Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն արդեն անցյալում են, սակայն պատերազմն ու դրա հետևանքները հայաստանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից են։
Media.am-ը նախորդիվ անդրադարձել էր պատերազմի առաջին տասնօրյակին, իսկ այս անգամ ուշադրության կենտրոնում հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ամենաքննարկվող թեման է՝ առաջին՝ Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված հրադադարը։
Հոկտեմբերի 10-ին՝ կեսգիշերն անց, Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարվեց շփման գծում նույն օրը ժամը 12:00-ից հումանիտար հրադադարի մասին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնչեցրեց համատեղ եռակողմ հայտարարությունը, որում մասնավորապես նշվում էր, թե հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցում՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Կրակի դադարեցման պահից ընդամենը 5 րոպե անց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ «ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»:
Դրան հաջորդեցին արդեն բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններ՝ հրադադարը խախտելու և հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին։ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրեցին, որ փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ նշեց․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, որն իր հերթին նաև կապահովի այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ»։ Ամատունին ավելացրեց, որ, բնականաբար, նման իրավիճակը թույլ չի տալիս գործողություններ սկսել. նման պայմանները բավարար չեն:
Պաշտոնական հայտարարություններից բացի եղան նաև առանձին մեկնաբանություններ լրատվամիջոցների կողմից։
«5-րդ ալիք»-ն, օրինակ, այդ օրվա իր լրատվական թողարկման ընթացքում մեջբերեց Արցախի թղթակցի փոխանցած հումորը, թե հրադադարի հաստատման քննարկումը շատ ավելի երկար է տևել, քան բուն հրադադարը։
Մի քանի օր անց մեկ այլ թողարկման ժամանակ ռեպորտաժ էր պատրաստվել Ստեփանակերտի մի ապաստարանից, որում լրագրողը նշում է, թե «ապաստարանում գտնվող բնակիչները զարմացած չեն թշնամու գործողություններից, իրենք շատ լավ գիտեն՝ ինչի են ի վիճակի ադրբեջանցիները»։ Այնուհետև, մեջբերվում է բնակիչներից մեկի կարծիքը․ «Ոչ մի հրադադար չի եղել։ Անընդհատ կրակել են, պայմանավորվածությունից հետո էլ։ Մենք արդեն չենք էլ փորձում այս նկուղից դուրս գալ, ինչ իմանաս՝ երբ կխփեն»։
«Հայլուր»-ի մեկ այլ թողարկման ժամանակ ներկայացվեց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ զրույցը այն մասին, որ ՀԱՊԿ-ն կարող է դառնալ խաղաղապահ առաքելության գործոններից մեկը։
Ըստ նրա՝ հումանիտար հրադադարը չգործեց, քանի որ արդյունքում կողմերը չհամաձայնեցին վերիֆիկացիոն, հետաքննող մեխանիզմներ ներդնել, «այդ պատճառով սահմանին զինվորական դիտորդներ են պետք, ու հենց ռուս դիտորդներ»։
«Ռուս խաղաղապահները երբեք չեն եղել պատերազմական դրությունը թեժացնողի դերում, մինչդեռ իրավիճակը կարող է սրվել, եթե օրինակ խաղաղապահ առաքելություն իրականացնեն թուրք զինծառայողները։ Ռուսաստանը՝ խաղաղության, Թուրքիան պատերազմի կողմնակից է»,-նշել է նա՝ ավելացնելով, որ խաղաղություն ցանկացողները կնախընտրեն ռուս խաղաղապահներին։
Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ռուսաստանցի պաշտոնյաների ու փորձագետների կարծիքները քիչ չէին, ու նույն կարծիքները կարելի էր հանդիպել տարբեր լրատվամիջոցներում։ Դրանցից էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի կարծիքը․ «Տեղի է ունեցել գլխավորը. քանդվել է փոխադարձ բռնության փակ օղակը: Առկա է եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի հնարավորություն: Ավելի լավ է դա, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են յուրայինների, գերիների և սպանվածների վրա: Եվ նրանք պետք է իմանան այդ մասին: Այդ իսկ պատճառով նրանք չպետք է լինեն և ոչ մի կողմից»։
«Այն, որ 10-ժամյա դժվարագույն խորհրդակցություններից հետո հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, բոլոր գովեստներից վեր է: Դրա կարիքը, սակայն, չկա: Հսկայական կարևորության գործ է արվել»,- հավելել է Կոսաչովը:
Կոսաչովի կարծիքը հրապարակցին նաև 1in.am-ը և Իրավունք թերթը։
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկի կարծիքն էլ տեղ է գտել Հանրայինի եթերում. նա նշել էր, որ Ադրբեջանը նախահարձակ այս փուլում չհասավ իր ռազմաքաղաքական նպատակին, բայց սա չի նշանակում, որ խաղաղություն է հաստատվել։ «Ադրբեջանը առաջիկայում հետ չի կանգնի իր ծավալապաշտական գործողություններից։ Ենթադրում եմ, որ երկու կողմի ռազմամթերքը սպառվելու վրա է, երկարատև պատերազմը կողմերին ձեռնտու չէ»։ Նա հավելել էր, որ միջազգային հանրությունն այս փուլում կարող է միայն դատապարտել ահաբեկչական խմբերի ներառումը ադրբեջանական բանակ, բայց «պատերազմ է և միայն դատողությունները շատ քիչ են»։
«Հեռանկար»-ում Արամ Աբրահամյանն էլ զրուցել էր ռուս քաղաքագետ Վիտալի Տրետյակովի հետ։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը տարածաշրջանում ամենաազդեցիկ գերտերությունն է, որը ամենաշատն է շահագրգռված, որ խաղաղություն հաստատվի։
«Թուրքիայի հաստատումը Հարավային Կովկասում ոչ մի կերպ ձեռնտու չէ Ռուսաստանին։ Երրորդ հզոր ուժի ձևավորումը այստեղ կբերի ապակայունացման, հետևաբար Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Թուրքիան ամրանա այս տարածաշրջանում»։
Հետաքրքիր մեկնաբանություններ են տեղ գտել «Լրագիր»-ում։ Դրանցից մեկը «Այս հրադադարը զինադադար չէ և չի կարող դառնալ» վերնագրով նյութում հեղինակը նշում է, որ Ռուսաստանում ձեռք բերված այս հրադադարն առաջին հերթին հենց ռուսական կողմին է հասցեագրված:
«ՌԴ-ի պետական ինստիտուտները հրադադարի ընթացքում կա՛մ իրենց սահմանից միջազգային ահաբեկչությունը կհասցնեն հեռացնել և իշխանափոխություններ իրականացնել մասնավորապես Ադրբեջանում, կա՛մ Ռուսաստանը մեկընդմիշտ կհեռանա տարածաշրջանից՝ այն թողնելով կենաց-մահու քաոսի մեջ»:
Իր նյութում կայքի հեղինակ Հակոբ Բադալյանը նշում է, որ Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարը խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան. «Եվ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը պարկեշտ է, իսկ Թուրքիան՝ ոչ: Հրադադարը խախտում է Թուրքիան, որովհետև Ադրբեջան չկա, այդպիսի պետություն դե ֆակտո գոյություն չունի: Այն վերածվել է Կովկասը պատերազմի մեջ ներքաշելու և ահաբեկչական որջի վերածվելու պլացդարմի, ինչը Ալիևի իշխանության գինն է»:
«Թուրքիան բավականին հստակ հայտարարել է իր նպատակները՝ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ, կամ սիրիական տարբերակ, այսինքն՝ Ռուսաստանի հետ այլ ձևաչափ»,- հավելում է հեղինակը:
«․․․ՌԴ նախագահ Պուտինն արձանագրեց, որ Ռուսաստանը թույլ չի տա ռազմական գործողությունների մասշտաբային տարածում Հայաստանի սահմանի ուղղությամբ: Հարցն այն է սակայն, որ Թուրքիայի «խաղադրույքը» ադրբեջանական պլացդարմն է և այն պետք է զսպել այդ ուղղությամբ: Իսկ այստեղ Ռուսաստանը և գործնականում բոլոր ներգրավված այլ ուժային կենտրոնները, բացառությամբ Ֆրանսիայի, պահում են պարիտետ: Իրական քաղաքականության ռեժիմում դա գուցե այդքան էլ այդպես չէ, սակայն «Ադրբեջան» պլացդարմի համար նրանք պայքարում են Թուրքիայի հետ՝ մասնավորապես Իրանն ու Ռուսաստանը»:
«168 ժամ»-ի «Պետք չէ ունենալ պատրանք, որ Ադրբեջանը պահելու է հրադադար» հոդվածում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքն է, որ «ամեն դեպքում պետք է հասկանալ՝ Ադրբեջանը խախտելու է, սադրանքների է գնալու, հայկական կողմին ավելի է փորձելու մեղադրել խախտումների մեջ, դրան պետք է պատրաստ լինել»:
«Արմնյուզ»-ն իր թողարկումներից մեկում խոսել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ, ով, խոսելով հրադադարի պայմանավորվածության մասին, նշում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման և խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանը փաստաթղթի 4 կետերից երկուսը խախտել է»։
«Հայկական ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցել է Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ, որը նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածությունը դրժելու չորս պատճառներ, որոնցից մեկը, ըստ նրա, այն է, որ Ալիևը չի ուզում վերադառնալ բանակցությունների սեղան, «նա այդ թեման փակել է մինչ պատերազմը»:
Շուրջ մեկ շաբաթ և ավելի՝ մինչև հոկտեմբերի 18-ը, երբ հրադադարի մասին երկրորդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀՄ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի միջնորդությամբ ու հայտարարություն տարածվեց, Հայաստանի լրատվամիջոցներն առավելապես անդրադառնում էին հումանիտար հրադադարի անհրաժեշտությանը՝ կապելով այն նաև մարտի դաշտում ընկածների դիերի դուրս բերման հետ։ Այս համատեքստում հիմնականում շրջանառվում էր Հայաստանի պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ Ադրբեջանի իշխանությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը վախենում է հանրությանն առերեսել պատերազմի դաշտում կրած կորուստներին։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: