2015.06.05,

հայՏեսակետ

«Ֆրանսիայի լրագրողներն ավելի լավը չեն, քան հայաստանցի լրագրողները»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վահե Տեր-Մինասյանը, որպես ազատ՝ ֆրիլանս լրագրող, երկար տարիներ աշխատում է առաջատար ֆրանսիական պարբերականների հետ՝(«Le Monde», «Libération», «France Arménie» և այլն):

Ֆրանսիայում ծնված ու ֆրանսերեն գրող Վահե Տեր-Մինասյանը 1992 թվականին առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո փորձում է ոչ մի կարևոր իրադարձություն բաց չթողնել: Ընտրությունների, քաղաքական վերափոխումների օրերին նա միշտ Հայաստանում է: Այս տարվա այցի առիթը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների լուսաբանումն էր:

Հայաստանում տպագիր թերթերը մեծ մասամբ դադարել են լույս տեսնել, իսկ Ֆրանսիայում դրանք շարունակու՞մ են մեծ դեր խաղալ:

Ֆրանսիայում էլ տպագիր մամուլը խորը ճգնաժամի մեջ է: Պատճառներից մեկն, իհարկե, ինտերնետի զարգացումն է, իսկ մյուսն այն է, որ Ֆրանսիայում շատացան անվճար օրաթերթերը, որոնք մետրոյում կամ փողոցում բաժանվում են մարդկանց:

Անգլիայի հետ համեմատած՝ ֆրանսիական տպագիր օրաթերթերը չնչին տոկոս են կազմում: Թեև Անգլիայում էլ է ճգնաժամ, բայց, օրինակ «The Guardian»-ը մոտ մեկ միլիոն տպաքանակ ունի, իսկ Ֆրանսիական ամենահայտնի թերթը՝ «Le Monde»-ը, հազիվ 300 հազար օրինակով է ծախվում:

Մոտեցումներն են տարբեր, և դրանք կառուցվածքային տարբերություններ են: Ֆրանսիայում բավարար չէ թերթավաճառների քանակը, շատ թերթեր միայն խանութներում են վաճառվում, հիմնականում՝ տնտեսական:

Կարո՞ղ ենք ասել, որ ֆրանսահայ մամուլը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև որոշ կամուրջներ է կառուցել:

Եթե ուզում եք իմանալ Ֆրանսիայի շարքային քաղաքացիները կարդու՞մ են «Ֆրանս դ՛արմենի», «Nouvelles d’Arménie» կամ ուրիշ հայկական թերթեր, ապա անկեղծ կասեմ՝ոչ:

Բայց պաշտոնյաները կարդում են: Օրինակ` պատգամավորները, սենատորները, նախարարները… Եվ երբ մոտենում են ընտրությունները, մեծ կուսակցությունների թեկնածուները սկսում են ակտիվորեն կարդալ ֆրանսահայ մամուլը, որ հասկանան համայքի նախապատվությունները: Երբ վերջերս Ֆրանսուա Օլանդը եկավ Հայաստան, իր հետ եկան նաև ֆրանսահայ թերթերի խմբագրապետերն ու տնօրենները:

Ֆրանսիացի շատ լրագրողներ հետաքրքրվում են Հայաստանով, Թուրքիայով և իրենց նյութերը պատրաստելիս միշտ օգտվում են ֆրանսահայ թերթերից: Եվ այս դեպքում աղբյուրը հենց մենք ենք՝ ֆրասահայ լրագրողներս:

Մենք լավ ծանոթ չենք ֆրանսահայ մամուլին:

Մինչև վերջերս հայկական թերթերի գոնե մեկական օրինակ մենք ուղարկում էինք Հայաստան, Հայաստանում ունեինք մեր թղթակիցներն ու անգամ գրասենյակները: Հիմա այդպես չէ:

Շատ թերթեր անգլերեն տարբերակներ չունեն: Երևի դա էլ է խանգարում ճանաչմանը: Ընդհանրապես, դժվար է երևակայել, որ ֆրանսիական լրատվական կայքերը ուշադրություն դարձնեն անգլերենին:

Իսկ երբ Հայաստանի մեդիան է ձեզ համար աղբյուր դառնում, վստահու՞մ եք լրագրողի գտած ինֆորմացիային, թե՞ հաշվի եք առնում նաև տվյալ մեդիայի ստորջրյա նպատակները, սեփականատերերի կապերը:

Արդյո՞ք թերթը անկախ է, և ի՞նչ է նշանակում անկախ լինել: Հարցն այն է, թե ով է ֆինանսավորում այդ անկախությունը: Իհարկե, տեսնում ենք, որ կան թերթեր, որոնք լույս  են տեսնում մեկ նպատակով, ասենք, հոդվածներ են գրում մեկ մարդու դեմ կամ էլ մի խումբ մարդկանց մտքերն են առաջ տանում:

Եվ այս խառը իրավիճակում հայաստանցի լրագրողը պետք է ապրի ու աշխատի: Եվ եթե արտասահամանում ապրողն այդ իրավիճակը հասկանալու թելերն իր ձեռքում ունենա, կկարողանա շատ բան հասկանալ Հայաստանի մասին:

Իհարկե, բոլոր այդ թելերի մասին ես չգիտեմ, բայց երբ հայաստանյան մեդիային պիտի հղում անեմ, փորձում եմ հասկանալ:

Իսկ Ֆրանսիայում ձեռքում նման թելեր ունենալու կարիք չկա՞:

Իհարկե, կա, բայց համեմատելը սխալ է, քանի որ Ֆրանսիան շատ ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը, և լրագրողները պաշտպանված են կորպորացիաների շահերից:

Շատ սփյուռքահայեր ասում են՝ ես առաջին հերթին լրագրող եմ, հետո միայն հայ: Ինքնության հարցը խառնվու՞մ է մասնագիտական պարտականություններին:

Կարծում եմ՝ դա ապուշ խոսակցություն է: Ցանկացած լրագրող ունի իր տեսանկյունը, գրում է իր աչքով տեսած ու գնահատած իրականության մասին: Մենք մարդիկ ենք՝ մեր ամբողջությամբ ու խնդիրներով:

Վերջերս Ուգանդայում էի, գյուղատնտեսական խնդիրների մասին հոդված գրելու նպատակով հասա հեռավոր, աշխարհի ծայրում գտնվող գյուղեր, որտեղ շատ աղքատ վիճակ է: Ու թեև աշխարհի բոլոր երկրներում էլ գյուղատնտեսական խնդիրները նույնն են, հասկացա, որ մարդկանց տալիս եմ այն հարցերը, որոնք չէի տա, եթե Հայաստանում չլինեի:  

Այնպես որ, հայ լինել-չլինելու երկընտրանք երբեք չի ծագում: Ես այն եմ, ինչ կամ. բնակվում եմ Ֆրանսիայում, ավելի լավ խոսում եմ ֆրանսերեն, քան հայերեն, հետաքրքրվում եմ Հայաստանով: Շատ եմ հետաքրքրվում:

Հայոց ցեղասպանության 100-ամյակը Հայաստանը տեղավորեց համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում: Այդ ուշադրությունն արդեն կարծես մարում է, հնարավո՞ր է այն թեժ պահել:

Ֆրանսիացի լրագրողների օրինակով ասեմ. ապրիլի 24-ի երկրորդ կեսին նրանք արդեն առաջնահերթ էին համարում բոլորովին այլ թեմաները (օրինակ՝ Ուկրաինայի պատերազմը, Նեպալի երկրաշարժը): Միջազգային ինֆորմացիան շատ արագ է սլանում ու արագ էլ անհետանում է:

Կարող է խնդաք, բայց ամենաարժեքավոր ինֆորմացիոն առիթը համարում եմ այն, որը կապված էր Քիմ Քարդաշյանի այցի հետ:

Ֆրանսիայի նախագահ Օլանդն էլ էր եկել:

Ո՞վ է ուշադրություն դարձնում Օլանդին, երբ կա Քիմ Քարդաշյանը:

Կարևորն այն է, որ ներկայացվի ոչ միայն ցեղասպանությունը կամ եկեղեցու խոսքը, այլև Հայաստանը՝ որպես երկիր: Շատերն անգամ չգիտեին, թե որտեղ է Հայաստանը, ինչպես են մարդիկ ապրում այստեղ: Հետո Քիմ Քարդաշյանի շնորհիվ հետաքրքրվեցին, իմացան: Կարծում եմ՝ առաջացած հետաքրքրությունն ավելի երկարատև է, քան կարծում եք:

Որպես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները լուսաբանող լրագրող՝ գո՞հ եք կազմակերպչական աշխատանքից:

Ընդհանրապես գոհ եմ, բայց շատ զարմացա, որ չկարողացանք ներկա գտնվել մի քանի կարևոր միջոցառումների: Մեզ առաջարկեցին մոնիտորի վրա դիտել ցեղասպանության հուշարձանի մոտ կատարվող կենդանի իրադարձությունները:

Եվ ստացվեց, որ մենք, որպես լրագրողներ, անելիք չունեինք:

Միգուցե այդ սահմանափակումներն իրենց պատճառներն ունեին, բայց ես եկել էի աշխատելու, ոչ թե հեռատեսիլ դիտելու: Լավ է, որ գոնե մի քանի ճաշկերույթների ընթացքում կարողացա մոտենալ ու հարցեր տալ ինձ հետաքրքրող մարդկանց: Բայց հուշարձանի մոտ կատարվածի մասին գրել չէի կարող:

Ինձ միշտ պետք է սեփական աչքերով տեսնել ամենը, իսկ եթե պիտի հեռատեսիլով դրանք ցույց տան, ուրեմն ավելի լավ է տանը նստեմ ու հեռատեսիլ դիտեմ:

Իսկ ֆրանսիայում լրագրողների համար սահմանափակ մուտքով իրադարձություններ չե՞ն լինում:

Հնարավոր է՝ լինեն. ասենք՝ փակ ժողովները, ընտանեկան թաղումները… Բայց ցեղասպանության հուշարձանի մոտ կատարվող միջոցառումն այդ շարքից չէր:

Դուք ֆրիլանս՝ ազատ լրագրող եք: Հե՞շտ է պայմանավորվել  խմբագիրների հետ ու նյութերի պատվեր ստանալ:

Իհարկե, հեշտ չէ: Սովորաբար, եթե լրագրողն անծանոթ է, նրա հոդվածները չեն ընդունի: Ես, օրինակ, «Le Monde»-ի հետ համագործակցության առաջարկ ստացա գործընկերոջս միջոցով: Գումարի տեսակետից էլ ֆրիլանսեր լինելը ձեռնտու չէ:

Հայաստանի մասին գրելու՞ եք «Le Monde»-ում:

Եթե «Le Monde»-ը  ցանկանա Հայաստանի մասին հոդված գրել, ինձ հաստատ չի պատվիրի, քանի որ թերթի միջազգային բաժնում անկարելի է ֆրիլանս լրագրողների հոդվածներ տեսնել: Միջազգային լրահոսը լուսաբանում են միայն թերթի հիմնական լրագրողները:

Իսկ ո՞ր թեմաներն են ձերը:

Ես գրում եմ հիմնականում գիտության մասին՝ ֆիզիկայից մինչև շիմպանզեներ: Հետևում եմ շրջակա միջավայրի խնդիրներին: Հնարավոր է գրեմ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նոր արտադրանքի՝ արագացուցիչի մասին, որը շատ կարևոր քայլ եմ համարում:

Իսկ Հայաստանի պաշտոնական աղբյուրներից ամբողջական տեղեկություն ստանու՞մ եք: Մենք հիմնականում դժգոհ ենք նրանց անորոշ պատասխաններից:

Իհարկե, որոշ տեղեկություն տրամադրում են, բայց կարծում եմ՝ կան թեմաներ, որոնք դժվար է հասկանալ առանց ներքին հոտառության: Այդ դեպքում լավ է տեղում գտնվել, խոսել ու շփվել մարդկանց հետ: Երբեմն Հայաստանում կատարվող այս կամ այն իրադարձության տրամաբանությունը հասկանալը շատ դժվար է:

Նաև մեզ համար է դժվար:

Ենթադրում եմ, որ եթե դուք գնաք արտասահման, ավելի հեշտ կհասկանաք ինչ է կատարվում, քան ես՝ Հայաստանում:

Անգամ լրատվական կայքերի՝ նման առատությա՞ն դեպքում:

Կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվական կայքերն ավելի շատ են ու ավելի բարվոք վիճակում, քան Ֆրանսիայում: Իհարկե, Ֆրանսիայում ինֆորմացիոն լուրջ մեդիա կայքեր կան, բայց մենք դժգոհում ենք, որ դրանք քիչ են:

Զուտ գրելու շնորհքի տեսակետից հայաստանցի ու ֆրանսիացի լրագրողներին կարելի էր միմյանց հետ համեմատել: Քանի՞ րոպե է պետք մարդուն գրել սովորեցնելու համար: Կարծում եմ՝ տասը: Հետո արդեն լրագրողը կա՛մ կաշխատի, կա՛մ՝ ոչ: Ֆրանսիայի լրագրողներն ավելի լավը չեն, քան հայաստանցի լրագրողները:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *