2024.12.11,

Խաչմերուկ

Հարևանի նկատմամբ՝ հարևանցիորեն․ ինչու՞ հայկական մեդիան չգնաց Թբիլիսի

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բարձրանում է տեղից, հատուկ մոտենում մեկ շարք առաջ նստած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու մեկնում ձեռքը։ Թրամփը սեղմում է մեկնված ձեռքը, մեկ-երկու բառ ասում, Սալոմեն էլ, շուրթերի շարժումից հասկացվում է, որ պատասխանում է՝ Ջորջիա։  

Սա մի դրվագ է դեկտեմբերի 7-ին Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման ուղիղ հեռարձակումից, որտեղ աշխարհի մեծերի հետ մեկ ձեռքսեղմումն ու լուսանկարը մեսիջ ու ինֆորմացիա են փոխանցում։ Սա գտնված կադր է հեռուստալրագրողի համար, եթե նա ուզում է Թբիլիսի ցույցերի մասին պատմող հերթական տեսանյութը չսկսել այնպես, ինչպես նախորդած օրերին, ինչպես բոլորը։ Դեկտեմբերի 7-ը շաբաթ էր, 8-ը՝ կիրակի․ մեր հեռուստաընկերությունների լրատվականների եթերում այս կադրը չհայտնեց։ Նույն օրը Թբիլիսիի ցույցերին անդրադարձող փոքրիկ տեքստում Հանրայինի «Լուրերի» մեկնաբանը միայն ասաց, որ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ո՛չ այս հանդիպումից, ո՛չ Թբիլիսիից կադրեր չկային։ Մեր Հանրային հեռուստաընկերությունը, և ոչ միայն, Թբիլիսիի զարգացումները լուսաբանել են խիստ դիվանագիտորեն։  

Հանրայինի «Լուրերի» հիմնական թողարկմանը հետևել ենք նոյեմբերի 28-ից սկսած, երբ Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ երկիրը միչև 2028 թիվը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից։ Այդ կարևոր հայտարարությանը հաղորդման ընթացքում առանձին անդրադարձ չեղավ․ ներկայացվեց միջազգային լրահոսի մեջ՝ ի շարս արտերկրում տեղի ունեցած այլ իրադարձությունների։ Մեկ օր անց՝ ամսի 29-ին, Թբիլիսիում բախումներ եղան ոստիկանության և ցուցարարների միջև․ դրանց էլ Հանրայինն անդրադարձավ միայն միջազգային լրահոսով՝ կադր-խոսք ձևաչափով։ Նոյեմբերի 30-ին, նաև դեկտեմբերի 1-9-ի «Լուրեր»-ում այդպես էլ Թբիլիսում տեղի ունեցող իրադարձություններին առանձին ռեպորտաժով անդրադարձ չեղավ։  

Եթե նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը Թբիլիսում թղթակից չունի, կարելի՞ էր նկարահանող խումբ ուղարկել, կարելի՞ էր կապ հաստատել վրացի գործընկերների հետ, գտնել անկողմնակալ որևէ վերլուծաբան, քաղաքագետ՝ վրացի կամ հայ, ու տեղից ինֆորմացիա ստանալ։ Ի վերջո, կարելի՞ էր որևէ վերլուծաբանի հրավիրել Պետրոս Ղազարյանի տաղավար ու հարցնել՝ Վրաստանում ի՞նչ է կատարվում, կատարվողը Հայաստանի, տարածաշրջանի վրա ո՞նց կանդրադառնա։  

Պետրոսը վրացագետ հյուր, իհարկե, ունեցավ՝ Ջոնի Մելիքյանը, բայց դա հոկտեմբերի 31-ին էր, Վրաստանի խորհրդարանական ընտրություններից 3-4 օր հետո, երբ դեռ Կոբախիձեն չէր հայտարարել ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։ Ավելին, Պետրոսը Մելիքյանի հետ հարցազրույցն սկսում է արձանագրումով, որ ընտրություններից առաջ վատ կանխատեսումներ էին արվում, թե բախումներ կլինեն, արյուն կլինի, ու նշում է՝ բարեբախտաբար, ընտրություններն ավարտվեցին, բայց բախումներ չեղան։  

Այլ էր վրացական զարգացումների լուսաբանումը Հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ով՝ շնորհիվ թբիլիսաբնակ սեփական թղթակցի։ «Ռադիոլուրը», թերևս, այն եզակի լրատվամիջոցն է, որը տեղից է հետևել Թբիլիսիում իրադարձությունների զարգացմանը։ 

Վրաստանը մեր մոտ հարևանն է, բայց վրացական հետընտրական զարգացումներին մենք հետևում ենք որպես հեռու բարեկամ՝ ընդամենը լսելով, առանց գնալու, տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում։  

Կայքերից Սիվիլնեթում գտանք լրատվամիջոցի կողմից դեպքի վայրում արված լուսանկարներ, բայց ընդամենը այդքանը․ ուղիղ միացումով հարցազրույց, հարցում, լրացուցիչ ինֆորմացիա, որը կլիներ բացառիկ, չկար։ 

Համացանցային ուղիղ հեռարձակումներ էլ եղան, բայց դրանք ինքնանպատակ արված քայլեր էին հիշեցնում․  168.am-ը դեկտեմբերի 1-ին տեղի ունեցող զարգացումներին ուղիղ եթերում հետևելու հնարավորություն տվեց` առանց որևէ մեկնաբանության։ 

Առցանց Առավոտի ուղիղ հեռարձակումներում մեկնաբանություններ կային, բայց բացառապես վրացերեն․ հայաստանցիներիս քանի՞ տոկոսն է վրացերեն հասկանում։ 

Դեկտեմբերի 3-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանում հերթական՝ չորրորդ հեղափոխության փորձը տապալված է։ Արդյո՞ք դա այդպես է․ հակակառավարական ցույցերը Թբիլիսիում շարունակվում են։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *