2023.09.04,

Քննադատ

Հայաստանում իրականացվում է մարտիկների օնլայն հավաքագրում՝ ռուս-ուկրաինական պատերազմի համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է բազմաթիվ հարթություններում։ Դրանցից մեկը շատ յուրահատուկ է, քանի որ ներգրավում է այլ երկրների քաղաքացիներին, որոնք հակամարտող կողմերի համար հանդիսանում են հնարավոր մոբիլիզացիոն ռեսուրս։

Գաղտնիք չէ, որ պատերազմող երկրու կողմն էլ մոբիլիզացիայի հետ խնդիրներ ունեն, ինչը դրդում է և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային այլ երկրներից ռազմիկներ որոնել։

Նման հավաքագրման կարևորագույն գործիքը, պարզ պատճառներով, ինտերնետն է։ Հատկապես սոցիալական ցանցերը և սթրիմինգային հարթակները, որտեղ հնարավոր է մեծ ծավալներով գովազդներ տեղադրել։

Հայաստանը նույնպես թիրախավորվում է ռեկրուտինգային գործողությունների միջոցով։ Պատերազմող երկու կողմն էլ աշխատում է այս ուղղությամբ։ Տվյալ պահին ակտիվությունը գալիս է Ռուսաստանից։

Առաջինն այս հարցում ակտիվ ներգրավվման գործողություններ սկսեց Ուկրաինան, որը ստեղծեց Միջազգային լեգեոն և դեսպանատների մասնակցությամբ՝ հավաքագրման ենթակառուցվածքներ։

Գովազդները սկսվեցին արդեն 2022-ի մարտին, պատերազմի սկզբից օրեր անց։

Սա գովազդի օրինակ է, որը թիրախավորում էր կոնկրետ Գերմանիայի բնակիչներին։

Իսկ այս գովազդը արդեն նաև թիրախավորում էր Ֆեյսբուքում Հայաստանում ապրողներին և տեսանյութի միջոցով առաջարկում էր հստակ քայլեր Ուկրաինական միջազգային լեգեոն հավաքագրվելու համար.

Տվյալ պահին Ուկրաինայի կողմից Հայաստանի լսարանի վրա ակտիվություն չի նկատվում։ Հակառակը, Ռուսաստանի կողմից սկսվել են ակտիվորեն տեղադրվել գովազդներ՝ առաջարկելով դառնալ պայմանագրային զինծառայող ռուսական բանակում։

Ռուսական կողմը չունի հնարավորություն տեղադրելու գովազդ ամերիկյան սոցիալական ցանցերում, դրանք ակնհայտ անմիջապես կարգելափակվեն։ Այդ իսկ պատճառով որպես հիմնական հարթակ օգտագործվում են մի շարք ռուսաստանյան կայքեր, որոնց մեծ մասը պատկանում են VK ընկերությանը։ Դա հենց VK սոցցանցն է, Օդնոկլսնիկին է, Mail.ru պլատֆորմը և այլն։

Բացի դրանից, զինվորական հավաքագրման համար օգտագործվում են պիրատական կայքերը, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր և սերիալներ, և որտեղ հնարավորություն կա առանց սահմանափակումների տեղադրել գովազդ։

Ահա մի քանի նմանատիպ հավաքագրող գովազդ, որտեղ հստակ երևում է, որ թիրախավորվում են հենց հայաստանցիները։

Գովազդները տանում են Սախալին ռեգիոնի պայմանագրային ծառայության հավաքագրող կայք (դժվար է հասկանալ, թե ինչու հենց Սախալինն է այս հարցով զբաղվում)։

Կայքում ներկայացված պարգևատրումների ցանկը հստակ խոսում է այն մասին, որ ծառայությունն ընթանալու է ոչ թե Ռուսաստանի արևելյան ափերին, այլ կոնկրետ պատերազմական թատերաբեմում.

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում Mail.ru-ուն հանդիսանում է հիմնական էլեկտրոնային փոստի հարթակ, իսկ Օդնոկլասնիկին ու VK-ն նույնպես ունեն ոչ փոքր լսարան, ապա կարելի է ենթադրել, որ ռուսաստանյան հավաքագրման գովազդները ունեն բավականին մեծ լսարան։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *