիշներ են:

«Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտությունն է: Պատիվը քաղաքացու հոգեւոր, սոցիալական հատկանիշների գնահատականն է, իսկ արժանապատվությունը՝ անձի կողմից սեփական հատկանիշների գնահատումը: Այսինքն՝ պատիվն ու արժանապատվությունը կոնկրետ ֆիզիկական անձի որակների մասին ձեւավորված կարծիքն է հասարակության մեջ»,- ասում է նա:

Գեւորգ Հայրապետյանը նշում է, որ վիրավորանք հնարավոր է նաեւ իրավաբանական անձի հանդեպ, եթե այս կամ այն արտահայտությամբ արատավորվում է նրա գործարար համբավը:

«Սակայն հարց է առաջանում. ոստիկանությունը, որը պետական մարմին է, ունի՞ գործարար համբավ: Կարծում եմ` ոստիկանությունն ընդհնարապես գործ չունի բիզնեսի եւ գործարարության հետ, հետեւաբար չունի նաեւ գործարար համբավ: Եվ եթե անգամ, ըստ ոստիկանության, «բարի համբավ» եւ «գործարար համբավ» տերմինները նույնացվում են, այս դեպքում ոստիկանությունը, միեւնույն է, որոշակիորեն սխալվում է, քանի որ «բարի համբավ»-ի բովանդակությունը իրավական ակտերում բացահայտելով՝ օրենսդիրը համարել է, որ բարի համբավը արժանապատվությունն ու գործարար համբավն են»,- ասում է նա:

Ոստիկանությունն ընդդեմ «SOS» հաղորդաշարի նախնական դատական նիստը կկայանա 2015 թվականի հուլիսի 28-ին ժամը 15.00-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *