2024.04.15,

Քննադատ

Խուճապը Երևանի դպրոցներում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տելեգրամով ապրիլի 11-ի գիշերը տարածված կեղծ հայտարարությունը դպրոցների վրա սպասվող զինված հարձակման մասին հաջորդ օրը վաղ առավոտից խուճապ ստեղծեց Երևանում։  

Փաստացի, մի շարք դպրոցներում դասերը ներքին կարգով կասեցվեցին տնօրինության կողմից, այլ դպրոցներում ծնողները եկան ու իրենց երեխաներին տուն տարան։ Շատ դեպքերում էլ ավելի վաղ տեղեկացված ծնողները երեխաներին ուղղակի չուղարկեցին դպրոց։ Դասերը տապալվեցին, քաղաքում սկսվեցին խցանումներ, տաքսի ծառայությունները անհասանելի էին, բազմաթիվ երեխաներ և մեծահասակներ՝ ծանր հոգեկան վիճակում։ 

Եվ այս ամենը մեկ տելեգրամյան ալիքի շնորհիվ և ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։  

Պատկեր խուճապ տարածած Տելեգրամ ալիքից 

Իհարկե, բոլորին հուզում է, թե ո՞վ էր կանգնած այս կեղծիքի հետևում։ Մենք կարող ենք ենթադրություններ անել, բայց, կարծում եմ, երբեք հստակ ապացույցներ չենք ունենա։ Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, դա մտածված տեղեկատվական դիվերսիա էր։  

Սակայն, ավելի կարևոր է, թե ինչ դասեր կարելի է քաղել տվյալ միջադեպից։ Իսկ դասեր քաղել հարկավոր է, հատկապես այն պատճառով, որ խնդիրները նոր չեն և վաղուց համբերատար սպասում են լուծումների։  

Ա.  Արդեն երկար ժամանակ է՝ պարզ է, որ հիբրիդային վտանգներն ու հիբրիդային հարձակումները, որոնց ենթարկվում է հայաստանյան հասարակությունը, ենթադրում է պետական մարմինների համապատասխան արձագանք։ Հիբրիդային խնդիրները հաճախ ենթադրում են մի շարք պետական կառույցների ներգրավվածություն։ Ընդ որում, աշխատանքը հարկավոր է իրականացնել համակարգված,  իսկ երբ պետական կառույցները տարվում են բյուրոկրատիայով, իրադարձությունները սկսում են ընթանալ ամենավատ սցենարով։  

Հիբրիդային հարձակումը ենթադրում է հարվածներ հենց «մոխրագույն տիրույթներին», որտեղ այդքան էլ հստակ չէ, թե ում պատասխանատվության տիրույթում է այս կամ այն գործառույթը։ Իհարկե, եթե հեռու գնանք, կարող ենք երազել, տարվել ֆանտազիաներով և առաջարկել ունենալ կառույց, որը կլինի հիբրիդային վտանգների արձագանքման կենտրոնական հանգույց։ Սակայն, ներկա իրավիճակում արագ ձևավորվող միջգերատեսչական արձագանքների կարիքը կա։ 

Բ.  Որքան էլ պահանջվեն իրական գործողություններ, նման իրավիճակներում առաջնային է մնում հանրային հաղորդակցությունը։ Եթե ապրիլի 12-ի առավոտյան մարդիկ համոզված լինեին, որ, օրինակ, ուժային կառույցներում տեղյակ են և քնած չեն, հնարավոր է՝ խուճապը չլիներ այդքան խորը և համապարփակ։  

Իհարկե, կարելի է հակադարձել, որ, եթե վաղ առավոտյան ուժային կառույցներն արդեն նախնական հայտարարություններ անեին, ապա կարող է և հակառակ հետևանքները լինեին․ բազմաթիվ անտեղյակ մարդիկ էլ կտեսնեին Տելեգրամում գրվածը և խուճապը կսաստկանար։ Միգուցե։ Հարցն այն է, որ նման սցենարները պետք է նախօրոք գծված և փորձարկված լինեին։ Կառույցները պետք է արդեն իսկ պատրաստ լինեին բազմաշերտ, բազմաքայլ և օպերատիվ տեղեկատվական արձագանքի։ Եվ, առավելևս, կարևոր է տարածվող տեքստերի բովանդակությունը, բառամթերքը, ոճը։ Հայտնի է, որ խուճապը հիմնականում ուժեղանում է խուճապի չմատնվելու հորդորներից հետո։ 

Այսպիսով, պետությանը հարկավոր են հաղորդակցության հստակ ռազմավարություն, հստակ սցենարներ, վարժանքներ և այլն, և այլն։  

Գ.  Հստակությունը կարևոր է նաև ցածր օղակներում։ Դպրոցի տնօրենները և ուսուցչական կազմը տեղյակ չեն, թե ինչպես վարվել նման դեպքերում։ Եվ դա նրանց խնդիրը չէ։ Նրանք պետք է հստակ քայլերի, գործողությունների պատրաստ լինեն, իմանան, թե ինչպես շփվեն ծնողների և երեխաների հետ։ Մինչդեռ այս դեպքում, ամենուրեք տիրում էր քաոս, խուճապ և իմպրովիզացիա։  

Դ.  Ի՞նչ է շատ սիրում պետական բյուրոկրատական ապարատը․ անմիջապես թերթել հերթական խնդրի էջն ու կրկին անցնել ամենօրյա վարչարարությանը։ Իսկ իրականում, մենք ունենք ծանր սթրես տարած հազարավոր ծնողներ, առավելևս՝ երեխաներ, սակայն նրանց հետ ոչ ոք համակարգված չաշխատեց։ Պարզապես անցանք մեր հաջորդ խնդիրներին։ Բայց դե, ինչ մեղադրելու բան է, մենք մինչև հիմա համակարգված հոգեբանական օգնություն չենք տրամադրել պատերազմի մասնակիցներին, բռնի տեղահանված արցախցիներին, ուր մնաց հասցնեինք աշխատել խուճապահարված երեխաների ու նրանց ծնողների հետ:  

Կանցնի, կգնա։ Ինչպես միշտ։  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *