Տաթև Հովհաննիսյան
Միջազգային լրագրող և դասախոս
Լուսանկարը՝ Ռենան Բրազի, Pexels

Միջազգային մամուլը շատ արագ ու սուր արձագանքեց Վենեսուելայում ԱՄՆ-ի վերջին գործողություններին։ Լրատվամիջոցներն անմիջապես ողողվեցին ուղիղ եթերներով, փորձագիտական մեկնաբանություններով և քաղաքական վերլուծություններով։ Սակայն այս ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ վենեսուելացիների ձայները գրեթե չլսվեցին։

«Երբ ռումբերն ընկան, ու իշխանությունը փոխվեց, Վենեսուելան դադարեց դիտարկվել որպես երկիր, որտեղ մարդիկ ապրում էին ճգնաժամի մեջ, և վերածվեց աշխարհաքաղաքական դեպքի ուսումնասիրության»,- գրում է վենեսուելացի լրագրող Գաբրիելա Ռամիրեսը։

Եվ իսկապես, թեմայի շուրջ լուսաբանումն արագ տեղափոխվեց վերացական հարթություն՝ ինքնիշխանություն, միջազգային իրավունք, նավթ, թմրանյութեր, ԱՄՆ-ի ազգային անվտանգություն։ Մինչդեռ մարդիկ, որոնք ապրում էին վախի, բռնաճնշման և անորոշության մեջ, պարզապես դուրս մնացին այս քննարկումներից։

Հունվարի երեքից մի քանի օր անց արդեն լրատվամիջոցներն ամենայն մանրամասնությամբ բացատրում էին, թե ինչ հետևանքներ կունենա այս ամենը ԱՄՆ-ի հեղինակության կամ համաշխարհային շուկաների համար, բայց գրեթե ոչինչ չէին ասում այն մասին, թե ինչ է նշանակում հիվանդանոց հասնել զինված անցակետերով շրջապատված քաղաքում կամ ինչ կարող է սա փոխել քաղբանտարկյալների կյանքում։

Որոշ դեպքերում միջազգային մեդիան շեղվեց էականից՝ քննարկելով Նիկոլաս Մադուրոյի հագուստը նրա հեռացման գիշերը, մինչդեռ իրական մարդկային պատմություններ գրեթե չհրապարակվեցին։

Այս նույն մոտեցումը ազդեց նաև քաղաքական դերակատարների ներկայացման ձևի վրա։

Հիմնականում կենտրոնանալով ԱՄՆ-ի քննադատության վրա՝ որոշ խմբագրություններ Մադուրոյին աստիճանաբար սկսեցին ներկայացնել ոչ թե որպես ղեկավարի, որը խարխլել էր ժողովրդավարական ինստիտուտները, կեղծել ընտրություններն ու բանտարկել ընդդիմախոսներին, այլ որպես արտաքին ագրեսիայի զոհ։ Տասնամյակների բռնաճնշումները մի քանի օրում վերածվեցին «համատեքստի»։

Այստեղ ի հայտ է գալիս երկրորդ լուրջ խնդիրը։

Ինչպես նշում է վենեսուելացի լրագրող Քիմբերլի Յանեսը, այս ամենը հաճախ քողարկվում է «չեզոքության» անվան տակ։ «Երկու կողմերն էլ մեղավոր են» մոտեցումը դառնում է պատասխանատվությունից խուսափելու ձև։ Հեռավորությունն ու սառնությունը ներկայացվում են որպես պրոֆեսիոնալիզմ, իսկ ապրած փորձառությունը՝ որպես կողմնակալություն։

Արդյունքում, ձևավորվում է լրագրություն, որը վերլուծում է իշխանությունը, բայց սահմանափակ է անդրադառնում դրա վարած քաղաքականության հետևանքներին։

Վենեսուելացի լրագրողները, որոնք տարիներ շարունակ փաստագրել են մարդու իրավունքների խախտումները՝ վտանգելով սեփական կյանքը, այժմ հազիվ են կարողանում իրենց հոդվածները հրապարակել միջազգային մամուլում։ Նրանց նյութերը հիմնականում ներկայացվում են որպես սյունակագրի «կարծիք» և չեն ընկալվում որպես վստահելի աղբյուր։

Հայ ընթերցողի համար այս մեխանիզմը չափազանց ծանոթ է։ 

Մենք լավ գիտենք, թե ինչպես մեդիան կարող է նպաստել ինքնիշխանության ընտրովի պաշտպանությանը և ագրեսորի ու զոհի միջև կեղծ հավասարակշռության ձևավորվմանը, որի հետևանքով միջազգային քննադատությունը կարող է ուշանալ, իսկ մարդկային տառապանքը՝ դառնալ սակարկելի։

Վենեսուելայի դեպքում նույն հարցն է ծագում. ինչո՞ւ երկիրը «հրատապ» դարձավ այն պահին միայն, երբ ԱՄՆ-ը ներգրավվեց։

Ինչպես նշում է Ռամիրեսը, միջազգային ուշադրությունն ու վրդովմունքը երկար ժամանակ բացակայում էին, երբ Վենեսուելայում աստիճանաբար քայքայվում էին պետական ինստիտուտներն ու արձանագրվում մարդու իրավունքների համակարգային խախտումներ։ Յանեսն էլ հավելում է, որ արտաքին պատժամիջոցները հաճախ ներկայացվել են որպես երկրի ճգնաժամը բացատրող հիմնական գործոն։

Մինչդեռ Վենեսուելայի ճգնաժամն ավելի վաղ էր ձևավորվել՝ կոռուպցիայի, պետական ռեսուրսների վատնման և կառավարման սխալների հետևանքով։ Այդ գործընթացները հազվադեպ են հայտնվել միջազգային ուշադրության կենտրոնում՝ տեղը հաճախ զիջելով այն մեկնաբանություններին, որոնք ավելի հեշտ էին տեղավորվում միջազգային քաղաքական դիսկուրսում։

Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է անքննադատ ողջունել ԱՄՆ միջամտությունը։ Վենեսուելացիներն էլ լավ գիտեն արտաքին ուժերի տարածած «ժողովրդավարության» գինը։ 

Բայց մեդիան կարող է և պետք է համատեղ ներկայացնի երկու ճշմարտությունները. Մադուրոյի հեռացումը՝ որպես պատասխանատվության հնարավորություն, և ԱՄՆ գործողությունները՝ որպես խիստ քննադատելի միջամտություն։ Սա հակասություն չէ։ Սա ազնիվ լրագրության նվազագույն պահանջն է։

Եվ քանի դեռ դա չի արվում, միջազգային մեդիան շարունակում է պատմել երկրի մասին՝ առանց նրա ժողովրդի։ Իսկ դա մեզ՝ հայերիս, շատ լավ է ծանոթ։