2024.06.11,

Քննադատ

Տեսահսկման համակարգի ներդրում. անվտանգությունը իրավունքների հաշվի՞ն

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք «հիանալի» նոր նախաձեռնության մասին, որն էլ ավելի կամրապնդի Հայաստանի քաղաքացիների և ոչքաղաքացիների անվտանգությունը։ 

Օրենսդրական նախագծերով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների պարտադրել տեսահսկման համակարգեր տեղադրել շինությունների մուտքերի և կողմնակի հատվածների վրա: Նմանատիպ համակարգեր պետք է տեղադրվեն նաև շտապօգնության մեքենաներում, ավտոբուսներում և ստորգետնյա ավտոկայանատեղիներում՝ 24/7 ռեժիմով հսկողություն իրականացնելու նպատակով:  

ԱԺ կայքը նաև նշում է, որ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են անձանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիների անձնական տվյալների պահպանությանը, անձնական տվյալների պաշտպանության գործակալության եզրակացությանը: Ցավոք, կայքը չի նշում, թե ինչ է ասել տիկին Սարգսյանը, մինչդեռ հենց դա է ամենակարևորը։  

ՆԳ փոխնախարարը ԱԺ էր գնացել հունիսի 7ին։ Խորհրդարանի կայքում այս թեմայով մանրամասները բացակայում են, իսկ ՆԳՆ կայքում ընդհանրապես նման նորություն չկա՝ նույն ամսաթվով։  

Իսկ իրականությունն այն է, որ տեսախցիկներ տեղադրելը տնտեսվարողների համար միայն առաջին քայլն է․ օրենսդրական փաթեթը նախատեսում է տեսահսկման համակարգերի տեղադրման և ՀՀ ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին այդ տեսահսկման համակարգերին 24/7 ժամանակի իրական, հայերեն ասած՝ «լայվ» ռեժիմով  հասանելիության տրամադրման պարտականություն։ 

Այսինքն, ոստիկանությունը ստանում է հնարավորություն անընդհատ հետևելու քաղաքացիներին՝ օգտվելով մասնավոր հատվածի հնարավորություններից։  

Սա ընդամենը երեք ամիս անց մեկ այլ փոփոխությունից, որով հարկայինը ստանում է բոլորիս բանկային հաշիվների վրա վերահսկողություն։  

Իհարկե, սա կբարձրացնի երկրում անվտանգության մակարդակը։ Շատ հավանական է, որ ինչ-որ տեսակի միջադեպերի քանակը կնվազի, նաև, միգուցե, արդեն կատարված միջադեպերի հայտնաբերումը ինչ-որ դեպքերում հեշտանա։  

Բայց կան բազմաթիվ «սակայններ» և «բայցեր»։  

Առաջին հերթին կա խնդիր մարդու իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված։ Լայնածավալ տեսահսկման համակարգը կարող է խախտել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և հետևել նրանց ամեն քայլին։ Պետք է հստակ սահմանվեն կանոններ և սահմանափակումներ, որպեսզի բացառվի անհիմն հսկողությունը։ Փաստացի, մենք գործ ունենք անձնական կյանք անհամաչափ ներխուժման հետ։  

Երկրորդ՝ անհրաժեշտ է ապահովել տվյալների պատշաճ պաշտպանությունը և գաղտնիությունը։ Տեսահսկման համակարգերը կհավաքագրեն անձնական տվյալներ, ինչպիսիք են դեմքերը, տեղաշարժի ուղիները, կոնկրետ մարդկանց միջև կապերը և այլն։ Պետք է իրավական երաշխիքներ սահմանվեն, որպեսզի այդ տվյալները չչարաշահվեն կամ օգտագործվեն անօրինական նպատակներով։ 

Երրորդ՝ պետք է հստակեցվի անձնական տվյալների պաշտպանության գործակալության դերը և լիազորությունները։ Այս կառույցը պետք է վերահսկի տեսահսկման համակարգերի աշխատանքը և ապահովի, որ չլինեն իրավունքի խախտումներ։ 

Չորրորդը նույն երկրորդ հարցի տեխնիական կողմն է։ Մենք լավ հիշում ենք, թե ինչպես էին Ադրբեջանում օրերով հետևում Հայաստանում գործարաններից մեկի կանանց հանդերձարանին, քանի որ տեսախցիկները պատշաճ պաշտպանված չէին։ Եվ նմանատիպ դեպքերը տասնյակը չէին, հարյուրը չէին, ավելին էին։ Հիմա մենք բոլոր ձվերը հավաքում ենք մեկ զամբյուղի մեջ։ Հարց է, թե կառավարությունը բավարար միջոցներ ձեռնարկու՞մ է տեսահսկման համակարգերի կողմից հավաքագրված տվյալների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարցը պետք է ստանա շատ հստակ տեխնիակական պատասխան (ազնիվ խոսքը նման դեպքերում չի ընդունվում)։  

Եվ կրկին գալիս ենք ամենամեծ խնդիրներից մեկին․ բացակայում է որևէ հանրային վերահսկողության մեխանիզմը վերահսկողների աշխատանքը վերահսկելու վերաբերյալ։ Հանրությունը չունի գործիքակազմ ստուգելու, որ տվյալները օգտագործվում են ճիշտ իրենց նպատակով, չկան չարաշահումներ և այլն։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *