2024 թվականը արդեն ենթադրում է որոշ ամփոփումներ՝ նաև թվային անվտանգության տեսանկյունից։ Հասկանանք, թե որոնք են անցնող տարում Հայաստանի կիբեռտիրույթի հիմնական խնդիրները, վտանգները և չարամիտ գործողությունները։
Բնականաբար, եղել են երևույթներ, որոնք նոր չէին, սակայն ավելի խորը ամրապնդվեցին տարվա ընթացքում։ Հարկավոր է նշել, սակայն, որ գործ ունենք նաև նոր վտանգների հետ, որոնք ամենայն հավանականությամբ էլ ավելի կսաստականան եկող տարում։ Գնանք հերթով։
Կիբեռզեղծարարությունները շարունակում են լայնորեն տարածված մնալ։ Նմանատիպ խաբեությունները կարելի է բաժանել մի քանի մեծ խմբի.
- Օնլայն աշխատանքի հրավեր, որից հետո առաջարկվում է դառնալ գործընկեր, ներդնել սեփական գումարները՝ ավելի մեծ եկամուտ ստանալու համար։ Առաջարկները շատ տարբեր են հիմնականում օգտագործվում են հայտնի ընկերությունների անունները ։ Մեծամասամբ մարդկանց «հասնում են» WhatsApp, Telegram մեսենջերների միջոցով։
- Ներդրումային առաջարկներ, որոնք կարող են շատ բազմազան լինել։ Օրինակ, իրական ու հայտնի ընկերությանը նմանակող հարթակում ներդրման առաջարկ։ Կամ կրիպտոարժույթով թրեյդինգի առաջարկ, որը 2024-ի երկրորդ կեսում ավելի տարածված էր հատկապես կրիպտոարժույթի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճի պատճառով։
- Նախորդ երկու կետերով պայմանավորված գումարի կորուստ ունեցած անձանց գումարը վերադարձնելու կեղծ առաջարկները։
Օգտատերերի հաշիվների հափշտակումը տարիներ շարունակ զանգվածային բնույթ է կրում։ Այստեղ գործում էին ֆիշինգային սխեմաները.
- Արդեն տարիներով կիրառվող կեղծ հաղորդագրությունները սոցցանցերի ադմինիստրացիաների անունից, որոնք դրդում են մարդկանց լրացնել գաղտնաբառերը կեղծ կայքերում։
- Վերջին ամիսների ընթացքում Telegram, WhatsApp, Viber մեսենջերների հաշիվների կորզումը հիմնականում իրականացվում է զանազան մրցույթների հրավերների և նվերների միջոցով, որոնց հավատալու դեպքում մարդը հաքերներին տրամադրում է մեսենջերների վերականգման կոդերը։ Սովորաբար նման հարձակումները շղթայական բնույթ են կրում. Կոտրված հաշվից նույն ֆիշինգային հղումները ուղղվում են զոհի ընկերներին։
- Վերջին ամիսներին ակտիվացել են բանկային կամ էլեկտրոնային դրամապանակների հաշիվների վրա հարձակումները։ Հիմնականում կեղծ բանկային կամ դրամապանակային էջով առաջարկվում է կամ նվեր ստանալ, կամ, օրինակ, հարցում անցնել և դրա դիմաց գումար ստանալ։ Այդ ընթացքում մարդուց կորզվում են տվյալները, որոնց միջոցով կամ գումարն են գողանում բանկային հաշվից, կամ վարկ ձևակերպում մարդու անունից։
Այս տարին յուրահատուկ է այն առումով, որ բազմաթիվ նշված և չնշված թվային զեղծարարությունների քանակն ու որակը սկսեց կտրուկ աճել։
Բացի զանգվածային հարձակումներից, փոփոխություններ են նկատվում նաև թիրախային հարձակումների ոլորտում, որտեղ գործում են պետությունների կողմից հովանավորվող կամ վերահսկվող խմբերը։
Արտառոց է Pegasus լրտեսական ծրագրերով հարձակումների թվի կտրուկ նվազումը Հայաստանում։ Բարդ է պատկերացնել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կորցրել են հետարքրքությունը և դադարել են վարակել թիրախներին Հայաստանում։ Այստեղ վարկածները մի քանիսն են.
- NSO Group ընկերությունը, որը հանդիսանում է Pegasus ծրագրի արտադրողը, չափից շատ է ներգրավված Իսրայելի ռազմական գործողությունների մեջ և ժամանակ չունի սպասարկելու արտասահմանայան շահառուներին։
- Pegasus-ը վերափոխվել է և եղած միջոցներով չի ստացվում այն բացահայտել։
- Ադրբեջանը սկսել է կիրառել Հայաստանի դեմ այլ լրտեսային ծրագրեր, որոնք դեռ չի ստացվում իդենտիֆիկացնել, քանի որ Pegasus-ի կիրառումը արդեն բացահայտված է։
Ամեն դեպքում, վտանգը չի անհետացել, իսկ նման քողարկված վիճակում ավելի մտահոգիչ է դառնում։
Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ Հայաստանի դեմ սկսել են աշխատել Կրեմլի վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ հաքերային խմբեր։ Այսպես, 2024 թվականի հունվարին Anonymous Ռուսաստանը DDoS հարձակումներ իրականացրեց Հայաստանի կառավարության կայքերի, բանկերի և հեռահաղորդակցության ընկերությունների նկատմամբ: Այնուհետև, 2024 թվականի մարտին Anonymous Sudan (կապված է Ռուսաստանի հետ) հայտնեց, թե գրոհել է հայաստանյան բջջային օպերատոր Team Telecom-ը: 2024 թվականի հունիսի 14-ին Հայաստանի կառավարության և իրավապահ մարմինների կայքերի դեմ իրականացվեց DDoS հարձակում, որի պատասխանատվությունը ստանձնել է «Ռուսաստանի ժողովրդական կիբեռբանակ» (Народная CyberАрмия) հաքտիվիստական խումբը: Հարձակումը շարունակել է հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, երբ թիրախավորվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան կայքը։ Ռուսատանյան հաքերային խումբ ներկայացող Cyber Volk-ը 2024 թվականի սեպտեմբերի 18-ին նույնպես հայտարարեց կառավարական հարթակների վրա հարձակման մասին։ Չնայած, որ տվյալ դեպքում սա ավելի շուտ հարձակման իմիտացիա էր, սակայն, կրկին նկատվում է հստակ միտումը. Ռուսաստանյան հաքերային թիմերը սկսել են թիրախավորել Հայաստանը որպես Կրեմլին հակադիր երկրի։
Սա շատ մոտավոր ուսումնասիրություն է Հայաստանում տեղի ունեցող թվային վտանգների մասին։ Իրական պատկերը շատ ավելի լայն է։ Եվ արդեն իսկ ակհնայտ է, որ վտանգների թիվը, դրանց որակը և ազդեցությունը պետության և հանրության վրա աճում են աննախադեպ տեմպերով։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: