Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հեռուստա- եւ ռադիոընկերությունների հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածի մոնիտորինգի արդյունքները:
Դիտարկումն իրականացնելիս ՀՌԱՀ-ը հաշվի է առել՝
- ընտրություններին մասնակցող թեկնածուներին անվճար կարգով տրամադրված եթերաժամանակը
- ընտրություններին մասնակցող թեկնածուներին վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակը
- հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության տեւողությունը
- լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման տեւողությունը:
Մոնիտորինգի են ենթարկվել «Հ1», «Արմենիա», «Շանթ», «h2», «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Ա-թիվի», «Երեւան», «Ար», «Արմնյուզ», «Լայմ», «Միր», «Շանթ»-ի Գյումրի հեռուստածրագիրը», «Գալա», «Ցայգ», «Լոռի թիվի», «Անկյուն գումարած 3», «Աբովյան», «Գեղամա», «Սոսի», «Իջեւան» հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, «Ար ռադիո միջմայրցամաքային», 107 FM, «Ռադիո Հայ», “Русское радио”, «Ռադիո Վան», «Ռադիո Ավրորա», «Իմպուլս», Գյումրիի «Ռադիո Շանթ» ռադիոընկերությունները:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի գնահատմամբ՝ հեռուստաընկերությունների գործունեության մեջ Ընտրական օրենսդրության եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի պահանջների խախտում չի արձանագրվել:
«Մոնիտորինգը ցույց է տվել, որ իրականում խտրականություն չի եղել հեռուստաընկերությունների կողմից հրավերների իմաստով, ուղղակի յուրաքանչյուր թեկնածու ազատ է եղել ընտրելու՝ մասնակցել, թե չմասնակցել հաղորդմանը»,- ասում է Գրիգոր Ամալյանը:
ՀՌԱՀ նախագահի խոսքերով՝ մոնիտորինգի արդյունքներում լուսաբանման բացարձակ համաչափությանը բացակայությունը անկողմնակալության մասին չի վկայում:
«Իրավունքի երաշխավորումը եւ պայմանների համարժեքությունը պիտի գնահատենք ոչ թե թվային բացարձակ հավասարության տեսակետից, այլ թե արդյոք ստեղծվել են համապատասխան հնարավորություններ թեկնածուների համար: Հաշվի առնելով թեկնածուների քարոզչական տակտիկական առանձնահատկությունները՝ նրանցից ոմանք ուղղակի հրաժարվում են ընդունել հեռուստաընկերությունների հրավերները»,- ասում է Գրիգոր Ամալյանը:
Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ բոլոր հեռուստա- եւ ռադիոընկերությունները միասին ամենշատ եթերաժամանակը տրամադրել են Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 2160 րոպե, Սերժ Սարգսյանին՝ 1604 րոպե, եւ Պարույր Հայրիկյանին՝ 1008 րոպե, ամենաքիչը՝ Վարդան Սեդրակյանին՝ 592 րոպե:
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը եթերաժամանակի չափով առաջատար են նաեւ առանձին վերցված հեռուստա- եւ ռադիոընկերությունների հաղորդումներում:
Ինֆոգրաֆիկայում ներկայացված են թեկնածուներին հատկացված րոպեները՝ առանց վայրկյանների:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: