Լուսանկարը Հայաստանի կառավարության կայքից։

Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը․ կառավարության՝ դեկտեմբերի 19-ի այս հաղորդագրությունն ուղեկցվում էր նկարներով այն գնացքի, որի վագոններում ադրբեջանական ճանապարհներով անցած բենզինն էր։ Իսկ նոյեմբերի 6-ին Հայաստան էր ժամանել Ադրբեջանի տարածքով անցած հացահատիկի գնացքը։ Այդ գնացքը դիմավորելու համար Տավուշի մարզ՝ Այրում կայարան էր գնացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։   

Հացահատիկն ու նավթամթերքը Հայաստան մտել են Վրաստանից, բայց բացառիկն այն է, որ դրանք անցել են Ադրբեջանով։ Կառավարությունը սա կարևորում է որպես տնտեսական խթանման քայլ՝ արված «երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում»։ 

22 վագոն բենզին Հայաստան ուղարկելու պայմանավորվածոթւյունը ձեռք էր բերվել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի միջև նոյեմբերի 28-ին՝  Գաբալայում։

Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկ ու նավթամթերք ներմուծելու լուրերը սկզբում  ուղեկցվեցին նույնաբովանդակ խոսակցություններով, ընդհանուր առմամբ՝ «ինչպե՞ս կարելի է թշնամուց ապրանք ներմուծելու» տրամաբանությամբ։ Առաջին անգամ ներմուծված ցորենի թեման թեժացավ, երբ պարզվեց, որ այն ցածրակարգ է՝ չորրորդ կարգի։ Հացահատիկի հաջորդ ներկրումների նկատմամբ, սակայն, ուշադրությունը նկատելի նվազեց․ այս պահին  հացահատիկի վերջին ներկրումը Ադրբեջանով եղել է դեկտեմբերի 23-ին, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ առաջիկայում ևս սպասվում է։  

Ադրբեջանի տարածքով անցած հացահատիկը բոյկոտելու տարբերակ՝ լիներ այն ցածրակարգ թե հակառակը, չկար, մինչդեռ բենզինին, ըստ մամուլի, «սպառնում էր» բոյկոտը։ Բոյկոտի հավանակությանն ու հետևանքներին անդրադարձավ Գևորգ Պապոյանը։ Ասաց՝ մենք ընդամենը տեսականի ենք ապահովում․    

Ադրբեջանական նավթամթերքը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran oil» բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով։ Այդպիսի բենզինը սովորաբար 500-520 դրամ է եղել Էժան բենզինը բոյկոտելու գործնական օրինակների մասին ԶԼՄ–ներում չգրվեց։ Մինչդեռ, ըստ «Ազատության»՝ էժան վառելիքի վաճառքը քառապատկվել է։

5-րդ ալիքի «Հարցազրույցը» վարող Հայկա Ալոյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ զրույցում արձանագրում է՝ «Ադրբեջանական բենզինը, ցավոք, արագ է սպառվում»։ Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունը կարողանում է «չեղած բանը մեծ փաթեթավորմամբ ներկայացնել»։ Ասում է, որ Հայաստանն օգնում է Ադրբեջանին՝ նրանից վառելիք գնելով, ու դա ներկայացվում որպես ձեռքբերում։ Պատգամավորը կարծում է, որ ադրբեջանական արտադրանքը բերելով՝ Հայաստանի տնտեսությունը կարող է հզորանալ, ու հարցնում է՝ ինչքանո՞վ է դա բարոյական։

«Այո, քաղաքականությունը նաև բարոյականության մասին է»․ դարձյալ 5-րդի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում անհրաժեշտ է, բայց քանի դեռ մեր հայրենակիցները Բաքվի բանտում ենթարկվում են խոշտանգման, խոսել էժան ադրբեջանական բենզինի մասին՝ չի կարելի»։

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա վերջին ճեպազրույցում բացատրում է, որ Ադրբեջանին պետք է շնորհակալություն հայտնել տարանցիկ բեռնափոխադրումների արգելքը հանելու համար։ Factor.am-ի փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, թե  Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի։ «Ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը իրականություն է, այդ խաղաղությունը ունի կոնկրետ արտահայտչաձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուր՝ ՀՀ-ից դեպի Ադրբեջան արտահանում կլինի»։