2024.04.10,

Քննադատ

Դավադրապաշտական ինչ թեզեր է տարածում Նիկոլ Փաշինյանը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքը հագեցած է անհասցե մեղադրանքներով և քննադատություններով։ Վարչապետը հաճախ է օգտագործում «որոշ շրջանակներ», «անհայտ» կամ «հայտնի», «ներքին» կամ «արտաքին ուժեր», «աշխարհաքաղաքական կենտրոններ» և անորոշություն ստեղծող այլ արտահայտություններ։ Սա պարարտ հող է ստեղծում նաև դավադրության տեսությունների տարածման համար, քանի որ Փաշինյանը վերցնում է ներկա կամ պատմական որևէ իրադարձությունը, բացատրում այն իբրև որոշակի գաղտնի պլանի արդյունք և իհարկե չի նշում «դավադիրների» անունները, որպեսզի հնարավորություն լինի հնչած պնդումը ստուգելու։

Այսպես, օրինակ, վարչապետն իր վերջին մամուլի ասուլիսում «արտաքին ուժերին» վերագրեց Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ Դրա նպատակը, ըստ նրա, Հայաստանում իշխանափոխություն սկսելն էր՝ Ղարաբաղի ռեսուրսները Հայաստան բերելու գնով։ Նույն ուժերը, ըստ Փաշինյանի, 2023 թվականին ուզում էին լուծել Հայաստանի հարցը այնպես, ինչպես Ղարաբաղինը։

Անհասցե և անապացույց պնդումները քիչ չէին նաև վարչապետի այսօրվա՝ ապրիլի 10-ի խոսքում, երբ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագրի՝ 2023-ի կատարման արդյունքները և պատասխանեց պատգամավորների հարցերին։

Media.am-ն առանձնացրել է մոտ 2,5 ժամվա ընթացքում Փաշինյանի հնչեցրած նմանատիպ պնդումները։

Աշխարհաքաղաքական չար կենտրոններն ու Հայաստանի անկախությունը

«Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ (մեր խոսույթում պավադոկ բառով հայտնի) հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։ Այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման, այլ ՀՀ-ին հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը, պարզապես բացառվեն։ Մենք չգնացինք այդ ճանապարհով և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, և 44-օրյա պատերազմը մեկնարկեց»։

Ուժեր, որոնք մեզ դրդում էին ռազմական գործողության

«Հայաստանի պետականությունը զրոյացնելու հաջորդ փորձը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին։ Ընդամենը երկու օր անց, այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային Ժողովը լուծարված էր, կառավարությունը՝ հրաժարական տված, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Այն ժամանակ կային ուժեր, որ մեզանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ն գա մեզ օգնության։ Նրանց տրամաբանությամբ, առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում»։

Դավադրություն՝ Հայաստանը լուծարային հանձնաժողով դարձնելու համար

«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020 թվի նոյեմբերին, 2021 թվականի փետրվարին, 2021 թվի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի՝ ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին․ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը և հաստատել մարիոնետային կառավարություն, ըստ էության Հայաստանի Հանրապետության լուծարային հանձնաժողով, բայց այս անգամ էլ դա չստացվեց մի քանի պատճառով»։

Կարծես թե գոյություն ունեցող ապացույցներ

«Հիմա մենք տվյալներ ունենք, մենք, կարծում եմ, նաև ապացույցներ ունենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ, այնուամենայնիվ, ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացվել է, որ եթե մենք շարունակենք էս ճանապարհով գնալ, լինելու է սա, լինելու է սա, լինելու է սա։ Եվ չի արձագանքել, ձեր ասած շրջանակը չի արձագանքել՝ որն էր իրենց պլանը։ Եվ մենք էսօր նյութեր ունենք, որտեղ երևում ա նաև, թե որն էր իրենց պլանը։ Ասում ա՝ հա լավ, ստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ ա եղել որ»։

Իհարկե, կարելի է ենթադրություններ անել, թե ում կամ ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, սակայն տերմինաբանական այս անորոշությունը տեղ է տալիս նրա խոսքի կամայական մեկնաբանության։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ ստուգել այս պնդումները, հնարավոր չէ հերքել դրանք, որովհետև հեղինակը կարող է հանգիստ պնդել, որ բոլորովին այլ բան, այլ մարդու կամ այլ «աշխարհաքաղաքական կենտրոնի» է նկատի ունեցել։

Այս պնդումներից շատերը դավադրության տեսության օրինակներ են, երբ որևէ երևույթի կամ իրադարձության պատճառը բացատրվում է պարզունակ ձևով՝ մեղքը բարդելով որևէ «չարամիտ» մարդկանց խմբի վրա։ Փաշինյանը տեղեկություններն ընդհանրացնում է և կապում իրար՝ ստեղծելով առաջին հայացքից շատ տրամաբանական պատճառահետևանքային կապ։ Լսարանին, այսպիսով, կարող է թվալ, թե ամեն ինչ փոխկապակցված է և ունի իր պատճառն ու մեղավորը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *