Հայաստանի մեդիա դաշտում մայիսին ուշադրության կենտրոնում միջազգային գործիչների հայտարարություններն էին։ Նախ քննարկվեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցը՝ Արմենպրեսին, որտեղ դեսպանը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված։ Ապա ավելի բազմաբովանդակ վերլուծությունների առիթ դարձավ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունները։
Մայիսի 23-ին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի երրորդ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո արդյունքների մասին հայտարարեց միայն Միշելը: Քանի որ հայտարարության բազմաթիվ կետեր տարընթերցվեցին, Հայաստանի պաշտոնյաները ստիպված եղան պարզաբանումներ հրապարակել։
Միշելը մասնավորապես հայտնել էր, որ սահմանային հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Նա նաև փակել էր միջանցքների թեման՝ նշելով, որ սահմանապահ ծառայությունը, անվտանգությունը, հողային և մաքսային տուրքերը կարգավորվելու են միջազգային տրանսպորտի օրենքներով։ Նշենք, որ մինչ այդ միջանցքային տրամաբանությունը բացառել էին ՀՀ տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Սակայն անորոշության և քննարկման առիթ էր դարձել եվրոպացի պաշտոնյայի՝ Լեռնային Ղարաբաղի և «Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ապահովելու» մասին հայտարարությունները։
Մասնավորապես, Միշելն ասել էր, որ երկու երկրների ղեկավարներին էլ իր խոսքում շեշտել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:
Մեդիան լայնորեն տարածեց հետքայլ համարող կարծիքներն ու պնդումները։ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը չի նշվել որպես քաղաքական միավոր։ «Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային և քաղաքական միավոր»։
Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ-ը ևս դժգոհեց։ Նա համարեց, որ այս ձևակերպման պատճառով Արցախի ժողովրդի շրջանում անվստահություն պետք է առաջանա այդ բանակցությունների շուրջ։ Ըստ ՄԻՊ-ի՝ տարբերությունը եվրոպական հարթակների, ռուսական միջնորդությամբ տեղի ունեցող քննարկումներում տեսնում ենք «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։
Քննարկումներն այնքան թեժացան, որ ԵԽ նախագահի մամուլի խոսնակ Բերենդ Լեյցը պարզաբանում տարածեց։ Լեյցն ասել էր, որ տերմինաբանությունը զգայուն է հակամարտությունների պարագայում։ «Մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել, որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի: Ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համակողմանի հասցեագրումը․ սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը»:
Ինչպես միշտ, պարզաբանումն այնքան լայն չտարածվեց հայկական մեդիատարածքում, որքան առաջին հայտարարությունը։ Նույնիսկ երբ պարզաբանումը լուսաբանվեց՝ դա արվեց մեկնաբանությունների հետ միասին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս պարզաբանեց, թե ինչ նկատի ունի Միշելը իր հայտարարության մեջ հաղորդակցության ուղիների բացման հատվածում։ Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանը կարող է օգտագործել Նախիջևանի տարածքը, որովհետև «Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով»։
Կային լրատվամիջոցներ, որոնք բացի տերմինաբանությունը և պարզաբանումները քննարկելուց, Միշելի հայտարարությունը մեկնաբանեցին միջազգային աշխարհագրական դաշտում, որպես Արևմուտք- Ռուսաստան հակասությունների մաս։
News.am-ը վերլուծեց, որ «Արևմուտքը փորձում է ԼՂ խնդրի լուծմամբ թուլացնել ՌԴ ազդեցությունը»։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը հայտարարեց, որ հավաքական արևմուտքը փորձում է չեղարկել (cancel) Ռուսաստանը։
«Արդյո՞ք Եվրամիությունը փորձում է մեզ չեղարկել (cancel) հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից։ Եվ արդյոք մեզ չեղարկել հնարավոր է»,- ասաց նա։
Դա հնարավոր չէ, ըստ ռուս վերլուծաբանի, քանի որ Ռուսաստանը որպես միջնորդ անփոխարինելի է, ունի տարածաշրջանում ռազմական ներկայություն և սերտ կապեր երկու երկրների հետ։ Շարլ Միշելի միջնորդական փորձերը Ռուսաստանին ձեռնոց նետել համարեց նաև Yerkir Media-ն։
Իսկ 1in.am-ը վերլուծեց, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև մրցակցություն է սկսվում՝ թե ով կմիջնորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։
Ըստ այս վերլուծության՝ Հայաստանին ձեռնտու է ԵՄ-ի միջորդությունը, քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատումը լինելու է քաղաքական նպատակահարմարության հիմքով, ոչ թե իրավական հիմնավորմամբ։
Քնար Խուդոյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Հակամարտությունների լուսաբանում. Լրագրողների գիտելիքներ և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականցնում է մշտադիտարկում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման թեմայով, 15 լրատվամիջոց-ներում։Ցանկում ներառվել են և վերգետնյա հեռարձակում ունեցող, և առցանց մեդիաներ, որոնք ունեն կայուն լսարան և բովանդակության տեսակետից՝ ծածկում են քաղաքական վերլուծությունների ամբողջ սպեկտրը։ Դիտարկվում են հետևյալ ԶԼՄ—ները․ Հանրային Հեռուստատեսություն, Հինգերորդ Ալիք, Երկիր Մեդիա, Շանթ ԹԻՎԻ, Civilnet, Hetq, Armtimes, Aliq Media, Factor, Lragir, 1in, News, 168, Aysor: Մշտադիտարկման արդյունքները հրապարակվում են հոդվածների տեսքով ամսական երկու անգամ հաճախականությամբ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: