Մելինե Ռիսթիկյանը ֆրանսիական «Պարի Մատչ» շաբաթաթերթի լրագրող է: Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգը լինելով՝ նա իր ճակատագրում շատ հետաքրքիր միահյուսել է հայկական ու ֆրանսիական ինքնությունները:
Նա գրականություն է ուսումնասիրել Բորդոյի համալսարանում, հետո տեղափոխվել Փարիզ և մասնագիտացել լրագրության ոլորտում: Սկզբից ռեպորտաժներ է պատրաստել հեռուստատեսության համար, հետո գործի անցել «Փարի Մատչ»-ում, որի էջերում գրում է արվեստի, մշակույթի ու հայտնի մարդկանց կյանքի մասին:
Մելինե Ռիսթիկյանը պատմում է, որ թերթի տպագիր տարբերակի ու կայքի համար գրելու բնույթը խիստ տարբեր է: «Փարի Մատչ»-ի կայքում ոչ միայն բազմազան մեդիա գործիքներ են կիրառվում (լուսանկարների շարքեր, հեռախոսով արված տեսագրություններ), այլև բովանդակությունն է տարբեր: Կայքում ավելի շատ են հայտնվում բեմից դուրս դրվագները, կուլիսների հետևում ծավալվող իրադրությունները:
Պատմեք, խնդրում եմ, ձեր արմատների մասին:
Իմ մեծ պապն ու տատը Խարբերդից էին: Պապս ջարդերից խուսափելով ու անցնելով Դեր Զորը, կարողացել է ապաստան գտնել քուրդ ընտանիքում, որտեղ նրան տեսել է ամերիկացի միսիոներն ու տարել Հալեպի որբանոց:
Իսկ իմ մեծ տատիկի ընտանիքից փրկվել են միայն նա ու իր քույրը: Բռնաբարվելու սպառնալիքից խուսափելու համար աղջիկները մտել են տան պարտեզը, եղինջ քաղել ու այրող փնջով հարվածել միմյանց դեմքին: Տգեղացել, այլանդակվել են, որ փրկվեն: Հետո, մահացած ձևանալով՝ պառկել են ծառի տակ ու անշարժ մնացել մի քանի օր: Մեծ պապս ու տատս հանդիպել են Հալեպի որբանոցում, այնտեղ էլ ամուսնացել են:
Երկար ճանապարհ են կտրել ու վերջնականապես հաստատվել Բորդոյում: Նրանք մտադիր էին նաև Հայաստան մեկնել, քանի որ այնտեղ էր տատիկիս քույրը: Բայց քանի որ վստահ չէին, որ Սովետական Հայաստանում իրենց լավ կլինի, մայրս իր քրոջը խնդրել էր նամակ գրել:
Նամակի տեքստը յուրահատուկ կոդի պես պիտի հակառակ իմաստն ունենար: Եթե գրեին, որ սարսափելի է, ուրեմն ամեն ինչ լավ է, իսկ եթե գրեին, որ հիանալի է, ուրեմն՝ վատ է: Մի քանի օր հետո տատս ու պապս նամակ ստացան, որտեղ գրված էր՝ ամեն ինչ սքանչելի է, անպայման եկեք: Եվ նրանք հասկացան, որ մեկնել պետք չէ, մնացին Բորդոյում:
Բորդոյում շատ քիչ են հայերը: Ու թեև ես մասնակցում էի բոլոր հայկական միջոցառումներին (նաև ամառային հայկական ճամբարներում), բայց ցավոք, հայերեն չեմ խոսում, թեև կարդում եմ ու գրում:
Ձեր հայ լինելը որքանո՞վ է օգնում կամ խանգարում լրագրողի գործին: Երբեմն կարելի է լսել կարծիքներ, որ հայկական ինքնությունը նաև բեռ է, որը պետք է հաղթահարել:
Հայ լինելը ո՛չ առավելություն է, ո՛չ էլ՝ խոչընդոտ, որովհետև Ֆրանսիայում ընդհանրապես շատ են տարբեր ազգային ծագում ունեցողները: Հայկական ազգանունն, իհարկե, ինձ չի խանգարում, նույնիսկ օգնում է: Լրագրության շրջանակը բավականին փակ է, և եթե լրագրողը ծանոթություններ կամ կոնտակտներ չունի, չի կարողանա հաջողության հասնել:
Իմ հայ լինելը շատ դեպքերում օգնում է, քանի որ մեդիա դաշտում բավականին ազդեցիկ հայեր կան, որոնց հետ կապ պահպանելով կարողանում եմ անհրաժեշտ տեղեկությունը ստանալ:
Վերջերս, օրինակ, հարցազրույց արեցի երգիչ Պատրիկ Ֆիորիի հետ, ում հայկական ծագումը շատ արագացրեց գործը: Կարող եմ դիմել Շարլ Ազնավուրին՝ խնդրելով այս կամ այն մարդու հետ ինձ ծանոթացնել, հանդիպում կազմակերպել:
Ֆրանսիայի մեդիայում մեծ դեր են խաղում Դանիել Բիլալյանը՝ ամենահայտնի հաղորդավարներից մեկը, որը հիմա ֆրանսիական պետական ալիքների ղեկավարն է, ու «D8» մասնավոր ալիքի տնօրեն Արա Ափրիկյանը:
Թեև Բիլալյանն ու Ափրիկյանը երբեք ինձ չեն աջակցել, բայց միայն այն փաստը, որ այսպիսի հեղինակավոր հայեր կան մեդիայում, ինձ ուժ է տալիս:
Դուք հիմնականում գրում եք արվեստի մասին: Հայաստանի մեդիայում արվեստը երկրորդական, անգամ տասներորդական տեղում է, քանի որ ամենաընթերցվողը քաղաքականության հետ առնչվող նյութերն են:
Ֆրանսիայում այդպես չէ, արվեստը երբեք չի զիջում քաղաքականությանը: Իհարկե, կան նյութեր, որոնք ավելի լուրջեն, քան մյուսները, բայց արվեստի մասին գրելը շատ ավելի բարդ ու հետաքրքիր է, քան քաղաքականության:
Կարելի՞ է բնութագրել (վերապահումով, իհարկե) ֆրանսիացի լրագրողների հիմնական խնդիրը: Մեզ մոտ, օրինակ, խնդիրը անտարբերությունն է: Լրագրողը կարող է լուրջ հետաքննություն արել, բայց արձագանք չլինի ու ոչ մեկին մեղադրանք չներկայացվի:
Օ, Ֆրանսիայում ամենևին այդպես չէ: Եթե լրագրողն իր հոդվածում որևէ մեկին դատապարտի ու փաստեր հրապարակի, հսկայական մեքենան անմիջապես տեղից կշարժվի:
Օրինակ, վերջերս հրապարակվեցին հոդվածներ, որոնք բացահայտեցին, որ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը ահռելի գումար է ծախսել՝ լրագրողների ճամփորդությունների համար: Դժգոհության մեծ ալիք բարձրացավ, քանի որ հիշատակված լրագրողները հիմնականում մասնավոր լրատվամիջոցների աշխատակիցներ էին: Եվ հարց բարձրացավ՝ ինչու՞ պիտի մասնավոր ամսագրի կամ հեռուստաընկերության լրագրողները պետության հաշվին ինքնաթիռով ճամփորդեն, հյուրանոցներում ապրեն:
Հոդվածները մեծ արձագանքը ունեցան, ինչի արդյունքում նախագահի աշխատակազմը սահմանափակեց իր ծախսերը և հիմա ոչ մի լրագրողի տեղափոխման համար գումար չի նախատեսում:
Ֆրանսիական մեդիայի աշխատանքի բարդություններից մեկ այն է, որ որոշ լրատվամիջոցներ պատկանում են բիզնես կորպորացիաներին կամ խմբերին: Եվ երբ հոդված ես գրում, սովորաբար ինքդ քեզ հետևում ու վերահսկում ես՝ այդ բիզնես խմբերին շահերը լրջորեն չվնասելու համար: Ասեմ նաև, որ եթե չհետևես, բան չի պատահի, քեզ ոչ ոք չի կշտամբի կամ աշխատանքից չի հեռացնի: Լրագրողները ազատ են իրենց որոշումներում:
Համենայնդեպս վստահաբար կարող եմ ասել, որ ավելի ազատ են, քան Ամերիկայում:
Սովորաբար երբ իշխանություններն ուզում են վերահսկել հասարակությունը, այդ գործը սկսում են մեդիայից:
Կարող եմ ասել, որ Ֆրասիայում ճիշտ հակառակ պատկերն է:
Ֆրանսիայում հասարակությունն ու մեդիան են վերահսկում կառավարությանը:
Սա իհարկե, դրական հատկանիշ է, բայց երբեմն ծայրահեղությունների է հասնում: Մեդիան կարող է դատարկ մի բանից մեծ աղմուկ ստեղծել: Եվ մեկ էլ տեսար, ֆրանսիացիները դուրս եկան փողոց, ցույցեր արեցին, գործադուլներ կազմակերպեցին:
Այնպես որ, ժողովուրդն է թելադրում կառավարությանը, իսկ կառավարությունը ամենից շատ վախենում է հենց գործադուլներից, քանի որ դրանք կարող են շաբաթներ տևել ու ամբողջ պետությունը կաթվածահար անել:
Հեռուստատեսությունը ունի՞ մեծ դերակատարում Ֆրանսիայում:
Հեռուստատեսությունը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ, իսկ տպագիր մամուլն արդեն կորցնում է իր ուժը: Ուժը հիմա վիրտուալ մեդիայինն է:
Իսկ որքանո՞վ են կարևոր ֆրանսիացիների համար սոցիալական ցանցերը: Հայաստանում, օրինակ, Ֆեյսբուքն ու Թվիթերը մեծ պահանջարկ ունեն ու շատ դեպքերում մարդիկ այնտեղ են ազատ արտահայտվում:
Իհարկե, Ֆեյսբուքում և այլ ցանցերում ինչ ուզես, կարող ես գրել: Այնտեղ ավելի անվախ ես ու պաշտպանված քննադատությունից: Բայց քանի որ Ֆրանսիան իր ամենամեծ արժանիքը համարում է հենց ազատությունը, այդ ազատությունը ամեն տեղ է առաջնային համարվում:
Հնարավո՞ր է, որ լրատվամիջոցի քաղաքականությանը հակասող ֆեյսբուքյան գրառման համար որևէ լրագրող հեռացվի աշխատանքից:
Դա բացառվում է, Ֆրանսիայում ոչ մեկին հեշտությամբ չեն կարող աշխատանքից ազատել: Միակ հնարավորությունը թերևս թերթի հասցեին արված ուղիղ վիրավորանքն է: Բայց քանի որ լրագրողները սովոր են միայն փաստերի վրա հիմնված տեքստեր գրել, նրանք արդեն իսկ ապահովագրված ու պաշտպանված են: Իսկ կարծիք հայտնելը (նույնիսկ եթե այն ոմանց հաճելի չէ) աշխատանք կորցնելու առիթ չի կարող լինել:
«Փարի Մատչը» համագործակցու՞մ է այլ երկների լրատվամիջոցների հետ: Օրինակ, հայաստանյան:
«Փարի Մատչ»-ը մեծ անձնակազմ ունի (գումարած նաև ազատ՝ freelance լրագրողները) և գերադասում է ուղարկել իր թղթակիցներն տարբեր երկներ ու տեղում նյութեր պատրաստել: Օրինակ հիմա, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին ռեպորտաժ գրելու նպատակով մենք երկու լրագրողով ու մեկ ֆոտոլրագրողով ենք եկել Երևան:
Իհարկե, մենք կարող են համագործակցել տեղացի լրագրողների հետ, բայց միևնույն է հոդվածի տակ ստորագրողը պիտի լինի «Փարի Մատչ»-ի լրագրողը:
Իսկ եթե ասեն, որ կոնկրետ այս թեմայով ու այս դիտանկյունով հոդված են ձեզնից սպասում, կհրաժարվե՞ք, թե՞ հանգիստ կկատարեք, նույնիսկ եթե դա ձեր սրտով չի:
Բովանդակությանը երբեք չեն միջամտում, առավելագույնը, ինչ կարող են հուշել. ոճն է:
Իսկ եթե պարտադրեն այս կամ այն նյութը գրել, հանգիստ կարող ես հրաժարվել, ասելով, որ զբաղված ես, որ գլուխդ է ցավում: Կամ էլ ասել, որ պարզապես չես ուզում:
Ի վերջո, եթե ազատ ես, ուրեմն ազատ ես:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: