2025.01.08,

Քննադատ

Կիբեռշանտաժի շուկան Հայաստանում աճում է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Նոր տարվա ընթացքում մեզ սպասում է տարաբնույթ թվային վտանգների աճ։ Կա յուրահատուկ մի ուղղություն, որը գնալով ավելի մեծ թափ է առնում և գլխացավանք է դառնալու բազմաթիվ մարդկանց համար։ Սա նոր խնդիր չէ, սակայն, 2025-ի ընթացքում, կարծես թե, շատ շատերի համար ֆինանսական և բարոյական փորձություն դառնալու ռիսկեր ունի։ Խոսքը թվային, ինտերնետային շանտաժի մասին է, որն աստիճանաբար ազգային մակարդակի խնդիր է դառնում։

Հայաստանում տարածված թվային շանտաժի հիմնական ուղղությունները

  • Ամենահին, ավանդական տարբերակը, որը գործում է առնվազն տասը տարուց ավելի․ հիմնականում տղամարդկանց թիրախավորում են անծանոթ, արտասահմանցի կանայք՝ ծանոթանալով սոցցանցերի կամ մեսենջերների միջոցով։ Հետո առաջարկում են տեսազանգով վիրտուալ սեքսով զբաղվել, որը ձայնագրվում է։ Իսկ հետո պահանջում են գումար տեսանյութը ծանոթներին, բարեկամներին և խնամիներին չուղարկելու համար։
  • Ավելի քիչ տարածված․ նախորդ կետում նկարագրված մեխանիզմը կիրառվում է կանանց դեմ՝ արտասահմանցի տղամարդկանց կողմից։
  • Մի քանի տարի առաջ տարածված մի յուրահատուկ ամոթանքի շարժում, որը սկսվեց սփյուռքի հայերի կողմից։ Բացվեցին մի քանի տելեգրամյան ալիքներ, որտեղ ամոթանք էր տրվում հայ աղջիկներին, որոնք համարձակվում էին, օրինակ, լողազգեստով նկարահանվել, և, ըստ այդ ալիքների ադմինների, խայտառակում էին ողջ Հանրապետությանը, հայ ազգը և նույնիսկ մարդկությանը՝ տիեզերքի աչքերում։ Հետագայում նման խտրական ալիքները վերածվեցին հասարակ բիզնեսի, երբ մինչև նկարները տեղադրելը աղջիկներին առաջարկվում էր չհրապարակման դիմաց գումար վճարել։
  • Այլ տարածված տարբերակներից է անձնական հաշիվների դեմ հաքերային հարձակումը։ Այն տարածված է հատկապես Ինստագրամում՝ երիտասարդների շրջանում։ Հաշիվը կոտրողը մանրամասն զննում է զոհի հաղորդագրությունների բաժինը, գտնում նամակները, ինտիմ բնույթի նկարները՝ ուղարկված որևէ մեկին, և պահանջում են գումար դրանք չհրապարակալեու դիմաց։  

Հիմա իրավիճակը ավելի է զարգացել։ Կիբեռշանտաժով զբաղվողներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ ստեղծելով մարդկանց դեմքով պոռնոգրաֆիկ տեսանյութեր և նկարներ և պահանջում գումար դրանք չհրապարակելու դիմաց։  

Մյուս տարբերակը, որը անցյալ տարվա ընթացքում զանգվածային բնույթ ստացավ և շարունակում է տարածվել, մարդկանց նկարների հրապարակումն է՝ ամենացածր մակարդակի հայհոյանքներով։ Հանցագործները պահանջում են գումար դրանք հեռացնելու համար։  

Բոլոր վերոնշված դեպքերում վճարումները, որնք պահանջում են հանցագործները, արդեն հասնում են 200-300 հազար դրամի։ Ավելին, եթե մեկը վճարում է, ապա արդեն պարզ է դառնում, որ այդ անձը էմոցիանոլ կախվածության մեջ է, և սկսում են անընդհատ նոր գումար պահանջել։  

Այս խնդիրը, որը դեռ վերջերս շատ եզակի բնույթ էր կրում, Հայաստանում դարձել է զանգվածային, հենց այն պատճառով, որ մարդիկ վճարում են հանցագործներին։  

Ցավոք, իրավապահներին դիմելը նման դեպքերում լուծում չէ, քանի որ արագ բացահայտում օբյեկտիվորեն հնարավոր չէ։ Իսկ դեպքերի մեծ մասը նաև կապված է հանցագործների հետ, որոնք Հայաստանի տարածքում էլ չեն։  

Նաև լուրջ խնդիր է այն, որ սոցցանցային հարթակների մի մասը ընդհանրապես կամ գրեթե չեն պատասխանում բողոքներին և չեն արգելափակում նման շանտաժով զբաղվող խմբերին։ Ամենաքիչ արձագանքող հարթակներն են Telegram-ն ու TikTok-ը։ Այդ պատճառով էլ կիբեռշանտաժով զբաղվողները հիմնականում այս հարթակներից են օգտվում։  

Նման շանտաժի ենթարկվողների համար հիմնական լուծումը մնում է սկզբունքորեն չվճարել հանցագործներին։ Դա մի կողմից իրենց ավելի մեծ կախվածության և անընդհատ նորանոր վճարների պահանջի առջև է դնում, մյուս կողմից էլ խրախուսում է այս արատավոր բիզնեսը։  

Հնարավոր լուծումներից է հանրային միասնական մոտեցումը այս հարցին։ Զոհերը պետք է հանրությանը զգուշացնեն, որ ենթարկվում են կիբեռշանտաժի։ Հանրությունն էլ պետք է չհանդուրժի նման դեպքերը։ Այլ լուծում այսօր չկա։ Զոհերը չպետք է տրվեն շանտաժի, հանրությունը չպետք է խրախուսի, դիտի, տարածի նման զարհուրելի նյութերը։  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *