2017.07.04,

Պատկեր

Լուրերն ու դրանց պաշտոնական հերքումը 1914 թվականին

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Պոլսում լույս տեսած «Ազատամարտ» պարբերականի 1914 թվականի մայիս ամսվա համարներից մեկում տպագրված է մի հերքում, որից կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին էին այն ժամանակվա սենսացիոն լուրերը, ինչ աղբյուրներից էին օգտվում լրագրողները, և ով էր հերքող կողմը:

Իր համարներից մեկում թերթը գրել է, թե երեք հոգանոց ավազակախումբը հարձակվել է հարսանքավորների վրա, փախցրել փեսային և խոշտանգել անտառում, իսկ հարսնացուն էլ վախից հիվանդանալով՝ մահացել է:

Թերթը հրապարակել է լուրը, հղում անելով Սամսոն քաղաքի կառավարությանը: Դեպքի վերաբերյալ հերքումով հանդես է եկել մամուլի վերատեսչությունը՝ մասամբ հղում անելով Քյոքլիք գյուղի ծերերի ժողովին:

Հերքման տեքստը հետևյալն է.

Հերքում մամուլի վերատեսչությունից

Մամուլի վերատեսչությունից երեկ երեկոյան ստացանք հետևյալ պաշտոնական նամակը.

«Ձեր թերթի ապրիլ 13-ի համարում գրված է, թե Քյոքլիք գյուղում հայկական հարսանիքի ժամանակ երեքհոգանոց ավազակախումբը հարձակվել է հարսանեկան թափորի վրա, փեսային փախցրել անտառ եւ խոշտանգել, և թե հարսն էլ վախից հիվանդանալով՝ մահացել է։

Սրա վերաբերյալ տեղեկություն էր պահանջվել Սամսոնի կառավարությունից։

Տրամադրված պատասխանում մեջ ասվում է, որ Քյոքլիք գյուղում հարսանեկան թափորի վրա հարձակելու, անտառ մարդ փախցնելու և խոշտանգելու դեպք չի գրանցվել։ Միայն թե, սրանից երկու ամիս առաջ նույն գյուղը հարս բերող անձանց է հանդիպել Տաղ-քյոյ գյուղից Սուլեյման անունով մեկը, ով Թահմազ օղլի անունով անձին հարցրել է, թե այնտե՞ղ է Ճերենիկը։ Սուլեյման անունով անձը նրանից պարտք ուներ առնելու, բայց Ճերենիկը պատասխանել է, որ այդ պահին փող չունի և որպես գրավ հանձնել էր իր ատրճանակը։

Փեսան այդ պահին հարսանքավորների մեջ չի եղել, իսկ հարսն էլ հետո հիվանդանալով՝ մահացել է, որը հաստատվել է գյուղի ծրերերի ժողովին տրված տեղեկություններով։

Այս է իրողությունը, որի հիման վրա շտապում ենք ուղղել և հերքել ձեր հրատարակությունը»:

Չի բացառվում, որ իրականում տեղի է ունեցել հայ-թուրքական հերթական միջադեպը, կամ թուրքերի ոտնձգությունը հայերի նկատմամբ: Ամեն դեպքում, «Ազատամարտ»-ն անաչառ է գտնվել ու հրապարակել նաև պաշտոնական հերքումը:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *