Հոկտեմբեր ամսվա ընթացքում հայկական լրատվամիջոցների քննարկման առանցքում Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններն էին, որոնք ներկայացվում էին տարբեր տեսանկյուններից ու շեշտադրումներով։
Հարաբերությունների սրումը ոմանք կապում էին Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից երկու իրանցի վարորդների ձերբակալման ու Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքի հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտարկում էին տարածաշրջանային գլոբալ փոփոխությունների կոնտեքստում։
Լրատվամիջոցները ակտիվորեն անդրադառնում էին երկու կողմերի պաշտոնական կարծիքներին, որոնք հեռահար մարտի էին նմանվում։ Որոշ դեպքերում այնպիսի տոնայնությամբ էր ներկայացվում իրավիճակը, որ տպավորություն էր ստեղծվում, թե շատ շուտով ռազմական բախումներ կսկսեն։ Կարծիքներից բացի կողմերը նաև ուժի ցուցադրությամբ էին զբաղված՝ զորավարժությունների անցկացման տեսքով։
Իրան-Ադրբեջան «հակամարտություն»
Հարաբերությունների սրման ֆոնին լրատվամիջոցները փորձում էին նաև ճշտել Հայաստանի դերն ու իշխանության դիրքորոշումը՝ հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հավանականության համատեքստում։
Այս օրերին խոսվում էր այն մասին, որ Իրանից իշխանությանը մոտ կանգնած վերլուծաբանների փոխանցմամբ՝ «Իրանում կարծում են, որ Հայաստանը միացել է հակաիրանյան կոալիցիային Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»։ Եվ, որ «եթե ճանապարհի մի մասը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Իրանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվելու»։
Հակաիրանյան կոալիցիային միանալու մասին լուրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Լիտվա կատարած պաշտոնական այցի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չի մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ»։
Իրանի համար բացարձակապես ընդունելի չէ Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ցամաքային կապի ստեղծումը,- ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Իրանը կտրուկ դիմադրում է Զանգեզուրի միջանցքի գաղափարին և ակնկալում, որ Հայաստանն էլ հստակ կմերժի միջանցքի ստեղծումը։ Մինչդեռ Փաշինյանը և ընկերները ամեն օր գովազդում են կոմունիկացիաների ապաշրջափակումը՝ այլևս չխուսափելով օգտագործել նաև միջանցք բառը»։
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ եթե ուզում ենք սուբյեկտ դառնալ, ապա դրա միակ ճանապարհը Սյունիքով միջանցք չտալն է: Այս հարցում մեր և Իրանի շահերը համընկնում են: Եթե մեր շահերը լուրջ հարված են ստացել, դա նշանակում է, որ դա հարված է նաև Իրանի շահերին: Այնպես որ, Իրանն ուշացումով, բայց քայլ է անում: Հիմա մենք պետք է այս հարցում Իրանի հետ համագործակցենք և մեր շահերը պաշտպանենք:
Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կոշտացումը կապված է մի շարք համալիր գործոնների հետ, իսկ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին գաղափարն այն կաթիլն էր, որը լցրել է Թեհրանի համբերության բաժակը, կարծում է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը:
«Իրանի դիրքորոշման կոշտացման ևս մեկ պատճառ է Ադրբեջանի պանթյուրքացումը, որը սպառնում է իրանական Ադրբեջանում սեպարատիզմով: Այդպիսի քարոզչությունը ստեղծում է խնդիրներ Իրանի ներսում: Բացի այդ, Թեհրանը մեկ տարի առաջ՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հետևել է Ադրբեջանի և Իսրայելի հետ դաշնակցային համագործակցությանը, ինչի արդյունքում իսրայելական անօդաչուները հայտնվել էին Իրանում»,-հավելել է փորձագետը:
Ի տարբերություն մյուսների իրանագետ Տիգրան Դավուդյանն էլ այն կարծիքին է, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական բախում չի լինելու՝ դրա համար չկան բավարար նախապայմաններ, տարածաշրջանային և միջազգային ուժերը դա չեն հանդուրժելու։ Իրանը հիմա խստորեն նվիրվել է իր միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին, և Թեհրանի համար առաջնահերթը երկրի քայքայված տնտեսության վերականգնումն է՝ պատժամիջոցների շուտափույթ վերացումը։
Իրանագետ Գարիկ Միսակյանը նույնպես բացառում է պատերազմի հավանականությունը Իրանի և Ադրբեջանի միջև, եթե Ադրբեջանը որևէ արկածախնդրության չդիմի։
Իրանագետ Ահարոն Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանը նման արկածախնդրության չի գնա․ Խելամիտ չի լինի պատերազմ սկսել Իրանի հետ, հասկանալով, որ դա կլինի Ադրբեջանի վերջը: Մյուս կողմից էլ հայտնի չէ, թե ինչ երաշխիքներ կարող են տալ Ադրբեջանին միջազգային հովանավորները:
Հայաստանի բաց օդային տարածքն ու միջանցքը
Լրատվամիջոցները հոկտեմբերին ակտիվորեն քննարկել են հոկտեմբերի 6-ին Բաքվից Նախիջևան իրականացված չվերթը Հայաստանի օդային տարածքով՝ դրանում հիմնականում մեղադրելով իշխանություններին։
5-րդ ալիքը իր թողարկումներից մեկը սկսել է այսպես․ «Օրվա սկանդալը․ ադրբեջանական օդանավի Բաքու-Նախիջևան չվերթն է Հայաստանի երկնքով՝ Իրան-Ադրբեջան ռազմական բախման սպառնալիքի ֆոնին։
Չի բացառվում, որ Բաքուն Հայաստանի վրայով կարող էր զենք տանել Նախիջևան, որի սահմանի մի կողմում զորք է կուտակել թուրք-ադրբեջանական տանդեմը, մյուս կողմում՝ Իրանը։ Հայտնի են դեպքեր, երբ ադրբեջանական ավիաընկերությունները տարբեր կոնֆլիկտային գոտիներ անօրինական զենք են տեղափոխել քաղաքացիական օդանավերով՝ դիվանագիտական բեռի անվան տակ։ Թե՛ քաղաքագետները, թե՛ ավիացիայի փորձագետները կարծում են, որ Հայաստանի տարածքով ադրբեջանական օդանավերի թռիչքը դավադրություն է Իրանի նկատմամբ, որը մեկ օր առաջ էր ադրբեջանցիների համար փակել իր երկինքը»։
Հայաստանի օդային տարածքի բաց լինելու մասին կարծիքներ հնչեցրել են հիմնականում իշխանական թևից։ Պետրոս Ղազարյանը այդ թեմայով զրուցել է նաև քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ, որը նշել է, որ Հայաստանի օդային տարածքը փակ է եղել միայն 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Փաշինյանի կառավարությունը բացեց առաջին միջանցքը» վերնագրով նյութում էլ հեղինակը գրում է, որ «վարչապետն իր անգերազանցելի դեմագոգիայով խոսում է խաղաղության դարաշրջանի և փոքր քայլերով առաջ գնալու մասին․ օդային «անշառ» միջանցքը այդ փոքր քայլն է ցամաքային միջանցքների բացման շեմին։
Միջանցքներով Հայաստանը «ստանալու» է Արցախի ու Սյունիքի մարզի կորուստը խիստ պայմանական «մի քիչ գոյատևելու» դիմաց։ Դա է Մոսկվայի ու Բաքվի տեսլականը, որը պարզ շարադրված է առաջին դեմքերի մակարդակով»։
Այդ քայլը հակաիրանյան է համարում ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը․ «Իրանը փակում է Ադրբեջանի համար երկինքը, իսկ Հայաստանը՝ բացում։ Այդպիսով իշխանությունը ցույց է տալիս, որ այդ հարցում Իրանի գործընկերը չէ։
Այդպիսով նրանք ցույց են տալիս, որ նախընտրում են ոչ թե բարեկամական Իրանի, այլ թշնամի երկրի շահերը»։
Դժվար է պատկերացնել ավելի ամոթալի երևույթ, քան ադրբեջանա-իրանական հակամարտության ֆոնին Հայաստանի տարածքով ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ, պատմաբան Սեմյոն Բաղդասարովը:
«Ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունը հավանաբար լիակատար հարբածության կամ դանդաղ ընթացող շիզոֆրենիայի վիճակում: Դա նշանակում է, որ վաղը իրանական կողմն իր պահանջները կներկայացնի Հայաստանին: Հիշեցնեմ, որ Հայաստանի` դեպի արտաքին աշխարհ ելքերից մեկն անցնում է Իրանով, և ամենադժվար պահին իրանցիներն այս հարցում օգնել են Հայաստանին:
Արդարացումները` իբր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի օդային տարածքի` քաղաքացիական ինքնաթիռների կողմից օգտագործումը սահմանափակված էր բացառապես 44-օրյա պատերազմի ընթացքում», իսկ դրանից առաջ օդային տարածքը փակ չէր, նախատեսված են բացառապես ապուշների համար»:
Սեփական օդային տարածքն ադրբեջանական ինքնաթիռների համար բացելու դիմաց Հայաստանը չէր կարող որևէ պայման դնել, քանի որ ՀՀ իշխանությունները հակառակորդի հետ կապիտուլյացիա են կնքել, և բացի այդ՝ շարունակում է օդում կախված մնալ Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառելու մութ պատմությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Իսկ քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը, իր օդային տարածքն Ադրբեջանին տրամադրելուց առաջ պետք է առնվազն բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայման դներ։
«Եթե հիմա Հայաստանը Ադրբեջանի համար բացում է իր օդային տարածքը, ինչպե՞ս է հայտարարում, որ Իրանի դեմ որևէ դավադրության չի գնա։
Ստացվում է, որ գործընկերոջ հաշվին ուրիշին լավություն է արվել, այն էլ՝ մեր թշնամի երկրին, այն էլ այն երկրին, որտեղ պահվում են մեր գերիները, այն երկրին, որի զինվորականները ներխուժել են մեր տարածք։ Ի՞նչ է, ադրբեջանցիներն արդեն հե՞տ են գնացել Սև լճի տարածքից», – հարցնում է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները սպասարկում են թշնամական պետության շահերը։
Ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստորեն «ազգընտրյալ», ուսապարկերի հակահիգենիկ տիրակալն առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա, նորից «Նոյեմբերի 10» է ստորագրել:
Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ»:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ այդ առիթով նշել է, որ հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ «ՀՀ-ում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։ Եթե կապիտուլյանտի գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին»։
«Մեկ գերի՝ օդային սահմանի դիմա՞ց» վերնագրով նյութում հեղինակ Արմեն Միրզոյանը անդրադառնալով լուրին, թե Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում անհետ կորած Արթուր Բորիսի Դավիդյանին գրել է․ «Մենք, բնականաբար, չենք կարող պնդել, թե հայ գերու վերադարձը կարող էր լինել Հայաստանի օդային տարածքն օգտագործելու գինը, սակայն, հաշվի առնելով, որ վերջին շաբաթներին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը փոխանակվում են դրական ազդակներով, այս գործընթացը բացառել չի կարելի։ Եթե անգամ այս գործընթացները միմյանց հետ փոխկապակցված են, հարց է առաջանում՝ ինչու միայն մեկը»։
Մարտակերտում տրակտորիստի զոհվելն ու ռուսական կողմի լռությունը
Ամսվա քննարկվող լուրերից էր նաև Մարտակերտ քաղաքի մոտակայքում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհված տրակտորիստի մասին լուրը։ Դեպքը տեղի է ունեցել հենց խաղաղապահների աչքի առաջ։
5-րդ ալիքի հաղորդվարը այս խոսքերով է սկսել թողակումը․ «խաղաղության դարաշրջան բացող Հայաստանին այս շաբաթ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր չխաղաղվող մարդասպան դեմքը։ ․․․Հայերի գլուխը ջարդելու Ադրբեջանի նախագահի խոստումից անմիջապես հետո գործի անցան Ալիևի զինվորները։ Գուցե նաև այն պատճառով, որ մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններին արժանի հակահարված տալու փոխարեն Հայաստանի իշխանությունը մեզ հորդորում է ամուր պահել նյարդերը»։
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների նյարդերը անջատվում են, երբ գործը հասնում է Ադրբեջանին լավություն անելուն։ Անդրադառնալով Հայաստանի օդային տարածքը բացելուն նա հավելել է․ «7 տարի Ադրբեջանի համար անձեռնմխելի հայկական երկինքը հիմա հասանելի է Բաքվին։․․Մեր օդը ադրբեջանական օդանավերի համար բացելու դիմաց Բաքուն վերադարձրեց մեկ գերու»։
Լուրը հետաքրքրական էր նրանով, որ հայկական լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ տրակտորի մեջ այդ պահին նստած էր նաև մի ռուս խաղաղապահ, սակայն ռուսական կողմը այդ ամենի մասին ոչինչ չասաց։
Այս թողարկմանը նշվում է այն մասին, որ ռուս խաղաղապահ է եղել նստած տրակտորիստի կողքին՝ հղում անելով Հայաստանի գլխավոր դատախազությանը։ Նաև այն մասին, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում երկու շաբաթ առաջ ադրբեջանցու կրակոցներից մեկ խաղաղապահ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Թաղավարդցիները լրատվամիջոցի թղթակցին պատմել էին ամեն ինչ, սակայն, քանի որ պաշտոնական լուր չկար, որոշեցին դրանք չհանրայնացնել։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը դեպքը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետևողական քաղաքականություն՝ հայաթափելու Արցախը։
«Իրենք լավ են հասկանում, որ նման զոհերը մարդկանց մեջ իրավացիորեն վախ են սերմանելու, և մարդիկ լքելու են երկիրը։ Հատկապես, եթե դա արվում է ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Շատ բան կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանը կպարտադրի՞ Ադրբեջանին, որ բացահայտի՝ ով է մեղավոր։ ․․․ Ռուսաստանը կհասնի՞ նրան, որ այդ կրակող անձը քրեական պատասխանատվության ենթարկվի՝ զինադադարը խախտելու համար։ Բայց կարծում եմ՝ ոչ մի բան էլ չի արվի»,-կարծում է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով՝ այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները:
Իսկ Արցախի արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ Ադրբեջանի քայլերը միտված են Արցախի խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը:
«Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում․ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: