2025.01.16,

Քննադատ

Տասը տարի անց․ կին նախարարներին տրվող հարցերը շատ չեն փոխվել

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Սա աննախադեպ մի բան էր․ առաջին անգամ Հայաստանի կառավարությունում կնոջը վստահվեց բարձր պաշտոն, որը կրթության, մշակույթի կամ սոցապ ոլորտում չէր։  

2015-ի սեպտեմբերի 10-ին կառավարության շենքից դուրս եկող նորանշանակ նախարարին լրագրողը հարցնում է՝ Ձեր նշանակումը պայմանավորվա՞ծ է Հովիկ Աբրահամյանի գործոնով։ Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ ինքն այդ պաշտոնում նշանակվել է նախագահի որոշմամբ։ 

Անցել է գրեթե տասը տարի․ արդարադատության նախարարի պաշտոնում դարձյալ կին է՝ Սրբուհի Գալյանը։ 2025-ի հունվարի 14-ի ասուլիսում լրագրողը նրան հարցնում է՝ առաջին տիկնոջ հետ ի՞նչ հարաբերություններ ունեք։ Ենթատեքստը, կարծես, նույնն է՝ Ձեր նշանակումը պայմանավորվա՞ծ է առաջին տիկնոջ գործոնով(նկատի ունի վարչապետի կնոջը)։ Նախարարը պատասխանում է՝ հարաբերություններն աշխատանքային են, ինչպիսի՞ն կարող են լինել հարաբերությունները առաջին տիկնոջ հետ։ 

Նման դեպքերի համար են ասում՝ բան չի փոխվել․ և՛ տասը տարի առաջ, և՛ այսօր մտայնությունը նույնն է՝ կնոջը պատասխանատու բարձր պաշտոնի կարելի է նշանակել ինչ-ինչ գործոնների առկայության դեպքում, ու խելքը, փորձը, կառավարելու հմտությունները հաստատ այդ գործոններից առաջինը չեն։  

Եվս մեկ զուգահեռ լրագրողների հետ արդարադատության նախարարների հարցուպատասխանից՝ տասը տարի առաջ և այսօր։ Որպես ընդդիմադիր դիրքավորված լրատվամիջոցի լրագրողը՝ «բարի միտումնավորությամբ» Արփինե Հովհաննիսյանին հիշեցնում է․ «Այսօր միջազգային թերթերից մեկը Ձեզ համարել է աշխարհի ամենագեղեցիկ և ամենաերիտասարդ նախարարը, որը ծնվել է փոքր երկրում։ Դա որևէ ազդեցութուն կունենա՞․․․» 

Լրագրողը չի ավարտում միտքը, չի ասում, թե ինչի վրա կարող է ազդեցություն ունենալ, բայց նախարարն ասում է, թե չի կարծում, որ ազդեցություն ունենա։  

2025 թ․ հունվարի 14․ նախարար Գալյանին ընդդիմադիր լրատվամիջոցի մի լրագրող հիշեցնում է «Չարլիի հրեշտակները» ֆիլմը։ Ասում է՝ «Ուժային և իրավապահ ոլորտներում կին ղեկավարների նշանակումը հանրությունը համեմատում է Չառլիի և աղջիկների հետ, որոնք հարցեր են լուծում։ Դուք էլ հայտնվել եք այդ հրեշտակների դերում․ հրեշտակային ի՞նչ գործ պիտի անեք Դուք, որը չեն ցանկացել անել Ձեր թիմակից տղամարդ նախարարները»։  

Այս հարցից առաջ նախարարը խոսել էր կանանց և տղամարդկանց հավասարության, պաշտոն ստանձնելու հարցում ոչ թե սեռը, այլ պրոֆեսիոնալաիզմը գնահատելու մասին, բայց ակնհայտ էր լրագրողի միտումնավորությունը՝ հնչեցնել «Չարլին և հրեշտակները» ֆիլմի  անունն ու պաշտոնյա կանանց համեմատել հրեշտակների հետ։ «Հրեշտակներ», «հրեշտակային»՝ Սրբուհի Գալյանը խայծը կուլ չտվեց։  

«Չարլիի հրեշտակների հարցը համարում եմ փակված։ Ամո՛թ է, որ այդքան շեշտադրվում է պաշտոնատար անձը՝ պայմանավորված կին լինելով։ Ես առաջարկում եմ, որ ապագայում մեր շեշտադրումը լինի պաշտոնատար անձի կատարած աշխատանքը, և վերջ, սեռով պայմանավորված հարցերը այլևս համարում եմ ավարտված»,- ասաց նախարարը։  

Բարձր պաշտոններում կանանց նշանակումը սկսում ենք քննարկել, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական նշանակումն է անում։ Այսպես, առաջին աննախադեպ նշանակումը տեղի ունեցավ 2022-ին․ Գլխավոր դատախազ նշանակվեց Աննա Վարդապետյանը։ Հաջորդը 2024-ին էր՝ Արփինե Սարգսյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար, և առայժմ վերջինը՝ 2025 հունվարի 8-ին Ծովինար Թադևոսյանը նշանակվեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այսինքն, Սրբուհի Գալյանի ասած «վերջը», լավագույն դեպքում կարող է ձգվել մինչև հաջորդ նշանակում․ գործադիրում դեռ «կնոջ ձեռք չկպած» կարևոր ոլորտներ կան՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ։ 

Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների պաշտպան, Քրեակատարողական ծառայության պետ և 4 նախարար․ Հայաստանում այս 7 բարձր պաշտոններն զբաղեցնում են կանայք։ Կանանց  թիվը պատասխանատու պաշտոններում կտրուկ ավելացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, բայց սա միայն թվի փոփոխություն չէ։ Մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը կանայք պաշտոններ էին զբաղեցնում հիմնականում սոցիալական ոլորտում՝ կրթություն, մշակույթ, սոցիալական ապահովություն, և շատ էին վարչության պետերն ու փոխնախարարները։ Վարչապետ Փաշինյանն սկսեց կանանց վստահել ոլորտներ, որոնք մեր երկրում միշտ ղեկավարել են տղամարդիկ, ոլորտներ, որոնցից, հանրային ընկալմամբ, կարող է գլուխ հանել միայն տղամարդը։  

Ու մինչ շատերը փորձում են հասկանալ, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել հատկապես իրավապահ համակարգի ղեկը հանձնել կանանց, կամ ինչու է դա անում ինքնանպատակություն հիշեցնելու աստիճան արագ, վարչապետը հունվարի 16-ի կառավության նիստում ասում է՝  աղջիկներն ավելի մրցունակ են, քան տղաները, աղջիկներն ամենաթոփ տեղերից դուրս են մղելու տղաներին՝ առանց քվոտայի, ԵՄ ծրագրերի կամ ֆեմինիստական շարժումների։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *