2013.10.29,

Նյուսրում

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» շրջիկ ցուցահանդեսի մարզային ցուցադրությունների շարքը եզրափակվեց Կապանում

Ավարտվեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) «Լրատուն մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում կազմակերպված «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» շրջիկ ցուցահանդեսի մարզային  ցուցադրությունները: 

Շրջիկ մուլտիմեդիա ցուցահանդեսի վերջին կանգառը Կապանն էր, որտեղ 6 օր շարունակ՝ հոկտեմբերի 22-27-ը, կապանցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանման պատմությանը: 

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով՝ սա տվյալ նշանակալի իրադարձության վերաբերյալ կազմակերպված առաջին մուլտիմեդիա ցուցահանդեսն է, որը շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքն է:

Կապանի մշակույթի կենտրոնի ցուցասրահում տեղակայված տաղավարները կապանցիներին էին ներկայացնում հայկական եւ սովետական ռուսալեզու մամուլի 505հրապարակումներ, թերթերի առաջին էջերում տեղ գտած հոդվածներ, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր,  բացառիկ ցուցանմուշներ։

«Սա հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր կապ չունեն լրագրության հետ, ծանոթանալ խոհանոցին, համեմատել տարբեր ժամանակաշրջանի լրատվամիջոցների աշխատանքը, բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը, իսկ լրագրողների եւ ուսանողների համար սա մի բացառիկ նյութ է, որտեղ ներկայացված է մի իրադարձության պատմություն՝ հետազոտություն, ցուցանմուշներ եւ այլն»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:

Ցուցահանդես այցելած մշակույթի գործիչ, կապանցի Սուսաննա Մարտիրոսյանը հիշեց, որ 1988թ.-ին երկրաշարժի օրը հենց այս նույն շենքում էր գտնվում, երբ զանգեցին ու տեղեկացրեցին, որ աղետ է եղել եւ շատ արյուն է պետք: Հավաքեց կոլեկտիվին եւ աշխատողների հետ շտապեց Կապանի հիվանդանոց՝ արյուն տալու, որտեղ այդ պահին նաեւ իր ամուսինն էր արյուն հանձնում: Այդ ժամանակ Կապանի շատ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներ էին շտապում իրենց արյունը նվիրաբերելու՝ ի փրկություն աղետի գոտու վիրավորների, ինչպես նաեւ հագուստ եւ առաջին անհրաժեշտության իրեր հավաքում եւ ուղարկում երկրաշարժի գոտու կարիքավոր բնակիչներին:

«Իմ ուղեղի մեջ այդ հիշողություններն իսկույն եկան… Բացի այդ, ինձ մոտ մի միտք ծագեց. Կապանն այն քաղաքն է, որ պատերազմ է տեսել, բայց շատ էջեր մնացին չլուսաբանված,  ցուցահանդեսի կազմակերպիչներին խնդրեցի, որ եթե լինի այսպիսի հնարավորություն, մի ծրագիր էլ նվիրեն մեր քաղաքի պատերազմական օրերին: Բաներ կան, որ մենք կորցնում ենք ժամանակի հետ, մարդկանց, ովքեր նաեւ տեսել են, զգացել են, ինչ-որ փոքրիկ օգտակար բան են արել…», – նշեց տիկին Սուսաննան:

Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Լրատուն»-ն անդրադառնալու է նաեւ Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությանը, այդ թվում նաեւ Ղարաբաղյան շարժմանը եւ հնարավոր է նաեւ նյութերի հետքերով լինեն Կապանում:

Սուսաննա Մարտիրոսյանը, ով նաեւ «Ծիածան» կրթական կենտրոնի նախագահն է, հիացած էր կազմակերպված ցուցահանդեսով եւ այն շատ օգտակար համարեց բարձր դասարանների եւ ապագայում լրագրող դառնալու ցանկություն հայտնած իր աշակերտական խմբի անդամների համար: «Մենք երեխաներ ունենք, որոնք ընտրել են լրագրության բնագավառը, առիթը համընկավ, նրանց համար սա մեծ դաս էր, հնարավորություն՝ շփվելու կենդանի լրագրողի հետ եւ ծանոթանալու փաստավավերագրական աշխատանքներին: Նորագույն տեխնիկան հնարվորություն տվեց երեխաներին տեսաձայնագրվելու, սա շատ հետաքքիրր փորձ էր եւ շատ հետաքրքիր ցուցահանդես», – հավելեց նա:

Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիամը ապագա լրագրող դառնալու մեծ ցանկություն ունի, ոլորտին ծանոթանալու, լրագրողի աշխատանքին ու ցուցադրված նյութերն ուսումնասիրելու համար էր եկել ցուցահանդեսի սրահ: Տեղում լսելով երկրաշարժի գոտում աշխատած լուսանկարիչներից մեկի հարցազրույցը, թե ինչպես էր նա լուսանկարչական ապարատի գոյության մասին մոռացել ու անցել մարդասիրական օգնության, անկեղծացավ, որ ինքն էլ լուսանկարչի փոխարեն նույնը բանը կաներ, քանի որ ցանկացած լավ մասնագետի մոտ այդ պահին նախեւառաջ կարթնանար մարդկայինը: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտության ձեռնարկ է ստեղծել՝ դպրոցներում արտադասարանական եղանակով պարապմունքներ անցկացնելու համար: Ողջ հանրապետությունում հայտարարված մրցույթում հաղթել է ընդամենը 5 ուսուցիչ, այդ թվում նաեւ Կապանի համար 5 հիմնական դպրոցի անգլերենի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աղագուլյանը, ում էլ հանձնվեց դրամաշնորհը՝ դասընթացն անցկացնելու համար:

«Շաբաթը երկու անգամ դպրոցում պարապմունքներ եմ անցկացնում, աշակերտների մոտ շատ մեծ է հետաքրքրվածությունը, փորձում եմ նրանց պատկերացում տալ մեդիայի մասին: Քանի որ մենք մայրաքաղաքից շատ ենք կտրված, այս ցուցահանդեսը մի բացառիկ հնարավորություն էր մեր աշակերտների համար, նույնիսկ նրանցից մեկը տեղում որոշեց փոխել մասնագիտության ընտրությունը եւ իրեն փորձել լրագրության մեջ», – ասաց Անահիտ Աղագուլյանը:

Կապանում ցուցահանդեսին մասնակցած շատ քաղաքացիներ հույս ունեն, որ օրերից մի օր էլ այս նույն դահլիճում նմանատիպ մի ցուցահանդես կներկայացնի ռմբակոծված Կապանի պատերազմական դաժան օրերի չլուսաբանված էջերը թեմայով:

Մերի Սողոմոնյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *