Հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումները տնտեսական-բնապահպանական նրբերանգով էին. Ադրբեջանը թիրախավորել էր Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող գործարանը։
Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի քայլը մեկնաբանել է որպես հարձակում Հայաստանի տնտեսության վրա։ Ե՛վ ՊՆ-ն, և՛ լրատվամիջոցները շեշտում էին, որ հարձակումը եղել է «օտարերկյա ներդումներով կառուցվող» գործարանի վրա: Դեպքի վայր են հրավիրվել միջազգային դեսպաններ։
Մեդիան համեմատաբար քիչ քննարկեց գործարանի մասին այլ հարցեր՝ ովքեր են սեփականատերերը, ինչ հիմքով է շահագործման թույտվություն տրվել, կան բնապահպանական և սոցիալական ռիկսեր և այլն։
Թեև մետաղի ջարդոնի վերամշակմամբ զբաղվել պատրաստվող գործարանի մասին հայտարարվել էր դեռ անցյալ տարի, դրա անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին ռեպորտաժներ չեն եղել, անկախ բնապահապանները չեն մասնակցել հանրային լսումներին և հրապարակումներ չեն արել։ Գործարանի սեփականատեր GTB Holding-ի վերաբերյալ տեղեկությունները լրագրողներին (բացառությամբ թերևս Հետքի) հետաքրքրեցին միայն հակառակորդի կրակոցներից հետո։
Տնտեսական քաղաքականություն
Հարձակումից օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ «Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից»։
Փաշինյանի կառավարությունը շարունակում է խրախուսել միջազգային ներդրումները և արտոնություններ տալ սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերին. հայտարարված նպատակն է բնակչությանը աշխատանքով ապահովելը, խրախուսելը, որ մնան՝ չնայած անվտանգային ռիսկերին։
Մեկ այլ քաղտնտեսական նպատակ էլ սա է․ Հայաստանը՝ արտադրանք, և ոչ թե հումք արտահանող երկիր դարձնելը։
«Փաստացի երկաթի ջարդոնի տոննան 40 000-45 000 դր․ վաճառում ենք արտերկրներին և նրանցից 9-10 անգամ ավել գնով գնում պատրաստի ապրանք։ Հետևաբար, անհրաժեշտ է երկրի ներսում զարգացնել սեփական երկրորդական հումքի օգտագործումը»,- կարդում ենք գործարանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ( ՇՄԱԳ) հաշվետվությունում։
Այս երկու պատճառներով Երասխի գործարանը գրավիչ նախագիծ է ՀՀ կառավարության համար. այն գտնվում է սահմանամերձ գյուղում՝ Նախիջևանի սահմանից մոտ 400 մետր է հեռու, նախատեսում է կազմակերպել սև մետաղի ջարդոնի վերամշակում։
Աշխարհաքաղաքական մեկնաբանությունները
Գործարանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներից մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, GTB Holding-ի ղեկավարությունը տարածքում հանդիսավոր բարձրացրեց ՀՀ և ԱՄՆ դրոշները։ Այս արարողությունը ուղիղ հեռարձակեցին մի քանի լրատվամիջոցներ։ GTB Holding-ի տնօրեն Տիրան Հակոբյանի խոսքով՝ ԱՄՆ դրոշը կարող է հոգեբանական գործոն լինել միայն։
Մեդիայում ակնարկներ կային, որ ԱՄՆ դրոշը սահմանին տեղադրելը «մեսիջ» է Բաքվին։
Հետքը գրել էր, որ գործարանը կառուցող GTB Holding-ի 50 տոկոսի բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգն է։ Մյուս սեփականատերը ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է՝ Նոնա Սարգսյանը։
ԱՄՆ Պետդեպի խոսնակը Թվիթերում գրել էր, որ ԱՄՆ-ն մտահոգված է ԱՄՆ-ի հետ փոխկապակցված գործարանի երկու աշխատակիցների վիրավորումով։ Դեպքի վայր մեկնեցին նաև ԵՄ քաղաքացիական դիտորդները և Հայաստանում հավատարմագրված դեսպանները։
Փորձագետների շրջանում ամենաշատ քննարկվող հարցն էր՝ արդյոք Ադրբեջանը կվախենա ԱՄՆ-ի հետ կապված գործարանի վրա հարձակվելուց, թե ոչ (Լուրեր, Factor TV):
Ինչևէ, Հայաստանի և ԱՄՆ դրոշների տեղադրումից հետո էլ եղան կրակոցներ գործարանի ուղղությամբ։
Բնապահապանական հարցերը չդարձան վերնագրեր
Թեև գործարանի նախագծի մասին տեղեկություններ ու խոսակցություններ կային գրեթե մեկ տարի, դրա մասին շատ չէր գրվում և խոսվում։ Փորձագետները չեն ահազանգել, բնապահպանական ակտիվիստները ակցիաներ չեն արել։ Անցկացվել են չորս հանրային լսումներ, որոնց անկախ փորձագետներ չեն մասնակցել, լրատվամիջոցները չեն լուսաբանել։
Ադրբեջանը շահարկում է այս նախագծի բնապահպանական ռիսկերը՝ ասելով, որ գործարանը մոտ է Նախիջանի սահմանին և Արաքս գետին։
«Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ հայտարարությունը»՝ GTB Holding-ը, այնուամենայնիվ, պատասխան հայտարարությունով հերքել է հնարավոր բնապահպանական ռիսկերը։
Ըստ ընկերության ՇՄԱԳ-ի՝ արտադրական ջրի արտահոսքը բացառվելու է, իսկ կենցաղային ջուրը՝ մաքրվելու է 95 տոկոս էֆեկտիվությամբ։ Կենսաբազմազանության վրա ազդեցություն չի լինի, որովհետև «տարածքը երկար տարիներ գտնվել է անթրոպոգեն ազդեցության տակ, ինչի շնորհիվ բույսերն ու կենդանիները բացակայում են»։ Մետաղի ձուլումը կատարվելու է էլեկտրական վառարաններում, գազի այրումից արտանետումներ մթնոլորտ տեղի չեն ունենալու։ Փոշին մաքրելու համար նախատեսվում է ասպիրացիոն համակարգ և գազամաքրման երկու փուլ, մթնոլորտում ցրումը բարելավելու համար կառուցվելու է 33-35մ բարձրությամբ խողովակ։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն էլ պարզաբանել է, որ միջազգային օրենքը չի պարտադրում խորհրդակցել (խորհրդակցություն) հարևան երկրի հետ՝ տվյալ դեպքում։
Այսպիսով, հայ- ադրբեջանական կարգավորման բազմաթիվ անհամաձայնություններին ավելացավ ևս մեկը՝ Երասխի գործարանը։ Թեման հիմնականում մնում է աշխարհաքաղաքական քննարկման տիրույթում, ազգային շահի օրակարգի տեսանկյունից է լուսաբանվում։ Մեդիան շարունակում է վերարտադրել քաղաքական գնահատականները և նարատիվները, և չի սահմանում իր օրակարգը և հարցերը։
Քնար Խուդոյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: