Հասկանալի է, որ ցանկացած ռուսական անդրադարձ Հայաստանի մասին մեր ուղեղն ու սիրտը ընկալում է բուռն։ Այն վտանգավոր պատրանքը, որ Մոսկվան շարունակում է լինել մեր կենտրոնը, դեռևս արթուն է։ Թեև, ինչ խոսք, այդ պատրանքը հետաքրքիր տրանսֆորմացիաների է ենթարկվում։ Սիրտն ու ուղեղը ավելի առողջ են աշխատում՝ սովորելով կլանել վտանգավոր տեղեկատվական արտանետումները, վերածել դրանք մանրէազերծ զանգվածի ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը։
Համենայնդեպս, Հայաստանի պետականության գաղափարի ամրապնդման ու նաև վերաձևակերպման համար ռուսական քարոզչական հաղորդումները միայն օգտակար են։ Հատկապես, վերջինը՝ ռուսաստանյան հանրային ալիքով։
Մի քանի դիտարկումներ այդ օգտակարության մասին արժե մտապահել ու այսուհետ պատրաստ լինել էլ ավելի մեծ տեղեկատվական աղբակույտերի նետմանը՝ ՌԴ-ի խողովակներով։
1. Այս ժամանակահատվածում ռուսական ազատ, հետևաբար պրոֆեսիոնալ, մեդիա չկա (Ռուսաստանի տարածքում)։
Տեղեկատվական զսպումների շղթաներն ու իրական սպառնալիքները այլևս տեղ չեն թողել, որ Ռուսաստանում գոյություն ունենա քիչ թե շատ ազատ լրատվամիջոց կամ նույնիսկ որևէ լրագրողական արժանապատիվ կեցվածք ունեցող անձ։ Հետևաբար, խոսք չի կարող լինել պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի մասին։
Քարոզչությունը Ռուսաստանում փոխարինել է ամեն տեսակի մեդիա միավորման փորձերին անգամ՝ լինելու գոնե մի քիչ ճշմարտանման։
2. Քարոզչությանը լուրջ արձագանքելը անիմաստ է։
Այն կարելի է միայն ծալել ու դնել ծրարի մեջ որպես փաստ։ Քարոզիչների նպատակը միշտ արագ հուզական ալիք ստեղծելն է։ Որ հենց հիմա բորբոքվեն սրտերը, արցունքապատվեն աչքերն ու շիկնեն ականջները։ Անարդյունավետ է քարոզչությանը հակադարձել տրամաբանական փաստարկներով, դա ժամանակի վատնում է։
Հատկապես ռուսական պետական քարոզչության դեպքում (իսկ լրատվական դաշտն այնտեղ ամբողջությամբ վերահսկում է պետական ապարատը) որևէ արձագանք միանգամից դառնում է քարոզչության մաս՝ ներառվում է դրա նպատակի մեջ։ Այո, կոնկրետ այս հաղորդման մեջ այնքան սուտ, ուռճացում ու մանիպուլյացիա կա, որ մնում է մի բան՝ ուրախանալ, որ քարոզիչները այդքան ոչ պրոֆեսիոնալ են։ Ինչպես թերևս, շատ այլ ոլորտներում։
3. Կլիներ տխուր, եթե չլիներ այդքան ուրախ։
Ռուսական հեռուստացույցը գրոտեսկ է թե՛ երբ մեկին փառաբանում է, թե՛ երբ որոշում է, որ հարկավոր է մյուսին խաչել, խարազանել ու բոլոր շներին բաց թողնել նրա վրա։ Եվ համաձայնեք, որ լավ է, երբ խաչում է, քան երբ ողջագուրվում է։ Դա նշանակում է, որ խաչվողը ճիշտ ուղու վրա է։
Բայց ուրախն այստեղ ոչ թե անգամ քարոզչության-հարձակման ոճն է ու թիրախները, այլ հենց փաստը։ Հսկա Ռուսաստանն՝ իր ուժն ու ժամանակը ծախսում է մեզ նման փոքր ու բոլոր ցուցանիշներով (խոսքի ազատության, մեդիայի անկախության և այլն) ավելի ազատական պետությանը սևացնելու վրա, ուրեմն լավ հասկանում է, որ իր համար Հայաստանը լուրջ հակառակորդ է։
Պարզապես, ավելին չի կարող անել, քան նման ծիծաղելի ու կարծրատիպերով լի հաղորդում պատրաստել։ Տարիներ է տևել, մինչև մեդիա դաշտը Ռուսաստանում ամայացել է։ Հետևաբար, անգամ քարոզիչներն են իջեցրել իրենց նշաձողը։
Ու՞մ հետ պիտի մրցակցեն, եթե միայն իրենք են դաշտում։
4. Ծիծաղն ամենալավ զենքն է։
Այս ռուսական մեկ ժամանոց հաղորդման մեջ ուշագրավ է ու խորհրդանշական մեկ դրվագ, քանի որ մնացածները լրիվ տեղավորվում են արդեն ծանոթ պատեհապաշտ, անհեթեթ ու ծամծմված կաղապարի մեջ։ Հյուրերից մեկը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի իր ցույցերի ժամանակ կրում էր բեյսբոլի գլխարկ, ինչը նշանակում է, որ ամերիկյան գործակալների հովանու ներքո է։ Եթե իսկական հայ լիներ, կարակուլյան գառի մորթուց փափախով կլիներ։ Այսինքն, փափախը Հայաստանի սիմվոլ է։ Ինչպես ասում են՝ փափախը, Կառլ։ Բա ինչպե՞ս չծիծաղես:
Ես սա պատահական չէ, ռուս քարոզիչներն այնքան են այլասերվել ամենաթողության լողավազանում, որ արդեն չեն էլ փորձում մի քիչ նուրբ ու դիպուկ աշխատել, պարզապես լողում են կեղտոտ ջրում։
Ծիծաղը միշտ ծագում է անհամապատասխանությունից։ Ասենք, երբ Չարլի Չապլինը ուզում էր ազատվել մանուկից (հայտնի համանուն ֆիլմում), նա իսկապես սարսափելի քայլեր էր անում՝ փորձում էր նետել նրան փոսը, անիվների տակ, բարձունքից։ Եթե սթափ նայենք, դրանք իրոք սարսափելի քայլեր են, բայց էկրանից այն կողմ մենք լիաթոք ծիծաղում ենք։ Ինչու՞։ Որովհետև ծիծաղի բնությունը այդպիսին է՝ լուրջ դեմքով անելով անհեթեթ բան, ծիծաղի թիրախ ես սարքում քեզ, ոչ թե քո որոշումը։
5. Քարոզչությունը վնասում է առաջին հերթին քարոզչին, առավելևս՝ վատ քարոզչին։
Անկասկած Հայաստանում դեռևս կա մի զանգված, որ հույսը կապում է ռուսական ներկայության ու ռուսական խոպանի կերակրապնակ լինելու ուժի հետ։ Եվ այդ զանգվածի համար ՀՀ վարչապետը չարիք է։ Եվ հիմա նայելով այս հաղորդումը, շատերը ակամա ընդունեցին, որ այլևս ավելի շատ են ատում ռուսական տեսակետը, քան Հայաստանի իշխանություններին։
Այդ զանգվածին իրենից վանելու համար վատ ռուսական քարոզչությունն արեց գրեթե անհնարինը՝ արագացնելով իրենից մեջքթեքման հատուկ օպերացիան։ Եվ հաստատ բոլորը հասկացան, որ սա հենց Հայաստանի դեմ նյութ է, ոչ միայն վարչապետի։ Ու նաև տեսան, թե հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչը ինչ կարգավիճակում ու ընդհանրապես վիճակում է հայտնվում, երբ կենտրոնը նրան հրավիրում է իր լողավազանում համատեղ կեղտոտվելու։ Այդ հրավերը ընդունելը պիտակ է, որից մաքրվել այլևս անհնարին է։
Եթե այս համատեքստում նայենք Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերության հաղորդմանը, ապա կարելի է մեջբերել այնտեղ հնչած մի միտք՝ մի փոքր վերափոխելով այն։ ՀՀ վարչապետի մասին խոսելիս, մեկն ասաց, որ նա «պոռնիկի զավակ է» (сукин сын), բայց ԱՄՆ-ի համար հարազատ «պոռնիկի զավակ»։
Հայաստանում այնքան շատ են մեր սեփական տեղեկատվական ջղաձգումներն ու հարազատ դարձած հայհոյախառն ուղերձները, որ հանգիստ կարելի է ասել՝ մեզ մեր ունեցածն էլ է հերիք։ Բայց դուք փորձեք կրկին։
Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին սպասում են նոր ցնցումներ։ Եվ իրականում վտանգավոր։ Դրանք առնչվելու են ռուսաստանցի հայերի հետ, որոնք բնականաբար պետք է ընտրություն անեն, կանխազգալով, որ դառնում են զենք՝ ուղղված Հայաստանի դեմ։ Եվ շատ դեպքերում նրանց սրտանց ու պողպատյա աջակցությունը ՌԴ նախագահին ու ամեն դեպքում ավելի բարվոք (առայժմ) ռուսաստանյան կենցաղին, բնավ էլ չի պաշտպանի բռնի տեղահանումներից։ Նման փորձով հայերը անցան մեկ ամիս առաջ։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: