2024.03.04,

Քննադատ

Պետությունը շարունակում է գնալ կյանքի տոտալ վերահսկողության ճանապարհով

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանի Ազգային Ժողովն ընդունեց հերթական հետաքրքիր օրենքը, որը շատերին չհետաքրքրեց։ Հանրային լուրջ քննարկումներ չարձանագրվեցին։ Օրինագծի ընդունումից հետո էլ այնպես չէ, որ տվյալ թեման ուշադրության կենտրոնում է։  

ՊԵԿ-ը բոլորիս բանկային հաշիվների շարժին հետևելու հնարավորություն ստացավ։ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով պետությունը տեղեկանալու է, «թե ինչքան գումար ունեիք հաշվին տարվա սկզբին ու ավարտին և որքան գումար է նստել ու ելքագրվել մեկ տարվա ընթացքում։ 

Հարկայինը կարող է նաև ավելի մանրամասն տվյալներ պահանջել, եթե այդպիսի հարցում ստանաք՝ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում բանկային քաղվածքը պետք է փոխանցեք, եթե չանեք՝ հարկայինը դատարան կդիմի։ Այս կարգավորումները շուտով օրենքի ուժ կստանան. մնում է հանրապետության նախագահը ստորագրի»: 

Համաձայնեք, հրաշալի նորություններ են։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ գնալով նվազում է կանխիկով գործարքների շեմը, մարդկանց ֆինանսական ամբողջական շարժը դառնում է պետության համար թափանցիկ։  

Իհարկե, կասեք, որ սա անհրաժեշտ է ստվերային տնտեսության դեմ պայքարելու, չարաշահումների, կոռուպցիայի, ահաբեկիչների և այլ բացասական տարրերի դեմ և այլ, և այլն։ Անկասկած։  

Նույնքան, որքան այս արատավոր երևույթների դեմ թույլ է տալիս պայքարել հեռախոսազանգերի գաղտնալսումը, մարդկանց հեռախոսների վարակումը լրտեսական ծրագրերով, տեսախցիկներից տվյալների հավաքագրումը, բջջային օպերատորներից մարդկանց տեղանքի տվյալների ստացումը։ Այս ամենը պետության անվտանգության գործառույթների կարևոր տարրեր են։  

Խնդիրը այն է, որ հակառակ բևեռում գտնվում են քաղաքացիական ազատությունները, անձնական կյանքը, խոսքի ազատությունը և հազար ու մի այլ պետական համակարգի համար անդուր երևույթներ։ Ցավոք, անվտանգության հարցերը Հայաստանում դադարել են դիտարկվել որպես ընդհանուր երևույթ և ընկալվում են որպես միայն ու միայն պետական ապարատի մենաշնորհ։ Տարբեր ոլորտների վերահսկողության օրինագծերն ու որոշումները ընդունվում են իրար հետևից, հաճախ առանց պատշաճ հանրային և մասնագիտական քննարկումների։  

Եվ ամենակարևորը՝ բոլոր խստացումները, որոնք տանում են դեպի քաղաքացիների կյանքի թափանցիկության, ընդունվում են առանց բալանսի մեխանիզմների, առանց հանրային վերահսկողության, ինչը թույլ կտար Հայաստանում չաճացնել անսահմանափակ հնարավորություններով սուպերկառույցներ։ Ինչը թույլ կտար վերահսկել՝ խուսափելու չարաշահումներից, կոռումպացված չինովնիկների կողմից տեղեկատվության անձնական նպատակներով օգտագործելը, պետական կառույցների կողմից լծակները ընդդիմախոսների դեմ կիրառելը և այլն, և այլն։  

Փաստացի, մենք աստիճանաբար ստանում ենք ավելի ու ավելի մեծ ծավալով թվային վերահսկողության տակ գտնվող հասարակություն։ Իսկ քաղհասարակությունը, որը հանդիսանում է մյուս թևի խնդիրների պաշտպանը, հաճախ լուռ է մնում։ Ինչը էլ ավելի է խրախուսում պետական կառույցներին գնալ դեպի լուսավոր ապագա, որը աշխարհում ընդունված է կոչել թվային համակենտրոնացման ճամբար։ Իհարկե, կասեք, որ չափազանցնում եմ։ Անկասկած։ Դեռ՝ հա։ Բայց կրկին տանք հավիտենական քաղաքում առաջացած հավիտենական հարցը. Quis custodiet ipsos custodes? (Իսկ ո՞վ է հսկելու հսկիչներին)։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *