2021.05.13,

Խաչմերուկ

Պատերազմն ու հակառակորդը, որից սովորել եմ ու սովորում եմ

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ամենակարևոր ու կենսական նշանակության դասերն ինձ տվեց հակառակորդը կամ թշնամին (ինչպես ցանկանում եք՝ բնորոշեք, դրանից մեր հարևանի էությունն ու նրա հետ փոխհարաբերությունների բովանդակությունը չի փոխվում)։

Տարօրինակ թող չհնչի, սակայն հակառակորդն ինձ ավելի շատ բան սովորեցրեց այս ընթացքում, քան ուսուցիչներս միասին վերցրած։

Առաջին դասը ստացա 2020-ի հոկտեմբերի վերջին, երբ հերթական աշխատանքային այցից հետո վերադառնում էինք Երևան։ Այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Ադրբեջանի կողմից լայնածավալ կերպով սպիտակ ֆոսֆոր զինատեսակ կիրառելու վերաբերյալ։ Ստեփանակարետի անլույս փողոցում նստեցինք մեքենան, 5 հոգով էինք, բենզին լցրեցինք, հեռախոսներն անջատեցինք ու ճանապարհվեցինք։

Քաղաքից դուրս եկանք, տեղ-տեղ մեքենաներ էին «խփված», մի քանի հատվածներում էլ «Սմերչի» հրթիռներ, ավելի հեռացանք, ձախ կողմի սարի գագաթը «վառվում էր», տարօրինակ գծային կրակ էր։ Մեկս ասաց, թե հրթիռ է ընկել, մյուսն էլ՝ այդ ֆոսֆորի արդյունքն է։

Ծուխը Արցախի խոշոր երկու քաղաքների կողմը չէր գնում, այլ հարավ։ Հակառակորդը գիտեր՝ ինչ է անում ու ինչու, նա ուզում էր վախեցնել ու խուճապ սերմանել մարդկանց շրջանում։ Մեր թիմի օպերատորը փորձեց հիշել, թե հայերն արցախյան առաջին պատերազմին ինչ հնարք էին կիրառել ադրբեջանցիներին խուճապի մատնելու համար, կարծես ցորեն էին լցրել վրաները կամ այլ բան, և խառնաշփոթ էր առաջացել հակառակորդի շարքերում։

Սահմանն անցանք, մտանք Գորիս, քաղաքը լույսի մեջ էր թաթախված, անսովոր էր։

Այդ օրը հակառակորդն ինձ սովորեցրեց չվախենալ, սովորեցրեց նաև չվախենալ խոստովանելուց, որ վախենում ես ու հաղթահարել այդ վախը։ 

Երկրորդ դասը, որ ստացա, չթերագնահատել հակառակորդին ու չգերագնահատել մեզ։

Տարիներ շարունակ իմ ու ինձ հասակակից երիտասարդների շրջանում և ոչ միայն, սերմանել են այնպիսի մտածելակերպ, ըստ որի՝ հակառակորդը մեզնից ուժով և խելքով ստորադասված է, այն աստիճան ցածրակարգ էր դարձել հայկական քարոզչամեքենան, որ հակառակորդն ընդհուպ համեմատվում էր ոչխարի հետ։

Մենք կորցրել էինք իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը։

Ծայրահեղ սխալ այս մոտեցումը հերքվեց հենց պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Պարզ օրինակներ բերեմ։ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մեր հակառակորդը միտումնավոր հայ վարորդներին տեսանելի հատվածում տեղադրել է ադրբեջական ցուցանակներ ու պաստառներ։

Սա յուրահատուկ հոգեբանական ազդեցության գործիք է, սկզբնական շրջանում այն ծառայում էր որպես տեղեկատվական պատերազմի մասնիկ, բնականաբար հայկական լրատվական դաշտում շատերն այն օգտագործեցին՝ թերևս ոչ միտումնավոր աջակցելով Ադրբեջանի քարոզչամեքենային։

Հիմա էլ այդ նույն ցուցականները տվյալ ճանապարհով անցնող հայերին հոգեպես ճնշելու միջոց են հանդիսանում, որ միշտ հիշենք պարտության մասին։

Ամեն շաբաթ նրանք նորանոր տեղեկատվական «արկեր» են նետում մեր հանրային տիրույթ։ Իլհամ Ալիևի, իբր թե, «Սոսիների պուրակում» լինելու մասին վկայող լուսանկարն այդ շարքից է։

Նույն իրավիճակն է նաև դիրքերում, ադրբեջանական կողմը լավագույնս կահավորում է իր առաջնագիծը՝ ցույց տալով հայ զինծառայողի նկատմամբ անգամ այդ հարցում առավելության մասին։ 

Պատերազմը սովորեցրեց ավելի խելամտորեն ու զուսպ մոտենալ ձեռքիս տակ հայտնված տեղեկատվությանը։

Օրինակ, դեկտեմբերի կեսին եղա Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում։ Հանդիպեցինք կամավորական խմբերի հետ, որոնք այդ ժամանակ դեռևս շարունակում էին իրականացնել սահմանների պաշտպանությունը։

Նրանց հրամատարներից մեկը մեզ ուղեկցեց գյուղերից մեկի ծայրամաս՝ վստահեցնելով, որ այդ տարածքը, ըստ խորհրդային քարտեզների ու GPS համակարգի, կարող էր անցնել ադրբեջանական վերահսկողության տակ, սակայն իրենց շնորհիվ այդպես չէ։

Ես նկարահանեցի նրան, բայց որոշակի ուսումնասիրությունից հետո իմ նյութում այդ մասին խոսք չեղավ։ Եվ խնդիրն այն չէր, որ հրամանատարը ստում էր, ընդհակառակը, նա ճիշտ էր, պարզապես իմ աչքի առաջ էր Արավուս գյուղի օրինակը, որտեղ սահմանապահ կամավորները նկարահանել էին համայնքապետի ու ադրբեջանցիների բանակցությունները՝ ներկայացնելով, որ համայնքապետը կարողանում է պաշտպանել սեփական գյուղի տարածքները։

Այդ տեսանյութն Ադրբեջանում ներաքաղաքական շահարկման առիթ էր դարձել, և ինչպես պատմեցին Արավուսում և Տեղում, Բաքվից ժամանել է գեներալներից մեկը և հորդորել նահանջել, հակառակ դեպքում սպառնալով հարձակվել գյուղի վրա։

Արդյունքում, որպեսզի լարվածությունը չխորանա, բանակային կորպուսից հորդորել են դիրքերի տեղը փոխել։ Առ այսօր Արավուսը պայքարում է կադաստրային թղթերով հաստատված 54 հեկտար տարածքի համար։

Պատերազմը սովորեցրեց անկեղծ լինել հանրության հանդեպ, անգամ այնպիսի թեմաներում, որոնք առաջին հայացքից և հատկապես իշխանության աչքերում՝ «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող են»։

Պատերազմից առաջ մեզ տանում էին, օրինակ, Արցախի հյուսիսում գտնվող «Եղինիկներ» զորամաս, ներկայացնում խրամատները, մեր բանակի մարտունակության ու զինվորի անկոտրում ոգու մասին վկայող տեսարաններ։

Պատերազմը, սակայն, ցույց տվեց, որ առաջնագծի մեծ մասը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, իսկ բանակը՝ խոցելի։

Պետք էր խոսել այն խնդիրների մասին, որոնք չլուծված էին մնում նախ և առաջ այն պատճառով, որ թաքցվում էին հանրությունից։ Դրանցից մեկը սահմանային անվտանգությունն է։

Փետրվարին կրկին Սյունիքում էի և կամավորականների հետ մեկնում էի առաջնագիծ։ Նպատակս հենց առաջնագծում տիրող իրավիճակի լուսաբանումն էր։ Ես տեսնում էի բահերով փորված խրամատներ, անմխիթար պայմաններում ծառայություն իրականացնող զինվորներ ու կամավորներ, իսկ դիմացը՝ ամեն ինչով ապահովված հակառակորդ։

Այս խնդիրները սքողվում են, քանի որ դրա մասին բարձրաձայնողները կարող են պիտակավորվել իշխանության կողմից առնվազն, իսկ առավելագույն դեպքում, վերջերս ընդունված օրենսդրական փոփոխություններից հետո, նաև տուգանվել։ 

Գևորգ Թոսունյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *