Հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մի քանի շաբաթ տեւած լարվածությունը լարված պահեց նաեւ հայաստանյան մեդիա դաշտը: Սահմանին տեղի ունեցող միջադեպերը, երկու կողմերից զոհերը շաբաթներ շարունակ լրատվամիջոցների գլխավոր թեման էին: Տեղի ունեցածը քննարկվում էր ոչ միայն մեդիայում, այլեւ սոցիալական ցանցերում:
Ինչպես հայաստանյան մեդիան լուսաբանեց սահմանային միջադեպերը. մեկնաբանում են մեդիա փորձագետները:
Սամվել Մարտիրոսյան
մեդիա փորձագետ
Երբ իրավիճակը սրվեց, փոխվեց լրագրողների մոտեցումը տեղեկատվությանը, ինչը բավական անսպասելի էր: Եթե մինչ այդ ինչքան չստուգված տեղեկատվություն եւ ֆեյսբուքյան ստատուս կար, ներթափանցում էր ցանց, ապա լարվածության օրերին թե՛ լրագրողները, թե՛ խմբագիրները շատ զգուշավոր էին դարձել, եւ չստուգված տեղեկատվություն գրեթե չէր հայտնվում լրատվամիջոցներում:
Մեդիան այդ օրերին բավական պրոֆեսիոնալ աշխատեց, չընկավ «լայքեր»-ի հետեւից եւ պատասխանատվությամբ կատարեց իր աշխատանքը: Բայց հետաքրքիրն այն է, որ հենց լրավածությունը թուլացավ, նորից վերադարձանք հին վիճակին:
Սակայն պետք է ասեմ, որ փոխվել է հասարակության վերաբերմունքը. առնվազն սոցցանցերում ընթերցողները դժգոհում են ապատեղեկատվությունից, նրանք ավելի ուշադիր են դարձել տեղեկատվության նկատմամբ:
Հարություն Հարությունյան
լրագրող
Լարվածության առաջին օրերին որոշ կայքեր, այդ թվում նաեւ իմ կողմից հարգված, տեղեկատվություն էին հաղորդում՝ ադրբեջանական կայքերից լրատվություն թարգմանելով: Մի քանի օր անց լուսաբանումը կարգավորվեց, բայց դա գալիս էր նրանից, որ Պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի ծառայությունը շատ լավ եւ ակտիվ աշխատեց, ոչինչ չփորձեց թաքցնել: Այս առումով լրատվամիջոցները խնդիրներ չունեցան: Խնդիրը պաթոսն էր, որ ներկա էր որոշ լրատվամիջոցներում. ինչ-որ պահի լրատվությունը վերածվեց կեղծ հայրանասիրական պաթոսի:
Մյուս խնդիրն այն է, որ մենք շարունակում ենք իրադարձություններին հեռվից հետեւել. սահմանին ինչ-որ միջադեպ է լինում, իսկ լրատվամիջոցներն ասեկոսեների, ինչ-որ մարդկանց տված ինֆորմացիայի հիման վրա են նյութ անում: Նույնիսկ երբ իրավիճակը լարվում է, նրանք գերադասում են լրագրող չուղարկել դեպքի վայր: Բայց մի բան է հեռվից լսելը, հեռախոսով մեկնաբանություն ստանալը, մեկ այլ բան՝ իրադարձության վայրում լինելն ու տեսնելը:
Այս առումով մենք տկար ենք: Բացառիկ կայքեր կային, որ անմիջապես լրագրող գործուղեցին սահմաններ: Սակայն ընդհանուր առմամբ մեդիան պատասխանատու եւ կազմակերպված աշխատեց, ավելի կազմակերպված, քան այլ կառույցներ, օրինակ, արտգործնախարարությունը:
Հարություն Մանսուրյան
մեդիա պրոդյուսեր
Լրատվամիջոցների ինչ-որ խումբ իսկապես ինչ-որ իմաստով պրոֆեսիոնալ էր՝ չճշտված ինֆորմացիա աշխատում էր չհաղորդել, ինֆորմացիա էր վերցնում Պաշտպանության նախարությունից, փորձում էր զանգել գուղապետարաններ, կապ էր հաստատում Ղարաբաղի գործընկերների հետ: Մյուս կողմից՝ իրադարձությունները ոչ միշտ էին պրոֆեսիոնալ լուսաբանվում. իհարկե, լավ է, որ տեղեկատվությունը չէր խեղաթյուրվում, բաց լրագրողները չէին փորձում ավելորդ հարցեր տալ կամ գնալ տեղում տեսնել, թե ինչ է կատարվում, այլ գերադասում էին կրկնել ՊՆ-ի հաղորդած ինֆորմացիան:
Լուսաբանման հիմնական խնդիրներից մեկը տերմինաբանությունն էր. բոլորը գրում էին «դիվերսանտ», բայց որեւէ մեկը «դիվերսանտ» բառի բացատրությունն այդպես էլ չտվեց, չասաց՝ ով է դիվերսանտը, որեւէ մեկը ՊՆ-ին չհարցրեց, թե դիվերսանտ ասելով ում նկատի ունեն, կամ որ երեք հոգու բռնեցին, պարզե՞լ են արդյոք, թե ինչ դիվերսիա են իրականացրել:
Մեդիայում հայտնված տերմինաբանությունն ու բնորոշումները հաճախ գալիս էին ՊՆ-ից: Երբ պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ եւ ասաց՝ «Թուրքը մնում է թուրք», իսկ Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց «սպանված «ասկյար»»-ի մասին, լրատվամիջոները սկսեցին վերցնել եւ շրջանառել այդ արտահայտությունները՝ չհասկանալով, որ ավելի են շիկացնում վիճակը:
Մյուս խնդիրը հայրենասիրական պաթոսն էր, որ կար թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցցանցերում: Լրատվությունը փորձ էր արվում ներկայացնել լրատվական պատերազմի ոճով:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: