Հայ գերիները՝ Ադրբեջանում, Գրետա Թունբերգը՝ Երևանում․ նրանք են Բաքվում ընթացող COP-29-ին անդրադառնալու հիմնական առիթները Հայաստանում, թեպետ անունը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով, հուշում է, որ COP 29-ը բնապահպանական նշանակության միջոցառում է։
Ի սկզբանե՝ մինչև նոյեմբերի 11-ին համաժողովի մեկնարկը, Հայաստանի իշխանությունը չէր բացառում Բաքու գնալու հավանականությունը, բայց վերջնական որոշում չուներ։ Ընդդիմությունը պնդում էր՝ պետք է գնալ Բաքու՝ միայն բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով, հանրային որոշ դեմքեր էլ, թե՝ Բաքու կարելի է գնալ, եթե կա թեկուզ մեկ ռազմագերի վերադարձնելու կամ վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հույս։
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նոյեմբերի 12-ին լրագրողներին ասել էր, որ Հայաստանի մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից։ Այսինքն, մեկ շաբաթ առաջվա դրությամբ ՀՀ իշխանությունը բանակցում էր Բաքու գնալու պայմանների շուրջ, թեպետ նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին ասել էր, թե Երևանի՝ COP-29-ին չմասնակցելը «բաց թողնված հնարավորություն է նրանց համար»։
Նույն օրը լրահոսում հայտնվեցին վերնագրեր, որոնցից տպավորություն էր, թե Հայաստանում իշխող ուժը դեմ է գերիների վերադարձին։ Civilnet.am-ը գրեց․ «Գերիների հարցով ԱԺ հայտարարությունը չընդունվեց․ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը», Armlur.am-ը՝ «ՔՊ-ն հրաժարվեց գերիների ազատ արձակման պահանջով հայտարարություն ընդունել», Yerki.am-ը՝ «ԱԺ-ն ասելիք, պահանջ ունի՞, թե՞ չունի Բաքվի բանտերից մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում», Azatutyun.am-ը՝ «ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության նախագիծը»։
«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկումը դեռ չսկսած՝ պարզ էր, որ այն չի ընդունվելու։ Հայտարարության նախագիծը խորհրդարանական ընդդիմությանն էր։ Դրանով միջազգային հանրությանը՝ ի դեմս COP-29-ի մասնակիցների, կոչ էր արվում օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին։ Նշվում էր, որ Ադրբեջանը, ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: ՀՀ կառավարությանն էլ հորդորում էին ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները վստահեցնում էին, որ գերիներին վերադարձնել կարելի է նաև առանց հայտարարություն ընդունելու, ինչպես դա արվեց գրեթե մեկ տարի առաջ։
Հայաստանի իշխանությանը մեկ անգամ արդեն հաջողվել է COP-29-ի միջոցով Ադրբեջանից հայ ռազմագերիներ բերել։ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Բաքուն ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների, փոխարենը Հայաստանը համաձայնություն տվեց, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվի Բաքվում։
Նոյեմբերի 18-ի դրությամբ՝ Հայաստանի որևէ պաշտոնական ներկայացուցիչ Բաքու չի մեկնել, բայց նախապես գրանցվածներ, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի՝ եղել են։ Նոյեմբերի 12-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում չբացառեց, որ գրանցվածները կարող են քաղհասարակությունից լինել․ քաղհասարակությունից արտգործնախարարի այս հայտարարությանը որևէ արձագանք չեղավ։
Թունբերգը պայքարում է ոչ միայն կլիմայական արդարության համար
Նոյեմբերի 12-ից սկսած քաղհասարակություն և COP-29 բառերը ավելի հաճախ էին կողք կողքի գործածվում՝ շնորհիվ շվեդ բնապահպան Գրետա Թունբերգի, որը Վրաստանից ժամանել էր Հայաստան։ Հայ-վրացական սահմանում նրան դիմավորել էր բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որն «Ազատություն» ռադիոկայան ասել էր, թե Թունբերգը Հայաստան է ժամանել սեփական նախաձեռնությամբ՝ բոյկոտելով Բաքվում COP- 29-ի անցկացումը։ Գրետային Հայաստանում դիմավորեցին, ընդունեցեին, նրա հետ շրջեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բայց Թունբերգը Հայաստանից մի քիչ քաղաքականացված հեռացավ։
«Կլիմայի արդարությունը առանց սոցիալական արդարության՝ քանի՞ գրոշ արժե»․ Գրետա Թունբերգը դեմ է բնապահպանական կարևոր համաժողովը Ադրբեջանում անցկացնելուն։ Նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում նա մասնակցեց «Բաքվի ագրեսիայի հետևանքները․ COP-29» խորագրով կոնֆերանսին։ Իր ելույթում Թունբերգը նշեց, որ Ադրբեջանում չեն հարգվում մարդու իրավունքները, տեղի են ունենում էթնիկ զտումներ։ Նրա խոսքով՝ «ծայրահեղ կեղծավորություն է, որ կոնֆերանսը տեղի է ունենում այդ երկրում»։
Իսկ նոյեմբերի 15-ին Թունբերգը մասնակցեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։ Բացի բնապահպանական խնդիրներից՝ ակցիայի մասնակիցները առաջ էին քաշում նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջը։
Որտե՞ղ են պահվում հայ գերիները Բաքվում․ այս հարցի պատասխանը հատկապես COP-29-ը լուսաբանող միջազգային լրագրողների համար քարտեզագրել էին «Կլիմայական արդարադատության հայկական նախաձեռնության» անդամները։ Քարտեզի վրա նշված էր, թե Բաքվի որ հասցեում է անցկացվում COP-29-ը, որտեղ է գտնվում բանտը, որտեղ պահվում են հայ գերիները։ «Գնացեք տեսեք, թե բնապահպանությունից ու մարդու իրավունքներից խոսող երկրի ղեկավարը ինչպես է վարվում մարդկանց հետ»․ քարտեզագրված թուղթը ձեռքին՝ միջազգային լրագրողներին ու կազմակեպություններին դիմեց շարժման ներկայացուցիչ Շուշանիկ Հարությունյանը։
Քանի՞ միջազգային լրատվամիջոց ու կազմակերպություն էր հետևում այս բողոքի ակցիային, քանի՞ միջազգային լրագրողի մտքով կանցնի՝ լսելով Շուշանիկ Հարությունյանին՝ Բաքվում գնալ-հասնել այն բանտի մոտ, որտեղ պահվում են հայ գերիները․ հավանաբար՝ ոչ մեկի։ Գրետա Թունբերգի այցը Հայաստան և նրա մասնակցությամբ ակցիաները գուցե ոչ ավելորդ, բայց մեկանգամյա, խիստ կարճաժամկետ նշանակություն ունեն ու հազիվ թե նպաստեն գերիների վերադարձին։ Դա միանգամայն այլ հարթությունում կարգավորվող խնդիր է։
Ի դեպ, հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ տնօրենը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Կայացե՞լ է հանդիպումը, թե՞ ոչ․ այդ մասին հրապարակված ինֆորմացիա չկա։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: