2020.12.29,

Խաչմերուկ

Հակամարտության լուսաբանման նրբությունները

Անձնական փորձը թույլ է տալիս պնդելու, որ թվային դարում հակամարտություններ լուսաբանելը որոշ առումներով դարձել է ավելի հեշտ, սակայն, տեղեկատվական տարափի մեջ կարևոր է ունենալ գիտելիք և հմտություն ճիշտ կողմնորոշվելու և իրականությունը կեղծիքից տարբերելու համար։ Հակամարտությունների լուսաբանումն ավելի բարդ է օտարերկրյա լրագրողների և փորձագետների համար, որոնց մեծ մասը երբեք ոտք չի դրել տարածաշրջանում և, հաճախ, նրանց համար անմատչելի են հակամարատության մանրամասները՝ լեզվի կամ հենց տեղում չգտնվելու պատճառով։

Այս և այլ շատ խնդիրներ, սակայն, համացանցի ամենահասության միջոցով կարող են չեզոքացվել։ Օտարերկրյա փորձագետները հաճախ դիմում են իրենց լսարանին այս կամ այն հարցով։ Օրինակ, որևէ զինատեսակ նույնականացնելու համար նույնիսկ փորձառու ուսումնասիրողները կարող են դիմել սոցիալական ցանցերում իրենց հետևորդներին՝ օրինակ Թվիթերում։ 

Նույն կերպով, համացանցի միջոցով կարելի է օգնություն հայցել որևէ լուսանկար կամ տեսանյութ տեղորոշելու համար։

Վերջերս «New York Times»-ի վիզուալ հետաքննությունների բաժնի լրագրող Քրիստիան Թրիբերթը իր թվիթերյան էջում Եթովպիայի Տիգրայ շրջանում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների վերաբերյալ տեղեկատվություն էր հայցել տեղի բնակչությունից ամհարենեն՝ Եթովպիայի պետական լեզվով։

Ո՛չ Արցախում պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրա ավարտից հետո կողմերը չեն ներկայացրել ռազմական կորուստների մասին պաշտոնական տեղեկություններ ու թվեր։ «Oryx» ռազմական բլոգը, որը Թվիթերում բավականին ակտիվ էր Արցախում պատերազմի ժամանակ, բաց աղբյուրներով աշխատող մի քանի փորձագետների համագործակցության արդյունքն է։ Նրանք պատերազմի ընթաքցում ներկայացրել են հայկական և ադրբեջանական կողմերի ռազմական տեխնիկայի կորուստները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեսանյութերի և համացանցում հրապարակված նկարների և տեսանյութերի հիման վրա «Oryx»-ի կողմից հաշված հայկական կողմի կորուստների մասին տվյալները լայնորեն օգտագործվել են լրատվականների կողմից, այդ թվում «Washington Post»-ի և թուրքական պետական «Անադոլու» գործակալության կողմից։ Բլոգի կողմից ներկայացված ռազմական տեխնիկայի կորուստների վստահելիությունը հիմնավորված է վիզուալ ապացույցներով։ Բլոգում հրապարակված է յուրաքանչյուր տեխնիկայի լուսանկարը, որոնք ցույց են տալիս դրանք՝ ոչնչացված, վնասված կամ հակառակորդի կողմից վերցված վիճակում։

Իսկ ընդանրապես բաց աղբյուրներում հասանելի տեսանյութերի, լուսանկարների և այլ տեղեկատվության հիմա վրա կատարած ցանկացած ուսումնասիրություն կարող է կիսատ, մոլորեցնող կամ սխալ դուրս գալ մի քանի գործոնների պատճառով։ Օրինակ, համացանցում կամ բաց աղբյուրներում եղած տեղեկությունը կարող է լինել ոչ ամբողջական և դրա վերլուծությունները չեն արտացոլի իրական պատկերը։ Մարդկային սխալը ևս կարող է ազդել ուսումնասիրության արդյունքների վրա։ 

Ոչ ամբողջական տեղեկատվության մի օրինակ է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) ռազմական տեխնիկայի առևտրի տվյալների բազան։ Չնայած որ բազայում առկա են երկրների միջև սպառազինության առք ու վաճառքի մասին համապարփակ տվյալներ, դրանում բացակայում են այլ տվյալներ որոշ երկրների միջև զենքերի առևտրի վերաբերյալ։ Դրա պատճառ կարող են հանդիսանալ օրինակ զենքի գաղտնի կամ ապօրինի ձեռք բերելը։

Նույն կերպ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) կողմից հրապարակվող «The Military Balance» տարեգրքում առկա է ոչ ամբողջական տեղեկություն երկրների սպառազինության մասին։ Այսպես, ըստ 2020 թվականի տարեգրքի Ադրբեջանն ունի հետևյալ տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ 7 Aerostar, 1 Heron; 10+ Hermes 450 և առվազն 1 Hermes 900։ Սա ակնհայտորեն ոչ ամբողջական տեղեկություն է։ Օրինակ, Ադրբեջանը հաստատապես ունի իսրայելական Harop, Orbiter-1K և Orbiter-2, SkyStriker տեսակի ԱԹՍ-ներ։

Բնականաբար, հակամարտությունների լուսաբանման համատեքստում խրախուսվում է հետևել փորձառու և անկողմնակալ ուսումնասիրողների հրապարակումներին, որոնք չունեն պատճառ միտումնավոր ոչ ամբողջական կամ միակողմնակի տեղեկատվություն հաղորդելու իրենց լսարանին։

Հովհաննես Նազարեթյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *