2012.11.12,

Նյուսրում

Գորիսի 10 գյուղերի համար բլոգներ են ստեղծվել

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի 10 գյուղեր արդեն մեկ ամսից ավելի է, ունեն իրենց բլոգները, որոնք ստեղծվել են գյուղական համայնքների ակտիվ երիտասարդների կողմից: Գյուղերի երիտասարդները, օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները,  նպատակ են ունեցել ներկայացնել իրենց հայրենի գյուղերն ու ճանաչելի դարձնել դրանք ամբողջ աշխարհին:

Երիտասարդ բլոգերները նորաստեղծ հարթակներում տեղադրել են գյուղերի մասին պատմող բազմաբովանդակ նյութեր` սկսած պատմության նկարագրից, վերջացրած՝ ներկայումս տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններով:

Ներկայումս նշված բլոգները գործում են ակտիվ եւ մշտապես թարմացվում են նոր տեղեկություններով: Գորիսի գյուղերի համար բլոգներ ստեղծելու գաղափարը Սյունիքում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությանն էր, որն իրականություն է դարձել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվությունը որպես համայնքների զարգացման միջոց» ծրագրի շրջանակներում:

Բլոգները ստեղծվելուց մոտ մեկ ամիս անց` նոյեմբերի մեկի դրությամբ նորաստեղծ հարթակներն արդեն 11 հազար 300 այցելու են ունեցել: Նախքան բլոգների ստեղծումը, ընտրված 10 գյուղերի` Խնձորեսկի, Վերիշենի, Ակների, Խնածախի, Խոզնավարի, Վաղատուրի, Շինուհայրի, Քարահունջի, Տեղի, Քարաշենի երիտասարդների համար կազմակերպվել են գործնական դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդները սովորել են բլոգներ ստեղծել եւ դրանց օգտագործման տեխնիկական հմտություններին տիրապետել:

«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մարատ Դադունցը նշում է, որ այդ համայքներն ընտրելիս հաշվի են առնվել բնակչության, երիտասարդների թիվը եւ համայնքում ինտերնետ կապից օգտվելու[[wysiwyg_imageupload:359:]] բաժանորդների քանակը:

«Ծրագիրը նպատակ ուներ համայնքաբնակ երիտասարդների մասնակցությամբ նպաստել համայնքների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը եւ համագործակցության խթանմանը ժամանակակից մեդիա ռեսուրսների օգնությամբ: Ուստի Սյունիքի մարզի 10 գյուղական համայնքներում ստեղծեցինք երիտասարդական ակտիվ խմբեր` յուրաքանչյուրը 5-7 անդամներով, եւ զարգացրեցինք նրանց ունակությունները ժամանակակից տեղեկատվական ռեսուրսների օգտագործման բնագավառում, որից հետո այդ երիտասարդների օգնությամբ պատրաստեցինք բլոգները», – ասում է Մարատ Դադունցը:

Այժմ այդ գյուղերի համար ստեղծված բլոգներում` Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր, Շինուհայր, Քարահունջ, Տեղ, Քարաշեն, պարբերաբար թարմացվում եւ տեղադրվում են նոր նյութեր, որոնք պատմում են գյուղերի հիմնախնդիրների, անվանի մարդկանց, համայքում անցկացվող միջոցառումների եւ իրականացված ծրագրերի մասին:

Շինուհայր գյուղի բլոգը ղեկավարող Հարություն Հարությունյանը դրական է գնահատում մտահաղացումը եւ նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ է համարում բլոգի ստեղծումը։

Նա կարծում է, որ բլոգը մեծ դերակատարում կունենա գյուղի կյանքում. նախ գյուղը կներկայանա աշխարհին, բարձրացված հիմնախնդիրներն էլ հնարավոր է լուծում ստանան:

«Այժմ միայն ես եմ հեղինակ, բայց մտադիր եմ սովորեցնել գյուղի մյուս երիտասարդներին, ավելացնել հեղինակների քանակը, որովհետեւ աշխատանք շատ կա անելու, իսկ ես մենակ չեմ հասցնում: Ճիշտ աշխատելու դեպքում հաջողության կհասնենք:[[wysiwyg_imageupload:360:]] Շինուհայրը ճանաչելի դարձնելու ոչ մի ինտերնետային հարթակ չկար, «Օդնոկլասնիկում» խումբ կար, բայց դա բավական չէր», – ասում է Հարությունը:

Տեղ գյուղի բլոգի հեղինակ Իրինա Գալստյանն ասում է, որ մեծ ոգեւորությամբ է ներգրավված այդ աշխատանքներին եւ կամավոր սկզբունքներով է այն անում, գյուղացիներն էլ օգնում են հին նյութերի, տարբեր փաստաթղթերի, լուսանկարների տրամադրման հարցում:

Հասցրել է բլոգում տեղադրել գյուղի, դպրոցի, հին եկեղեցու պատմության, Արցախյան գոյամարտի մասնակիցների, մերօրյա բարձրաստիճան զինվորականների, ստեղծագործող գյուղացիների մասին պատմող նյութեր:

Կայքի հիմնական այցելուները ծնունդով Տեղ գյուղացիներն են, ովքեր այսօր գյուղում չեն ապրում եւ բլոգից օգտվելով հետեւոմ են Տեղում տեղի ունեցող իրադարձություններին, մասնակիցը դառնում համայնքային կյանքի, բլոգային որոշ նյութերից էլ նոր բացահայտումներ անում:  

Նույն մեթոդներով են աշխատում նաեւ մնացած 8 բլոգերները, ովքեր հետ չեն մնում իրենց գործընկերներից եւ ակտիվորեն են ներգրավված այդ գործում:

Մերի Սողոմոնյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *