Նոյեմբերից մինչև տարվա վերջ ավանդաբար օնլայն գնումների աճ է դիտարկվում։ «Սև ուրբաթ», «Կիբեռ երկուշաբթի», հետո էլ Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Պարզ է, որ կտրուկ զեղչերը և նվերներ գնելու ցանկությունը մարդկանց ուղղորդում են դեպի օնլայն խանութներ։ Իսկ կիբեռզեղծարարները, բնականաբար, հենց այս ամիսներին են կտրուկ ակտիվանում և փորձում ամեն գնով մարդկանց խաբել, գումարներ կորզել։
Օրինակ, հենց հիմա Մետա հարթակներում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, Հայաստանի լսարանին ուղղված գովազդային արշավներ են իրականացնում այնպիսի ինտերնետ խանութներ, որոնք ամենայն հավանականությամբ, իրենցից ներկայացնում են կեղծ հարթակներ՝ ստեղծված մարդկանցից գումար կորզելու համար։
Հարցն այն է, թե ինչպես անվտանգ օնլայն առևտրով զբաղվել, հատկապես նման սթրեսային ժամանակահատվածներում, երբ առաջարկները շատ են, ժամանակը և գումարը՝ քիչ։
Փորձենք նշել մի շարք քայլեր, որոնք թույլ կտան հնարավորինս նվազեցնել վտանգները և դրանց ազդեցությունը։
Առաջինը՝ պետք է ընտրել վճարային համակարգը։ Լավագույն տարբերակներից է ակտիվացնել PayPal, Google Pay, Apple Pay համակարգերը, քանի որ դրանց միջոցով գումար ծախսելուց, գումար ընդունողը չի տեսնում ձեր բանկային քարտի տվյալները։ Այսինքն, եթե նույնիսկ մարդ սխալվի, վճարում կատարի կեղծ կայքին, ապա կկորցնի միայն այդ գումարը։ Քարտի տվյալների ներմուծման դեպքում կա վտանգ, որ զեղծարարները, տիրապետելով այդ քարտի տվյալներին, կկարողանան ողջ գումարը դրանից հաշվի վրայից։ Բացի դրանից, նույն PayPal-ը հաճախ կարողանում է գումարը վերադարձնել՝ եթե մարդն արագ հասկանում է, որ զեղծարարների հետ գործ ունի, և դիմում է ընկերությանը գումարի վերադարձի դիմումով։
Ցավոք, շատ կայքեր թույլ չեն տալիս օգտվել նման վճարային համակարգերից։ Զեղծարարները նույնպես խուսափում են դրանից։ Այնպես որ մարդ ստիպված է օգտվել բանկային քարտից։ Այդ պատճառով գերադասելի է օգտվել օնլայն բանկային ծառայություններից.
ա. Բացել վիրտուալ բանկային քարտ,
բ. Վրան պահել զրոյական գումար,
գ. Կոնկրետ գնում անելուց առաջ այդ հաշվին փոխանցել գումար հիմնական բանկային հաշվից, որին կցված չէ ոչ մի քարտ,
դ. Գնումը կատարելուց հետո ողջ մնացորդը կրկին վերադարձնել հիմնական բանկային հաշիվ՝ զրոյացնելով քարտի վրայի մնացորդը։
Սակայն, մինչև առևտուր անելը հարկավոր է ստուգել կայքը․ որտեղ մտադիր եք գումար ծախսել։ Ինչի՞ն ուշադրություն դարձնել։
ա. Եթե առաջարկը շատ հրապուրիչ է, աննորմալ զեղչեր են, ապա արժե մի քիչ խորը շունչ քաշել, չշտապել։
բ. Հարկավոր է ստուգել կայքը։ Օրինակ, scamadviser.com կայքը թույլ կտա մոտավորապես գնահատել, թե որքանով վստահելի է կայքը։ Whois.com կայքով կարելի է ստուգել, թե երբ է գրանցվել դոմեյնը։ Եթե կայքի գրանցումը վերջին մեկ-վեց ամիսների ընթացքում է իրականացվել, գերադասելի է խուսափել գնում անել նման հարթակում։
գ. Հարկավոր է որոնել ինտերնետում, տեսնել, թե ինչ կարծիքներ կան այդ կայքի վերաբերյալ։ Նաև կարելի է սոցցանցերով ընկերներից հարցնել, թե ո՞վ է դրանից օգտվելու փորձ ունեցել։ Կարծիքների բացակայությունը նույնպես վատ նշան է։
Եթե մարդ լավ չի հասկանում, վստահելի է այս կամ այն կայքը, գերադասելի է օգտվել հանրահայտ խոշոր առևտրային հարթակներից, որոնց մասին բոլորը տեղյակ են։ Նման հարթակները լուրջ են վերաբերում անվտանգությանը և սպասարկմանը։ Օրինակ, անբարեխիղճ վաճառողի դեպքում հնարավոր է հիմնական հարթակի սպասարկման բաժնի հետ շփվելով ստանալ փոխհատուցում, ինչը հաճախ փոքր հարթակների դեպքում չի ստացվում։
Ավելի մանրամասն թեման հասկանալու համար կարող եք դիտել տվյալ տեսանյութը։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: