2021.01.11,

Խաչմերուկ

Հրադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա․ հայտարարություն, որն ամեն ինչ փոխեց

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ կմնա որպես հայկական կողմի ամենախայտառակ էջը։ Այս և տարբեր այլ որակումների մինչև օրս կարելի է հանդիպել հայկական լրատավամիջոցներում։

Այդ օրն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հայտարարությամբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնությամբ վերջ դրվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմին։

Հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Հաջորդ կետերում նշվում է Ադրբեջանին հանձնվելիք շրջանների ու տարածքների ժամկետները և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, գերիների փոխանակման, փախստականների վերադարձի մասին։

Ի տարբերություն կրակի դադարեցման վերաբերյալ նախորդ երեք հայտարարություններին, որոնց ավելի վաղ անդրադարձել էինք, այս մեկը չխախտվեց, համենայնդեպս, լայնամասշտաբ պատերազմ այլևս չկա՝ ի շնորհիվ հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ ուժերի։

Հայտարարության հիմնական պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր որակումների արժանացավ՝ հիմնականում բացասական, քանի որ, ըստ որակողների, «նա կապիտուլյացիոն համաձայնագիր է ստորագրել, դավաճան է, վաճառել է Արցախը» և այլն։ 

Պաշտոնական պարզաբանումներ․ ինչո՞ւ այդպիսի քայլի գնաց հայկական կողմը

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարության մեջ նշել է, որ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել․ «Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ «հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ ռազմական գործողություններն այնպիսի կետում էին Ղարաբաղում, որ հետևանքներն ավելի վատ կարող էին լինել․ «Սա ցավալի և պարտադրված որոշում էր… Որոշումը չի կայացվել հապճեպ՝ այլ բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով»։

Պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանմամբ՝ պաշտպանության բանակը գործել է սպառազինության և մարտական տեխնիկայի ապահովման առումով տոտալ բլոկադայում, «կատարել առավելագույն հնարավորինը»՝ դիմակայելով Ադրբեջանի գերսպառազինված զինված ուժերին, որոնց աջակցում էր Թուրքիան՝ ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության ու հրամանատարական կազմի առումով, նաև «գործուղելով» վարձկան ահաբեկիչներ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքը մամուլից է տեղեկացել հայտարարության ու պատերազմի դադարեցման պայմանների մասին։

«Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով»,- նշել է նախագահը։

Հայտարարությանը հաջորդած բողոքի ակցիաները

«Գիշերվանից Հայաստանի ու Արցախի վրա իջած ծանր տրամադրությունը ամեն րոպե ավելի է ծանրանում։ Ըստ էության՝ մեր պարտության մասին հայտարարության հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ փողոցում են՝ բարկացած, թե կուզեք՝ գժված»,- «Հայլուրի» գլխավոր թողարկումն այսպես է սկսել «5-րդ ալիք»-ի հաղորդավարը։

«Հայլուրի» ռեպորտաժներն Ազգային ժողովի բակում և կառավարության շենքի դիմաց վարչապետի հրաժարականի պահանջով անցկացվող ակցիաների մասին էին։ 

«Նիկոլ Փաշինյանին եմ դիմում՝ ասե՞լ էիք ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չեմ ստորագրելու, ասե՞լ էիք իրավունք չունեմ ես Ղարաբաղի հարցը վճռելու, Ղարաբաղը ունի օրինական իշխանություն, ասե՞լ եք, պարո՛ն Փաշինյան, ձեր պատասխանին ենք սպասում», «Այդ ստորագրությունը փրկեց մեր մնացած հայերի կյանքը», «30 օր օպերատիվ-մարտավարական իրավիճակը տնօրինելով՝ հետո ստորագրում եք կապիտուլյացիա․․․ հարց եմ տալիս՝ խի՞ 10 օր առաջ չեք արել»… մեջբերելով քաղաքացիների այս կարծիքները՝ հաղորդավարն ամփոփում է․ «Որ ավելի շուտ որոշում կայացնեին, այսքան զոհ չէինք ունենա, վստահ են կառավարության մոտ հավաքված կանայք»։ 

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ «գիշերվանից Երևանում ու մարզերում անկարգություններ ու զանգվածային ցույցեր են». «Գիշերը ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք, կոտրել դռներն ու ապակիները, ավերել ներսի դահլիճները: Տղամարդիկ ԱԺ-ի մոտ ծեծել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հարձակվել կառավարական կեցավայրի վրա: Առավոտյան ցուցարարները կրկին ներխուժել էին Ազգային ժողովի շենք»։

Նիկոլ Փաշինյանն էլ իրեն հավատացողներին ու «ջարդարարների հետ կապ չունեցողներին» խնդրում էր գնալ տուն։ 

Կրքերը հանդարտեցնելու նպատակով կոչով հանդես եկան Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա կաթողիկոսը։

Նմանատիպ կոչով հանդես է եկել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի և թե՛ ողջ հայության համար. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով»։

Իր խոսքով՝ դավաճանական որոշման ստորագրումը կանխելու նպատակով Երևան էր շտապել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ ավելի վաղ հրապարակվեց հայտարարությունը, քան Սամվել Բաբայանը կհասցներ կանխել։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից՝ նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են՝ հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ ․․․Սիրելի հայրենակիցներ, հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա…»։

Իրավիճակը փոխելու ելքերից մեկը, ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է․ «Հայաստանի Հանրապետության արժանապատիվ և հպարտ քաղաքացին չի կարող հանդուժել թուրքի առաջ կզած առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին։ Պետք է ինքը հեռանա․․․ Մենք պետք է մեր հայրենիքի բեկորները փրկենք»։

«Նիկոլ Փաշինյանը հանձնող է, ինքը պետություն կառուցող չէ, իրենով հնարավոր չէ առաջընթաց ապահովել»,- «5-րդ ալիք»-ի «Հարցազրույցի» եթերում ասել է նա։ 

«Արմնյուզի» լրագրող Աբրահամ Գասպարյանի որակմամբ՝ «իշխանությունը գնացել է կարգավորման մի խակ տարբերակի, որն ավելի շատ կապիտուլյացիա է, քան փոխզիջումային տարբերակ»։ 

Ըստ նրա՝ հայրենիք ենք կորցնում, և ժամանակ չունենք՝ անհրաժեշտ է միայն սթափություն, ուժերի գերկենտրոնացում ու գերլարում՝ իրադրությունը փոխելու համար. «Նորից պետք է խոսել Ռուսաստանի ու Իրանի հետ, եթե տեսնեն, որ պանթյուքիզմը մերժում ենք՝ ամեն ինչ կստացվի»։

«Հայաստանի և հայ ժողովրդի շահը պետք է ներկայացնի ազգային անոթներով շնչող ու ապրողը, ազգային ուժեղ բռունցքով տղամարդը, որն էլ կբերի այնպիսի բեկման, որտեղ պրոցեսի տրամաբանությունը կփոխվի»,- գտնում է հաղորդավար Աբրահամ Գասպարյանը։

Վարչապետի հրաժարականի պահանջով գործընթաց սկսեցին նաև 17 կուսակցություններ՝ բոլորին հրավիրելով հանրահավաքի։ Կուսակցությունների խորհուրդը հայտարարեց․ «Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը»:

Արցախի խորհրդարանում ընդգրկված 4 կուսակցություն էլ, աջակցություն հայտնելով վերոնշյալ 17 կուսակցություններին, պահանջեցին ՀՀ քաղաքական իշխանությունից՝ սեփական իշխանությունը պահելու նպատակով և սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: Նրանք պահանջեցին նաև Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը։ 

Թուրք խաղաղապահների մասին

Եռակողմ հայտարարությանն անմիջապես հաջորդեցին Ղարաբաղում թուրք խաղաղապահ ուժերի տեղակայման մասին լուրերը, որոնք, սակայն, հետո հերքվեցին ռուսական ու հայկական կողմերից։ 

Ղարաբաղյան շփման գծում տեղակայվելու են միայն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը․ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես հերքել է թուրք խաղաղապահների՝ Ղարաբաղում տեղակայման մասին լուրը․ «ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա»։

Հայտարարության վերաբերյալ միջազգային արձագանքներ

Հրադադարի հաստատման հայտարարության՝ այլ պետությունների և միջազգային լրատվամիջոցների արձագանքները նույնպես տեղ գտան հայաստանյան ԶԼՄ-ներում։

Նրանց մեջ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունն էր այն մասին, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման պարամետրերը: Հայտարարության մեջ նշվում է, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը և նաև այն, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել ապագա պայմանագիրը:

Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում և աջակցել կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ 

Այս ամենին զուգահեռ նոյեմբերի 10-ի հրապարակումներում առավելապես գերակշռում էին քննադատական կարծիքները Նիկոլ Փաշինյանի մասին, որոնցում առկա են բազմաթիվ որակումներ ու մեղադրանքներ։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *