2021.07.21,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. մայիս

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Մայիսին հայաստանյան լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաները սահմանային միջադեպերին էին վերաբերում՝ ադրբեջանական զինված ուժերի հայտնվելը Հայաստանի սուվերեն տարածքում։

Մայիսի 12-ից լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում էր Սյունիքի մարզում գտնվող Իշխանասարի ու Սև լճի շուրջ զարգացումները, իսկ արդեն ամսվա վերջին՝ Գեղարքունիքի մարզի սահմանային գոտուց հայ վեց զինծառայողների գերեվարումը։

Իշխանասար․ զարգացումներ ու քաղաքական ենթատեքստեր

Մայիսի 12-ին առավոտյան լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ լարված է հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում՝ Իշխանասարի ուղղությամբ: 

Կեսօրին ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, որոնք հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցվել են։

ՊՆ-ն հերքեց նաև մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին»։ Իշխանասարի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները տարբեր կերպ մեկնաբանվեցին քաղաքական թևերի կողմից՝ դրանց տալով ներքաղաքական ենթատեքստ։

«Կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան, մարտեր չեն եղել»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես է արձագանքել շրջանառվող լուրերին։ 

Նրա կարծիքով՝ հակառակորդի գործողությունները քաղաքական կոմպոնենտ ունեն և միտված են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածության առաջացմանը։ 

Խոսելով տարածվող կեղծ տեղեկությունների ու դրանց պատճառների մասին՝ նա դրանք որակել է «պլանավորված պրովոկացիա» և նշել, որ իր համար «հասկանալի է այդ պանիկայի իմաստը»։ 

Այդ լուրերը «մեդիատեռորի հերթական նողկալի փորձ» է որակել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել, էլ ուր մնաց՝ մարտեր ընթանան։ Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»,- գրել է պատգամավորը:

Հանրային հեռուսատեսության հետ զրույցում Սյունիքից ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ Ադրբեջանը մի շարք խնդիրներ է փորձում լուծել իր համար։ Դրանցից մեկը Հայաստանում անկայունություն առաջացնելն է՝ գիտակցելով, որ «պարարտ հողը արդեն կա, քաղաքական ուժեր կան, որոնք սա օգտագործելու են պետության և իշխանության դեմ»։ 

5-րդ ալիքն էլ իր ռեպորտաժներից մեկում մեջբերել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքը, որ «այդ բարձունքին տիրանալով թշնամին վերահսկողության տակ է առնում Սյունիքի բազմաթիվ բնակավայրեր, ջրային ռեսուրսներ»։ 

Սեյրան Օհանյանը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունը փորձում է ինչ գնով էլ լինի ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, գուցե կանխել սպասվող ընտրությունները, որպեսզի հանկարծ իշխանության չգան Ալիևի ասած ռևանշիստները։ Ադրբեջանի նախագահը հաճախ է հասկացնում՝ չի ուզում, որ Փաշինյանը հեռանա։ 

Նույն թողարկման ընթացքում լրատվամիջոցը լուր է հաղորդում՝ Սիսիանում մասսայական թունավորման դեպքի հետ կապված՝ հռետորական հարց հնչեցնելով՝ դա կարո՞ղ է կապ ունենալ Սև լիճ ադրբեջանցիների ներխուժման հետ։ Իսկ սյուժեի վերջում էլ լրագրողը միտք է արտահայտում, որ «անվտանգության խորհրդին մասնակցած առողջապահության նախարարը հստակ չհերքեց, որ կարող է թունավորումը կապ ունի»։ 

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ Իշխանասարից ամենակարճ հատվածն է դեպի Նախիջևան, և եթե թշնամին ցանկություն ունի Սյունիքը ռազմական ճանապարհով գրավելու, «ամենահարմար տարբերակներից մեկն է այդտեղից անմիջապես կտրել և ամբողջապես Սյունիքը անջատել ՀՀ մնացած տարածքից»։ 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ ասում է, որ «Ալիևն ասում է, թե ուժով կվերցնի Սյունիքը, հիմա դա տեղի է ունենում, որպես նրա գործընկեր՝ Հայաստանում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը: Մեր պետական սահմանից 3 կմ առաջ գալը քրեորեն հետապնդելի արարք է, որի հետևից պետք է գնա իշխանությունը, բայց չի անում: Պետությունը պետք է զիներ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, բայց նրանց զինաթափում են՝ դյուրին դարձնելու ալիևյան օկուպացիան»։ 

«Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը»,- կարծում է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը․ «Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից և Թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է»։ 

6 զինծառայողների գերեվարումը

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ «Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»։ 

Նույն օրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ եթե Գեղարքունիքի մարզից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները կփոխանակվեն գերիների հետ։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է մայիսի 12-ից առաջացած սահմանային խնդրի լուծումը, այլև նոր իրողություն է առաջ բերում․ «Սա արդեն հղի է շատ լուրջ հետևանքներով և պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը»։

Նույն օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ու ժողովրդին կոչ արեց համախմբվել։ 

«Ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել, մենք բոլորս մի ընտանիք ենք ու մի օջախ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ կառավարությունը ստվերային գործարքների մեջ է։

6 զինծառայողներին առևանգելու փաստով դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում էր Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը:

Հայ զինծառայողների առևանգման թեման նույնպես տարբեր կոնտեքստներում լուսաբանվեց լրատվամիջոցներում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ կա քաղաքական և հոգեբանական խնդիր։ 

«Քաղաքականը՝ Ալիևը համոզված է, որ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում և, օգտվելով նրա թուլությունից, փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից։ Հոգեբանականը դա Ադրբեջանի 30 տարվա նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ ․․․ Նույն բանը, ինչ հիմա հայ ժողովուրդը պահանջում է Նիկոլից պարտված վիճակում, նույն բանը Ադրբեջանի ժողովուրդն էր պահանջում 30 տարի»։ 

«Ռուսաստանը խոչընդոտել է հայ զինվորներին ազատելու գործողությունը. Ինչ դեր է կատարել Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը» հոդվածում «Lragir.am»-ի հեղինակը գրում է, որ գերեվարման գործողությունն իրականացվել է Ակնայի ռուս-թուրքական կենտրոնից, որի գործառույթը ոչ միայն Արցախի վերահսկողությունն է, այլև 200 կմ խորությամբ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի հետախուզությունը և վերահսկողությունը: Դա կենտրոնի այսպես ասած պատասխանատվության գոտին է, նրա խնդիրը հայկական բանակի տեղաշարժերին հետևելն է և հայկական հնարավոր նախաձեռնությունների զսպումը, այդ թվում Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների ուղղությամբ:

«Գերիներին անմիջապես վերադարձնելու հնարավորությունն կանխվել է ռուսական կողմի «հորդորով», նրանց տեղափոխել են այլ տեղ: Ակնհայտ է, որ Մոսկվա-Բաքու պատանդառության պրակտիկան շարունակվում է, նրանց վերադարձի հարցը մեղմ ասած ձգձգվելու է Հայաստանին նոր պայմանագրեր պարտադրելու նպատակով։ Այսօր արդեն տեղեկություն եղավ, որ Սյունիքի մարզում ՀՀ կառավարությունը անհատույց հողատարածքներ է հատկացրել ՌԴ ԱԴԾ-ին (ՖՍԲ), սահմանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Հնարավոր է՝ դա կապված է «Մեղրիի միջանցքի» հետ»:

Շարունակելով թեման «Lragir.am»-ի հեղինակը գրում է․ «Ակնհայտ է, որ այս «միջադեպերը», ինչպես բնորոշում է ռուսական կողմը, շարունակվելու են պարբերաբար, ստեղծելով բազմաթիվ խնդիրներ՝ Հայաստանի ուշադրությունը կարևորագույն խնդիրներից շեղելու, մասնավորապես Արցախի կարգավիճակի հարցից և Մինսկի խմբում քննարկումներից հետ պահելու համար: Մոսկվայի ու Բաքվի հայտարարությունները ներդաշնակ են ու նույնական բովանդակությամբ»:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ ասում է․ «Հերթական հակահայ և հակասահմանադրական փաստաթուղթը ստորագրած կապիտուլյանտը հայ զինվորների գերեվարումից անմիջապես հետո հայտարարում է, որ կներկայացնի երկուստեք՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետ պլան։ Այսինքն՝ դավադրաբար վեց հայ զինվորի գերի հանձնած իշխանությունը պատրաստվում է ի օգուտ Ադրբեջանի կատարել նոր զիջումներ, ամենայն հավանականությամբ՝ նոր տարածքների, միջանցքի կամ ծայրահեղ անշահավետ պայմաններով կատարված դելիմիտացիայի պայմանագրի տեսքով»:

Ըստ Մելոյանի՝ այս պայմաններում առավել հիմնավոր և ողջամիտ ենթադրություն է, որ վեց հայ զինվորների գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված՝ հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար։

Իսկ «Aysor.am»-ն էլ արտատպել է «Հրապարակ» թերթի հոդվածը, որում նշվում է. «Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, և նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երևանում և հետևել հետագա զարգացումներին: Բայց ռուս խաղաղապահներին հրահանգված է չմիջամտել, քանի դեռ ընդհարումները տեղի են ունենում, այսպես կոչված, «վիճելի տարածքներում»։ Եվ ռուս-ադրբեջանական կողմերի ձեռքին առկա է քարտեզ, որի հիման վրա տեղի է ունենալու սահմանների դեմարկացիան»։

Փաստաթուղթ, որը պետք է ստորագրի Հայաստանը

Մայիսի 19-ին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց՝ պնդելով, թե դա ապացույց է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիան սկսելու գործընթաց է նախաձեռնվել։ Մայիսի 20-ին կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին՝ խոսելով նաև արտահոսքի արդյունքում հրապարակված փաստաթղթի մասին։

«Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»։

Ավելի ուշ, այնուամենայնիվ, փաստաթուղթը հրապարակվեց ամբողջությամբ մի քանի տելեգրամյան ալիքներում, իսկ հետագայում հայտնվեց նաև լրատվամիջոցներում։ Այս փաստաթղթի կետերն ու առաջարկները քննարկումների առիթ դարձան։ 

Սիվիլնեթի թղթակից Գևորգ Թոսունյանն իր հոդվածում նշում է, որ Նիկոլ Փաշինյանին ստիպում են ստորագրել նոր փաստաթուղթ, դրա բովանդակության մանրամասների մասին չի խոսվում, սակայն Փաշինյանը կրկին վստահեցնում է, որ ամեն ինչ անում է Սյունիքի անվտանգության և նոր պատերազմը կանխելու համար։ 

«Չի խոսվում այն մասին, որ այդ դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը կկորցնի միջպետական նշանակության ճանապարհներ, ինչպես նաև տարածքներ Տավուշում, և վերջնականապես կլինի խոցելի: Նոյեմբերի 10-ի հայտարարության՝ մեզ համար առաջնային կետն այդպես էլ չի իրագործվել. Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել մեր հայրենակիցներին։ … Այս մթնոլորտում ինչպե՞ս է հնարավոր իրականացնել դեմարկացիան։ Իսկ ի՞նչ է այս մասին մտածում մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը»,- գրում է հեղինակը։ 

Արմնյուզի «Օրախնդիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ստորագրվելիք փաստաթղթին, նշել է․ «Վարչապետին երեկ լսելիս ակնկալում էի, որ հրապարակը պետք է լցված լինի։ Մինչև այսօր մեր մեջքի հետևում կնքված բոլոր փաստաթղթերից հետո կարծում էի, թե սա իսկապես ցնցում կառաջացնի մեր հասարակության մեջ, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում այդ ամենի խորությունը»:

«1in.am»-ը հրապարակել է ընդդիմության հավաքներից մեկը, որի ընթացքում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել, ու ժողովուրդը չպիտի թույլ տա, որ նա մնա իշխանության։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *