Արհեստական բանականությունը (ԱԲ, AI) արդեն տեղական խմբագրություններում է։ Այն փոխում է աշխատանքի ռիթմը՝ հարցազրույցներ է սղագրում, արագացնում տվյալների մշակումը, վերնագրեր առաջարկում և աջակցում բովանդակության ստեղծմանը։
Հարցն այժմ ոչ թե տեխնոլոգիաների մասին է, այլ չափանիշների։ Ո՞վ է դրանք սահմանելու՝ մե՞նք, թե՞ գործիքը։ Հենց այստեղ է գլխավոր մարտահրավերը։
Լեզվական սահմանափակում
Հայաստանյան մեդիայի կարևոր խնդիրներից մեկը լեզվականն է։ Հայերենով թվային բովանդակությունը սահմանափակ է, և ԱԲ մոդելները չեն կարող լիարժեք մարզվել այդ միջավայրում։
Արդյունքը հաճախ տեսանելի է․ տեքստը կառուցվածքային առումով ճիշտ է, բայց չի «շնչում»։ Ձևակերպումները երբեմն բառացի են թարգմանված, համատեքստը սխալ է ընկալվում, իսկ մշակութային նրբությունները լիարժեք չեն փոխանցվում։
Սա իրական խնդիր է։ Բայց ամեն թերություն չէ, որ տեխնոլոգիայի մեղքն է։
Լեզվական սահմանափակումը մեզ ավելի մեծ պատասխանատվության առաջ է կանգնեցնում՝ պահանջելով ավելի հստակ հրահանգներ, մանրակրկիտ խմբագրում և փաստերի ստուգում։ Այս պայմաններում մարդու դերը ոչ թե նվազում է, այլ մեծանում։
Տեքստն ամենաբարդն է
Լեզվական խնդիրը հատկապես նկատելի է տեքստի գեներացման ժամանակ։ Լեզուն պետք է ունենա ներքին ռիթմ և մարդկային շունչ, իսկ այստեղ ԱԲ-ն դեռ աճելու տեղ ունի։
Մյուս ձևաչափերում պատկերը տարբեր է։ Լուսանկարների և տեսանյութերի հետ աշխատանքը հաճախ ավելի կառավարելի է, հատկապես երբ հրահանգը ձևակերպվում է անգլերենով։ Որոշ խմբագրություններ արդեն օգտագործում են ԱԲ-ն ենթագրերի ավտոմատացման, ձայնի գեներացման և այլ նպատակներով։
Գործիքը նույնն է։ Արդյունքը կախված է նրանից, թե ինչպես ենք այն օգտագործում։
Աշխատանքը չի վերանալու
Յուրաքանչյուր տեխնոլոգիական շրջադարձ նույն վախն է առաջացնում՝ աշխատանքները վերանալու են։
2000-ականներին մտավախություն կար, որ ինտերնետը կվերացնի տուրիստական գործակալներին։ Իրականում, տոմս վաճառողների թիվը նվազեց, բայց ոլորտը չվերացավ։ Այն ավելի մասնագիտացավ։ Պարզ առաջադրանքներն ավտոմատացվեցին, իսկ մարդկային փորձառությունն էական նշանակություն ձեռք բերեց։
Լրագրության մեջ նույն տրամաբանությունն է գործելու։
ԱԲ-ն կարող է արագ լուր գրել և տվյալներ ամփոփել, բայց չի կարող վստահություն ձևավորել, ապրումակցել կամ պատասխանատվություն կրել։
Եթե լրագրողի աշխատանքը միայն մեխանիկական է, ապա այո, այդ առումով նրա դերը խոցելի է։ Բայց եթե լրագրողը վերլուծում է, համատեքստ է տալիս, ստուգում փաստերն ու պահպանում լրագրողական էթիկան, ապա նրա դերը վտանգված չէ։
Ստացվում է, որ ԱԲ-ն ավելի շատ սպառնում է ոչ թե լրագրությանը, այլ միջակությանը։
Հակափաստարկներն իրական են
ԱԲ-ն կարող է հորինել փաստեր, վերարտադրել կարծրատիպեր կամ մոլորեցնող տեղեկություններ տրամադրել։ Սա լուրջ ռիսկ է։
Բայց այստեղ կարևոր հարց է ծագում. ունե՞ին արդյոք մեր խմբագրությունները փաստերի ստուգման ձևավորված մշակույթ մինչև ԱԲ-ի մուտքը։
Թույլ խմբագրություններում տեխնոլոգիան միայն արագացնելու ու շատացնելու է սխալները, մինչդեռ ուժեղ համակարգում այն բարձրացնելու է արդյունավետությունը։
Ամեն ինչ սկսվում է մտածողությունից
ԱԲ-ի արդյունքների որակը հաճախ արտացոլում է մեր հրահանգների որակը։ Եթե մենք նրան տալիս ենք միջակ հրահանգ, ապա ստանում ենք միջակ պատասխան, իսկ մտածված ու հստակ հրահանգի դեպքում՝ ավելի որակյալ արդյունք։
Այս պայմաններում լրագրողը միայն հեղինակ չէ։ Նա նաև հրահանգ ձևակերպող է, խմբագիր և փաստեր ստուգող։ Եվ սա մեկանգամյա հմտություն չէ։ Ամեն նոր գործիքի հետ պետք է նորից կարողանանք սովորել, փորձարկել, ընդլայնել մեր երևակայությունը։
Տեխնոլոգիան զարգանալու է։ Հարցն այն է՝ զարգանալո՞ւ ենք մենք արդյոք նրա հետ։
Փոքր շուկայի առավելությունը
Հայաստանը փոքր շուկա է՝ սահմանափակ ռեսուրսներով և լեզվական մարտահրավերներով։ Սակայն փոքր շուկան մի առավելություն ունի՝ ճկունություն։
Փոքր խմբագրությունները կարող են արագ փորձարկել, սխալվել և ուղղել։ Մեծ համակարգերը հաճախ ավելի դանդաղ են հարմարվում։
Առաջիկա տարիները փորձարարական լինելու են։ Տեղական որոշ խմբագրություններ արագ են հարմարվելու, որոշները՝ ուշ։
Բայց մի բան արդեն հստակ է․ ԱԲ-ն չի որոշելու լրագրության ապագան։ Այն պարզապես կարող է դուրս մղել նրանց, ովքեր կհրաժարվեն զարգանալ։