2024.05.29,

Քննադատ

Որոշ դասեր աղետների ընթացքում տեղեկատվական կառավարման հետ կապված

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանը, որպես երկիր, դրականորեն չի տարբերվում մյուս երկներից, որտեղ պարբերաբար լինում են բնական կամ արհեստածին աղետներ։ Բնականաբար, դրանց կանխատեսումը, բնակչությանը նախապատրաստումը, զգուշացումը, հետևանքների նվազեցումը մեծ դեր պետք է ունենա երկրի կյանքում։ Բայց, սովորաբար դեպքից հետո պարզվում է, որ մենք դեռ նախորդ աղետների դասերը հաշվի չեն առել։

Ի՞նչ բացեր ունենք, լրացուցիչ ի՞նչ է հնարավոր անել հենց իրազեկման, տեղեկատվության տարածման ոլորտներում։

Առաջնայինը, որ միշտ խնդիր է Հայաստանում, բնակչության ընդհանուր գիտելիքներն են հնարավոր աղետների մասին, պատկերացումները, թե ինչ է պետք անել, ինչ չանել այս կամ այն դեպքում։ Համաձայնեք, որ բնակչության մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչպիսի գործողություններ է հարկավոր կատարել հնարավոր ջրհեղեղի, փոթորկի, երկրաշարժի ժամանակ։ Բացակայում են ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ ավելի կարևոր գործնական հմտությունները, որոնք հնարավոր է ձեռք բերել միայն պարբերական վարժանքների դեպքում։

Իհարկե, կարելի է հույսը դնել գոնե ինքնակրթության վրա։ Եթե փորձենք հայերեն նյութեր գտնել համապատասխան Ներքին գործերի նախարարության կայքում, ապա տեսնում ենք, որ փրկարար ծառայությունը ունի միայն ֆեյսբուքյան էջ, իսկ նախկին ԱԻՆ նախարարության կայքն այլևս հասանելի չէ։ ՆԳՆ կայքում տասը րոպեանոց որոնումները թույլ չտվեցին գտնել համապատասխան նյութեր։ Միգուցե դրանք գոյություն ունեն, բայց քողարկումը բավականին պրոֆեսոիոնալ է կատարված։ Ինչևէ, դրական փաստերից մեկն այն է, որ UNICEF-ի կայքում կան բազմաթիվ հայերեն մանրամասն նյութեր աղետներից պաշտպանվելու վերաբերյալ։ Օրինակ, այս հոդվածում նշված հղումից երևում է, որ ԱԻՆ-ի կայքում եղել է համապատասխան ուղեցույց։ Սակայն, այն տվյալ պահին անհասանելի է։

Մյուս հարցը աղետի մասին իրազեկման համակարգն է։ Մեծ հաշվով այսօր հույսը դրված է կարճ հաղորդագրությունների վրա, որոնք ուղարկվում են բջջային հեռախոսների վրա։ Սակայն, դրանք չեն աշխատում միաժամանակ, համակարգերն աշխատում են ժամանակի մեջ ձգված ընթացքում։ Այսպես, օրինակ, ՆԳՆ կողմից ուղարկված հաղորդագրությունը ջրհեղեղի ընթացքում վարվելու կանոնների մասին ես անձամբ ստացել եմ կիրակի երեկոյան 20։22-ին, այսինքն շատ ավելի ուշ, քան այն կարող էր պետք լիներ, եթե ես լինեի աղետի վայրում։ Իսկ նախազգուշական հաղորդագրություն, որքան հնարավոր է հասկանալ մեր մոտ եղած տվյալների հիման վրա, ընդհանրապես չի ուղարկվել բաժանորդներին։ Մինչդեռ ջրհեղեղը երկրաշարժ չէ, այն հնարավոր է կանխատեսել ժամեր առաջ և իրազեկել բնակչությանը։ Ավելին, նույնիսկ եթե նման զգուշացում լիներ, տվյալ տարածքի բնակիչների մի մասը ուշադրություն չէր էլ դարձնի դրան, շատերը կարող է մտածեին, որ խաբեության հետ գործ ունեն և այլն։ Պատճառը մեկն է. չկա ներդրված իրազեկման համակարգ, որը ծանոթ և ընկալելի է երկրի բնակիչների համար։

Եվ իհարկե, խնդիրներից մեկն հենց աղետի ընթացքում հուսալի կապի բացակայությունն է։ Աղետի գոտում շատ դեպքերում կենսական անհրաժեշտություն է մարդկանց միջև կապի առկայությունը, իրազեկման, փրկարարական աշխատաքների և այլնի համար։ Այստեղ հնարավոր են զանազան տեխնիկական լուծումներ, որոնք թույլ կտան ապահովել գոնե մինիմալ կապի հասանելիությունը բնակչության համար մինչև հնարավոր կլինի վերականգնել բջջային և ինտերնետ կապը կամ հնարավորինս հասանելի դարձնել ռադիոկապը։

Լուծումներից մեկը կարող է լինել օգտագործել mesh network-ի հնարավոր տարբերակներ, երբ ձևավորվում է անկախ կապ ցանց սարքերի միջև։ Դրա բջջային հեռախոսների տարբերակներից մեկը NewNode հավելվածն է, որը թույլ է տալիս հեռախոսներին իրար միանալ և ստեղծել ներքին հաղորդակցման ցանց առանց առկա բջջային կամ ինտերնետ կապի։  Իհարկե, սա կրկին այն դեպքն է, երբ նման կապ հաստատելուն հարկավոր է պատրաստվել նախօրոք, ունենալ արդեն իսկ ներբեռնված հավելվածները, փորձարկած լինել դրանց միջև կապը խաղաղ պայմաններում։

Ամփոփելով, գալիս ենք կրկին և կրկին նույն գաղափարին.աղետներին հարկավոր է պատրաստվել մինչև աղետը։ Եվ դա պետք է դառնա շատ գործնական գիտելիք անխտիր բոլորի համար։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *