Տասնամյակներ շարունակ լրատվության սպառման հիմնական միավորը հոդվածն էր։ Մարդիկ բացում էին լրատվական կայքը, կարդում վերնագիրը, ապա՝ ամբողջական տեքստը։
Վերջին տարիներին, սակայն, այս մոտեցումը սկսել է կորցնել իր արդյունավետությունը, քանի որ արհեստական բանականությունը (ԱԲ) աստիճանաբար փոխում է լրատվության սպառման ձևը։
ChatGPT-ի գործարկումից մոտ չորս տարի անց՝ 2026 թվականին, մեդիա փորձագետներն ու խմբագրությունների ղեկավարներն ամբողջ աշխարհում փորձում են հասկանալ, թե ինչ նոր կանոններով է աշխատելու լրատվական դաշտն առաջիկայում։
Ակնկալվող փոփոխությունների ամենաիրական պատկերներից մեկը տալիս է Reuters Institute-ի հարցումը, որն անցկացվել է BBC-ի, New York Times-ի, Wall Street Journal-ի և այլ առաջատար լրատվամիջոցների շրջանում։ Հարցման արդյունքներն ամփոփված են հետևյալ հինգ ուղղություններում։
1. Լուրերը ոչ թե կընթերցվեն, այլ «կհարցվեն»
Արհեստական բանականության տարածումը կշարունակի արմատապես փոխել լուրերի սպառման ձևը։
Մարդիկ ավելի հաճախ կսկսեն լուրերին հետևել ոչ թե հոդվածներ կարդալու, այլ չատբոտերին և ԱԲ օգնականներին հարցեր ուղղելու միջոցով։ Հոդվածների վերնագրերի վրա քլիք անելու փոխարեն նրանք պարզապես կդիմեն ԱԲ-ին՝ ուղղելով կոնկրետ իրենց հետաքրքրող հարցերը։
Սա նշանակում է, որ լրատվամիջոցներն աստիճանաբար, իսկ որոշ դեպքերում վերջնականապես կորցնում են վերահսկողությունն իրենց բովանդակության սպառման և ներկայացման ձևի նկատմամբ։ Այլևս գոյություն չունի հոդվածի «առաջին էջ», նյութի հստակ կառուցվածք կամ երաշխիք, որ այն կսպառվի որպես ամբողջական պատմություն։ Փոխարենը, ԱԲ-ն «մասնատում» է հոդվածը, ընտրում իրեն անհրաժեշտ հատվածները և ներկայացնում դրանք իր նախընտրած ձևով՝ համապատասխանեցնելով սպառողի կոնկրետ հարցին։
Հենց այսպես էլ ձևավորվում է այն, ինչ փորձագետներն անվանում են «պատասխանների էկոնոմիկա» (answer economy)։ Սա նշանակում է, որ մարդիկ այսուհետ ոչ թե առաջինը հոդվածը կսպառեն, այլ կցանկանան ստանալ անհատականացված պատասխաններ՝ «Իսկ ի՞նչ է սա նշանակում ինձ համար», «Ինչպե՞ս կարող է այն ազդել իմ աշխատանքի կամ կյանքի որակի վրա», «Կարելի՞ է արդյոք այս աղբյուրին վստահել»։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ լրագրությունն այլևս չի ընկալվի որպես վերջնական արտադրանք, այլ կվերածվի տեղեկատվական շերտի, որը կգործի ԱԲ համակարգերի ներսում։
2. Վստահությունը՝ որպես գոյատևման հիմնական նախապայման
Նոր ստեղծված պայմաններում վստահությունը կդառնա մեդիայի գոյատևման հիմնական նախապայմանը։
Այսօր գրեթե ցանկացած մարդ կարող է ԱԲ-ի միջոցով կեղծ լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ գեներացնել, և «տեսնելը» այլևս չի նշանակում «հավատալ»։
Դիփֆեյքերն ու ԱԲ-ի միջոցով գեներացված բովանդակությունն օրեցօր ավելի են լղոզում իրականի և կեղծի միջև սահմանները։ Այդ պատճառով 2026-ին լրատվամիջոցները ստիպված կլինեն ոչ միայն լուսաբանել, այլև ապացուցել։
Աղբյուրների բացահայտումը, փաստերի ստուգման գործընթացի թափանցիկությունը և վիզուալ բովանդակության վավերացումը ոչ թե մրցակցային առավելություն կդառնան, այլ լրագրության նվազագույն չափանիշ։
Որոշ փորձագետներ նույնիսկ կանխատեսում են, որ «հրատապ լուրերին» աստիճանաբար կփոխարինի «փաստերի հրատապ ստուգման» մրցավազքը։
Այս փոփոխությունը թե՛ ռիսկեր է պարունակում և թե՛ նոր հնարավորություններ ստեղծում։ Ռիսկերը կապված են փաստերի ստուգման և վավերացման ժամանակատար ու ծախսատար լինելու հետ։ Բայց հենց այստեղ է նաև հնարավորությունը՝ լրագրությունը կրկին կարող է առանձնանալ սոցիալական մեդիայի աղմուկից և չստուգված փաստերից ու վերականգնել իր հանդեպ վստահությունը։
3. Ավտոմատացված խմբագրություններ և ԱԲ գործակալներ
Մյուս խոշոր փոփոխությունը տեղի կունենա խմբագրությունների ներսում։
Եթե վերջին տարիներին արհեստական բանականությունը կիրառվում էր առանձին առաջադրանքների համար՝ վերնագրեր առաջարկելու, տեքստերը խմբագրելու կամ սրբագրելու նպատակով, ապա 2026-ին խոսքն ամբողջական աշխատանքային հոսքերի ավտոմատացման մասին է։
ԱԲ գործակալներն արդեն ինքնուրույն կարող են բարդ գործընթացներ իրականացնել՝ տվյալներ հավաքագրել, փաստերը նախնական ստուգել, աղբյուրները համեմատել և անգամ հետաքննական հոդվածների համար հիմքեր նախապատրաստել։
Այս ամենը, բնականաբար, մտահոգություններ կառաջացնի, մասնավորապես՝ երիտասարդ լրագրողների շրջանում։ Աշխատաշուկան կփոխվի, և նախկինում լրագրության համար բավարար համարվող հմտություններն այլևս չեն երաշխավորի կայուն աշխատանք։
Միաժամանակ, փորձագետների մեծ մասը հիշեցնում է՝ ԱԲ-ն ոչ թե կփոխարինի լրագրողին, այլ կվերաիմաստավորի նրա դերը։ Մեխանիկական և կրկնվող առաջադրանքները կփոխանցվեն ավտոմատ համակարգերին, իսկ մարդիկ կկարողանան կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ԱԲ-ն չի կարող անել՝ ընկալել ամբողջական համատեքստը, էթիկական որոշումներ կայացնել և փոխանցել մարդկային փորձն ու զգացողությունները։
4. Ենթակառուցվածքներն ավելի կարևոր են, քան գործիքները
2026-ին մեդիան վերջապես կհասկանա, որ ԱԲ-ի խնդիրը ոչ միայն գործիքների մեջ է, այլև ամբողջ համակարգերի ներսում։
Խմբագրություններն այլևս չեն կարողանա ԱԲ-ի նոր գործիքները պարզապես «ավելացնել» հնացած աշխատանքային հոսքերին ու լուրջ արդյունքներ ակնկալել։ Այս տարի խմբագրությունները կսկսեն ավելի մեծ թափով վերանայել տվյալների հավաքագրման, պահպանման, բաշխման և դրամայնացման ամբողջ ենթակառուցվածքը՝ զուգահեռաբար ներդնելով ԱԲ-ի վերապատրաստման ծրագրեր։
Խոշոր մեդիա ընկերություններն արդեն շարժվում են այդ ուղղությամբ՝ ստեղծելով սեփական ԱԲ մոդելներն ու անհատականացված լրատվական պրոդուկտները։ Փոքր խմբագրությունների համար սա գոյատևման հարց է. առանց այս տեխնոլոգիական վերափոխումների նրանք պարզապես չեն կարող մրցունակ մնալ։
5. Տվյալների լրագրությունը նոր շունչ կստանա
Արհեստական բանականությունը նոր շունչ կհաղորդի տվյալների լրագրությանը։
ԱԲ-ն հնարավորություն է տալիս աշխատել հազարավոր փաստաթղթերի հետ, դասակարգել, համեմատել և կապեր գտնել լայնամասշտաբ տվյալների միջև այնպիսի ծավալով, որը նախկինում գրեթե անհնար էր։
Սակայն այստեղ մի կարևոր նրբություն կա․ միայն արխիվային տվյալները չեն կարող սենսացիա ստեղծել։ Դրա համար անհրաժեշտ են թարմ տվյալներ՝ պետական կառույցներից, բաց տվյալների հարթակներից կամ այլ արտաքին աղբյուրներից։ Այն խմբագրությունները, որոնք կզարգացնեն տվյալների ինժեներական և վերլուծական կարողությունները, զգալի առավելություն կստանան։
Ավելին, երբ այդ տվյալները հասանելի դառնան հանրությանը, քաղաքացիներն իրենք կսկսեն հարցեր ուղղել ԱԲ-ին՝ փորձելով վերլուծել դրանք իրենց անձնական համատեքստում։ Այսպիսով, լրագրության դերը կրկին կփոխվի՝ այն ոչ միայն տեղեկություններ կհավաքագրի ու կհաղորդի, այլև միջնորդ կդառնա հանրության և տվյալների միջև։
***
Իրականում փորձագետները կանխատեսում են միտումները, սակայն զարգացումները կարող են այլ ուղղությամբ ընթանալ։ Մեդիան կանգնած է բարդագույն հարցի առջև՝ ինչպես մնալ վստահելի և օգտակար մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվությունը մշտապես հասանելի է, իսկ ճշմարտությունը՝ ոչ միշտ։ 2026 թվականը լինելու է այս հարցի պատասխանները որոնելու տարի։