2011.01.18,

Նյուսրում

Լսողության խանգարումներ ունեցող երիտասարդները ՀՌԱՀ-ից պահանջում են չխախտել իրենց իրավունքները

«Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդները բաց նամակով դիմել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին: Նրանք մտահոգություն են հայտնել ՀՌԱՀ-ի կայացրած որոշման համաձայն ԱԼՄ հեռուստաընկերության եթերային հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ:

«ԱԼՄ ՀԸ միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում է ժեստերի լեզվով: Ուստի, հունվարի 20-ից «ԱԼՄ» ՀԸ հեռարձակման դադարից հետո, Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձիք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Թեպետ տարբեր հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները ուղեկցվում են նաեւ ինֆորմացիոն բնույթի վազող տողով, սակայն դրանք մատչելի եւ հասանելի չեն մեզ»,- գրված է նամակում: 

Լսողության խանգարում ունեցող երիտասարդները պահանջել են չանտեսել ՀՀ 3500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամնությունը` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը: Նրանք նաեւ խնդրել են պատասխան նամակում նշել թվային հեռարձակման լիցենզիա ստացած այն հեռուստաընկերությունները, որոնց մրցութային փաթեթներում ներառված են հաղորդումներ (լրատվական, ինչպես նաեւ այլ բնույթի)` ժեստերի լեզվի ուղեկցությամբ,  եւ թե արդյոք նախատեսվում է դրանց հեռարձակումը հունվարի 20-ից: 

«Այլապես ԱԼՄ-ի հեռարձակման դադարեցմամբ դուք նպաստում եք խուլերի համայնքի մեկուսացմանը հասարակական իրադարձություններից` խախտելով ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը»,- ասված է նամակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *