Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի «Ասպարեզ» օրաթերթը 2013թ.-ի հունվարից Վանաձորում թղթակցական կետ է բացել: Թերթի հիմնադիր և խմբագիր Լեւոն Բարսեղյանն ասում է, որ աստիճանաբար ավելի շատ տեղ են տալու Վանաձորից ստացվող հոդվածներին, փորձելու են Գյումրին ու Վանաձորը համեմատող լրագրողական նյութեր հրապարակել:
«Կլինեն հոդվածներ` համանման խնդիրների կամ ոլորտների մասին` Գյումրի-Վանաձոր, Շիրակ-Լոռի… Ավելի ենք շեշտադրելու հետաքննական, հետազոտական և վերլուծական լրագրությունը»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:
Վանաձորում «Ասպարեզ»-ի համար աշխատող վեց լրագրողներից մեկը՝ Հրաչ Հովհաննիսյանը, պատմում է, որ իր հոդվածներն առայժմ միայն ինտերնետում է կարդում, քանի որ թերթն առայժմ միայն Գյումրիում է տարածվում: Հրաչը սպասումով հետեւում է կայքում իր հոդվածի դիտումների քանակին, սոցիալական ցանցերում հոդվածների արձագանքին:
«Հայաստանի ձայնը» ծրագրից դուրս մնացած երգչուհի Աննա Ավետյանի մասին նյութս 900 դիտում ունեցավ, մինչև հիմա էլ մեկնաբանությունների քանակն անընդհատ ավելանում է»,- ոգեւորված պատմում է Հրաչը:
Լեւոն Բարսեղյանն ասում է, որ վանաձորյան թեմաներով նյութերն առայժմ չեն ազդում Գյումրիում թերթի վաճառքի վրա: «Ասպարեզն» առանց այդ էլ վնասով է աշխատում. 300 տպագիր օրինակից իրացվում է մոտ 250-ը: «Դեֆիցիտը հիմա փակում ենք հիմնադիրներս` մեր անձնական միջոցներից: Հավատում եմ, որ մի օր կհասնենք ինքնածախսածածկման մակարդակի»,- ասում է Լևոն Բարսեղյանը:
Փետրվարի կեսերից թերթը կտարածվի նաև Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում և Ստեփանավանում: Լևոն Բարսեղյանի կարծիքով` «չնայած տեխնոլոգիական առաջընթացին` Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքները տեղական օրաթերթ պիտի ունենան»:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: