Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է:
Այն հռչակել է Միացյալ ազգերի կազմակերպությունը 1993 թվականին՝ մամուլի ազատության կարեւորության մասին իրազեկությունը բարձրացնելու եւ կառավարություններին հիշեցնելու արտահայտվելու ազատությունը հարգելու եւ աջակցելու իրենց պարտականության մասին, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով:
Մամուլի ազատության համաշխարհային օրը հնարավորություն է՝
- տոնելու մամուլի ազատության հիմնարար սկզբունքները
- գնահատելու մամուլի ազատության վիճակն ամբողջ աշխարհում
- պաշտպանելու մեդիայի անկախությունը ոտնձգություններից
- հարգանքի տուրք մատուցելու այն լրագրողներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս
Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրը նշում է իր 20-ամյակը:
2013-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է՝ «Անվտանգ խոսք. խոսքի ազատության պաշտպանություն մեդիայի բոլոր տեսակներով», որը կենտրոնանում է մասնավորապես լրագրողների պաշտպանության խնդիրների, արտահայտվելու ազատության դեմ հանցագործության դեմ պայքարի, ինչպես նաեւ որպես ապահով Ինտերնետի նախապայման՝ ազատ եւ բաց Ինտերնետի պաշտպանության վրա:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Ֆրանսիական Atlantique Վիզուալ հաղորդակցության դպրոցի ուսանողները եւ Fabrica-ի ստեղծագործողները ստեղծել են այս տեսանյութերը:
Արտահայտվելու ազատությունը տարածվում է մեդիայի բոլոր տեսակների, այդ թվում՝ բլոգների, Facebook-ի, Twitter-ի, YouTube-ի եւ սոցիալական այլ ցանցերի վրա:
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված գրառումներին կարելի է հետեւել Twitter-ում #WPFD եւ #pressfreedom հեշթեգով:
Տարբեր միջազգային կազմակերպություններ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ավանդաբար ներկայացնում են Հայաստանում մամուլի ազատության իրենց գնահատականները: Հիմնական գնահատողներն են Freedom House-ը (Մամուլի ազատություն), IREX –ը (Մեդիա կայունության ինդեքսը) եւ «Լրագրողներ առանց սահմանների» (Մամուլի ազատության ինդեքս) կազմակերպությունները:
Freedom House-ի գնահատականն է 61 հնարավոր 100-ից (Ոչ ազատ)
(անցյալ տարի ցուցանիշը 65 միավոր էր)
Freedom House-ի գնահատականի դեպքում թիվը որքան մոտ է 0-ին, այնքան վիճակն ավելի բարենպաստ է:
Հայաստանում որոշակի խոստումնալից զարգացումներ են եղել տարվա ընթացքում: Շատ առաջխաղացումներ եղել են նոր կառավարության համատեքստում: Նոր կառավարությունը կա՛մ հետ է կանչել սահմանափակող իրավական եւ կարգավորող դրույթները, կա՛մ գործելու համար ավելի մեծ տեղ է հատկացրել քննադատորեն տրամադրված լրատվամիջոցներին:
Նախընտրական քարոզարշավը հավասարակշռված եւ բաց է լուսաբանվել, ինչը ընդդիմադիր կուսակցություններին օգնել է շահեկան վիճակում հայտնվել:
Նկարը՝ Միջազգային լրատվամիջոցների աջակցության կենտրոնի՝ CIMA
IREX –ի գնահատականն է 2.12 հնարավոր 4 միավորից
(նախորդ տարի այն 2.01 էր)
IREX-ի Մեդիա կայունության ինդեքսի իդեալական գնահատականը 4-ն է: Որքան թիվը փոքր է, այնքան երկիրը ոչ բարենպաստ վիճակում է: Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
2013-ին Հայաստանը բարելավել է իր Մեդիա կայունության ինդեքսը, թեեւ շատ դեպքերում առաջընթացը չնչին է եղել: Կարեւոր ձեռքբերումը խոսքի ազատության իրավունքի ոլորտում է եղել, թեեւ 2010 թվականի զրպարտության ապաքրեականացումը լրատվամիջոցներին ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ:
Զրպարտության ապաքրեականացումից հետո կրճատվել է զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցերի թիվը, որոնք վտանգում էին որոշ լրատվամիջոցների գոյությունը:
Նախորդ ընտրությունների լուսաբանման համեմատ խորհրդարականական ընտրությունների հեռուստատեսային լուսաբանումը ավելի հավասարակշռված է եղել:
Հանրային լրատվամիջոցների անկախությունը, մասնավոր լրատվամիջոցների պատկանելիության թափանցիկությունը եւ նշանակալից առեւտրային ասոցիացիաները դեռեւս շարունակում են կարեւոր գործոններ մնալ մեդիայի վիճակի հետագա բարելավման եւ կայունացման համար:
Լրագրողներն առանց սահմանների գնահատականն է 74 հնարավոր 179
(նախորդ տարի այն 101 էր)
Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: