Ամերիկացի ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը այն վավերագրող լուսանկարիչներից է, որոնք նախընտրում են աշխատել աշխարհի թեժ ու վտանգավոր կետերում՝ պատմելու համար տեղի ունեցածը թարմ, անշտապ ու երբեմն՝ լուսանցքում հայտնված մարդկանց միջոցով:
Ադրիանեն առաջին անգամ մեկնեց Սուդան կարճ ժամանակով, բայց մնաց այնտեղ երկու տարի՝ վավերագրելով Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմը, նոր պետության ձևավորումը, միլիոնավոր զոհերի ու փախստականների կյանքը և ստեղծելով տպավորիչ ֆոտոպատմություններ:
Հետագայում նա լուսանկարեց նաև Բուրունդիում և Բիրմայում տեղի ունեցած բախումները: Նրա աշխատանքները տպագրվել են Al Jazeera, The Wall Street Journal, National Geographic, Time պարբերականներում: Իսկ ֆոտոշարքերը արժանացել են National Geographic-ի, World Press Photo-ի, Getty Images Emerging Photographers մրցանակներին ու պարգևներին:
Հայաստանում Ադրիանեն փորձեց նաև վերաիմաստավորել իր հայկական արմատները: «Կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ ճամփորդելով ու լուսանկարելով»,- ասաց նա «Ես եմ մեդիան» ձևաչափով հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:
Չխաբենք ո՛չ լսարանին, ո՛չ էլ ինքներս մեզ
Հիմա բոլորը կարող են լուսանկարել: Եվ ինչ ուզեն, այն էլ անեն իրենց լուսանկարների հետ՝ գրառումներ ավելացնել, խմբագրել, մանիպուլյացիաների ու ֆոտոշոփի ենթարկել: Եվ դա գնալով ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում մասնագիտական մեդիայի համար:
Որպես պրոֆեսիոնալ հասկանում եմ՝ կարևորն այն է, որ մարդիկ վստահեն պատկերներին: Հատկապես, երբ պատկերների հսկայական հոսք կա, այդ թվում նաև՝ սոցիալական մեդիայից: Դա խանգարում ու հիասթափեցնում է ինձ, քանի որ տեղեկատվական հեղեղի մեջ մարդիկ, որոնք իրենց գործին լուրջ են վերաբերում, դժվարանում են իրենց լուսանկարները ներկայացնել ու առաջ տանել:
Երևի պարզապես պետք է փորձենք ազնիվ լինել թե՛ մեր աշխատանքում, թե՛ մտադրություններում: Եվ հարց տանք՝ մենք իրականու՞մ լրագրող կամ վավերագրող ենք, թե՞ ոչ: Չխաբենք ինքներս մեզ:
Լուսանկարիչները հաճախ միջամտում են իրականությանը, ավելացնում, սրություն հաղորդում: Ես միշտ ցանկացել եմ անկեղծ լինել և ոչինչ չեմ ավելացնում: Ես ցույց եմ տալիս իրականությունը որպես փաստաթուղթ:
Ուզում եմ, որ իմ լուսանկարները օգտագործվեն հենց այն ժամանակ, երբ դրանք արվել են: Կամ էլ առնվազն որոշ ժամանակ անց, որպես վավերագրություն, որը կօգնի պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել ոչ վաղ անցյալում:
Իհարկե, ես էլ եմ ուզում, որ իմ լուսանկարները լինեն վիզուալ տպավորիչ: Դրանք դասավորում եմ, երկար ժամանակ մաքրում, քանի որ շատ դանդաղ եմ աշխատում: Միշտ երկար զրուցում եմ մարդկանց հետ՝ չշտապեցնելով նրանց: Սպասում եմ, որ հայտնվի իմ ուզած իրավիճակը, որը կարող եմ շրջանակել լուսանկարում: Արագ չեմ «չխկացնում»: Կարծում եմ՝ ոչ թե էմոցիոնալ, այլ ավելի գիտակցական ընտրություն եմ անում:
Փորձում եմ մեկ կադրում տեղավորել իրականությունը, բացատրել, թե ինչ է տեղի ունեցել:
Որպես ֆոտոլրագրող պետք է լինես դեպքի վայրում բոլորից շուտ և հեռանաս դեպքի վայրից բոլորից ուշ: Ես էլ հեռացա Հարավային Սուդանից բոլորից ուշ, և պարբերաբար նորից եմ լինում, քանի որ շատ եմ գնահատում ու սիրում այնտեղ ապրող մարդկանց: Նրանց հյուրընկալությունը, բարությունն ու հումորը դրդում են, որ կրկին վերադառնամ Դարֆուր:
Հարավային Սուդանում
2010 թվականին առաջին անգամ գնացի Սուդան, որտեղ պետք է տեղի ունենար հանրաքվե: Երկու տարի այնտեղ մնացի ու աշխատեցի, բայց ոչ մի լուսանկար չհրապարակեցի: Ֆոտոլրագրության մեջ ընդհանրապես ընթացքն ու արդյունքը նույնը չեն: Սկզբում ես համբերատար ուղարկում էի իմ լուսանկարները տարբեր լրատվամիջոցներին, բայց պատասխան չէի ստանում:
Ստիպված էի աշխատել տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ասելով՝ եթե ինձ ձեզ հետ տանեք, ձեզ համար կլուսանկարեմ: Բայց հիմա համագործակցում եմ տարբեր լրատվամիջոցների ու կազմակերպությունների հետ՝ արդեն վճարով:
Երբ առաջին անգամ գնացի Հարավային Սուդան, ոչ մի լրատվամիջոց ինձ չսատարեց, իմ միջոցներով գնացի: Բարդ էր այնտեղ աշխատելը: Բացի ճանապարհածախսից ու տեղաշարժման համար գումարից (ինչը բավականին մեծ էր), անհրաժեշտ էր լուծել անվտանգության խնդիրները: Ֆրիլանս լրագրող էի, չունեի պայմանավորվածություն որևէ լրատվամիջոցի հետ, քանի որ ինքս էլ չգիտեի, թե ինձ ինչ է սպասում: Շատերը ասում էին, որ Հարավային Սուդան մեկնելը ապուշ քայլ է:
Մանավանդ, որ այն փաստը, որ օտարերկրացի լրագրող ես, քեզ միանգամից դնում է հատուկ նշանառության տակ: Կառավարությունը թիրախավորում է հատկապես լրագրողներին և տարբեր կերպ խոչընդոտում նրանց մուտքը երկիր: Բայց ես ոչ մի րոպե չափսոսեցի իմ որոշման համար:
Եվ քանի որ ինքնակամ էի գնացել, ստացվել էր, որ տարածք էի մտել ապստամբների շնորհիվ, որովհետև կառավարական բանակն այնտեղ ոչինչ չի վերահսկում: Դա բարդ լրագրողական ընտրություն էր: Բայց հարկավոր է միշտ հիշել, որ որպես լրագրողներ մենք կոնֆլիկտի կողմ չենք:
Հարավային Սուդանում ես լուսանկարում էի ոչ թե պատերազմը, այլ մարդկանց, որոնք ապրում էին հակամարտության իրավիճակում:
Մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում՝ քարանձավներում, փոսերում և անընդհատ ենթարկվում են ավիահարվածների: Կառավարական զորքերի ռումբերը թափվում են մարդկանց վրա, որոնց միակ ցանկությունը հանգիստ ու ապահով ապրելն է: Չկան տարրական կենցաղային պայմաններ: Այդ թվում նաև հիվանդանոցներ: Այդտեղ է ապրում և աշխատում նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան, ում հետ հաճախ ենք հանդիպել Հարավային Սուդանում:
Ամեն ռմբակոծության ժամանակ երեխաները թաքնվում են փոսերում կամ քարերի արանքում: Դժվար է փոխանցել մարդկանց դժվարություններն ու ողբերգությունը: Եթե օրինակ, աշխարհում մի բարձրահարկ շենք է հրդեհվում, հնարավոր է լուսանկարով փոխանցել ողջ դրամատիկ իրավիճակը, իսկ երբ այրվում է աֆրիկյան մի փոքր հյուղակ, և վնասվում են, ասենք, երկու այծ և մեկ ուղտ, բարդ է փոխանցել դիտողին այն զգացումը, որ այդ հյուղակում ապրող ընտանիքն իրականում ամեն ինչ կորցրել է:
Շատերը չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում Սուդանում:
Ի վերջո, փախստական չեն դառնում սեփական կամքով: Ես չեմ ընդունում փախստականների ճգնաժամի մասին միակողմանի կարծիքները: Կարևոր է հասկանալ, որ շատ սուդանցիներ կուզեին վերադառնալ իրենց տները, պարզապես այդ տներն այլևս չկան:
Մարդիկ ուզում են բավարարել հիմնական կարիքները՝ ջուրը, սնունդը, պաշտպանությունը, խաղաղությունը: Առողջապահական ու կրթական խնդիրները սրվում են, երբ կառավարությունը չի ապահովում այդ տարրական պահանջները: Սուդանում պատերազմը ոչ թե հանուն համոզմունքների է, այլ հանուն կյանքի:
Եվ պատերազմը չի դադարում նաև այն պատճառով, որ երկիրը փակ է լրագրողների առջև: Մեդիան գրեթե չի լուսաբանում կատարվածը, քանի որ դա վտանգավոր տարածք է լրագրողների համար: Նրանք ձերբակալվում են, խոշտանգվում:
Վավերագրումը՝ դրսի և ներսի հայացքով
Դժվար է կողմնորշվել նաև այն պատճառով, որ կատարվածը չի արխիվացվում, քանի որ հակամարտությունը տարիներ շարունակ չի լուսաբանվել: Կարծես պետք է ամեն ինչ զրոյից բացահայտել:
Քաղաքացիական պատերազմը ամայացրել է Հարավային Սուդանը: Հազարավոր մարդկանց մասին այլևս տեղեկություն չկա, նրանք կամ սպանվել են կամ փախել ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Առաջին տարիներին ես փորձում էի ինքս ինձ համար քարտեզագրել մի քանի բնակավայրեր՝ հարցուփորձ անելով բնակիչների քանակի ու տեղաշարժերի մասին:
Դժվար է փոխանցել լայնամասշտաբ ավերածությունների ու սեռական բռնությունների դեպքերը: Ամեն անգամ ընտրության առջև ես կանգնում:
Երբեմն տեղացի բնակիչները կարծում են, որ արտասահմանցիները՝ բժիշկները, լրագրողները, հրաշքով հայտնված փրկիչներ են: Եվ շատ լավ կլիներ, եթե հենց տեղացի լրագրողները շատ լինեին, քանի որ հենց նրանք են տիրապետում ողջ ինֆորմացիային ու կարող են փոխել իրավիճակը:
Իհարկե, արտասահմանցի լրագրողներն ավելի թարմ հայացք ունեն ու ավելի պատրաստված են, և նրանցից ներքին ազատություն ու խիզախություն է պահանջվում, բայց փոփոխություն անել կարող են միայն տեղացիները: Այդ պատճառով շատ եմ կարևորում տեղական մեդիան:
Իսկ իմ աշխատանքը կարծես միջազգային օգնության պես մի բան է: Մարդիկ միշտ էլ բարի մտադրություններ ունեն, բայց չկա ավելի ուժեղ ու ազդեցիկ ուժ, քան այն, որը ծնվում է բնակչության ներսից:
Վերջին անգամ Հարավային Սուդանում էի 2016 թվականի ամռանը: Ինձ հետ առաջին անգամ եկած լրագրողը, տեսնելով իրավիճակը, ասում էր՝ ինչ սարսափելի է, երբեք այսքան վատ վիճակ չէի տեսել: Իսկ ես շրջելով մոտակայքում մտածում էի՝ կարծես թե, այնքան էլ վատ չէ, երկու տարի առաջ ավելի սարսափելի էր:
Ես նոր բան չէի տեսնում ու չէի զարմանում, կարծես ընտելացել էի մի իրավիճակի, որը ոչ մի դեպքում նորմալ չէ: Վստահ եմ, որ որպես լուսանկարիչ միշտ պետք է թարմ պահել հայացքը ու պատրաստ լինել տեսնել նորը: Այսպես ասած՝ ստուգել ինքդ քեզ լուսանկարչությամբ ու փորձել տեսնել մարդկանց ու իրավիճակը, կարծես առաջին անգամ ես տեսնում:
Պատրաստ լինել նորին
Բարդ է պահպանել թարմությունը առանց ձանձրանալու ու ընտելանալու: Ինձ համար Երևանում նորություն էին երգող շատրվանները: Ձեր հայացքը սովորել է ամեն օր տեսնել այդ շատրվանները, իսկ ես դրանք տեսա որպես հայտնություն: Շատրվանները, հին շենքերը միշտ կան, ինձ դրանք զարմացնում են, իսկ ձեզ՝ արդեն ոչ: Արևն էլ միշտ նույն սարի ետևից է ծագում: Դուք դա տեսնում եք ամեն օր:
Հուսով եմ, որ հաջորդ անգամ կլուսանկարեմ արդեն Հայաստանը, ոչ միայն Երևանի մի հատվածը:
Հիմա ես ապրում ու աշխատում եմ Քենիայում, որն ինձ համար խաղաղ մի վայր է, բայց միևնույն է պարբերաբար մեկնում եմ Հարավային Սուդան, քանի որ Դարֆուրում արված իմ պատմությունները միշտ ինձ հետ են և պետք է շարունակվեն ու զարգանան:
Կարծես զգում եմ, որ դեռ պետք եմ: Դեռ դեր ունեմ այդ երկրում:
Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: