Այն լուրը, թե Ռուսաստանի մեդիա քարոզչության առաջնագծի մարտիկ ու Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվել է, ո՛չ ճիշտ է, ո՛չ սխալ։
Ավելի ստույգ՝ արդեն նշանակություն չունի դա ճիշտ է թե սխալ։ Այդ լուրն արդեն քննարկվում է ու տարածվում, ստանում արձագանք ու տեղ գտնում հեղինակություն ունեցող լրատվամիջոցներում ու պետական հարթակներում։ Եվ քանի որ ճշմարտությունը մանրուքներում է, այլ ոչ թե պարզապես հայտարարություններում, ապա հմայք են ստանում ազդակները, ակնարկները, արձագանքները, ոչ թե փաստերը։
Իսկ ազդակներն ու արձագանքները կարող են լինել նաև արհեստածին, ոչնչից, օդից հյուսված։
Առաջինն այդ արգելքի մասին հայտնեց (ու շարունակում է մնալ միակը) անձամբ Մարգարիտա Սիմոնյանը՝ գրելով, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան փակ է։ «Ի դեպ՝ իմն էլ»,- գրել էր նա։
Եվ այդպես «ի դեպ»-ով էլ այդ լուրը մտավ մեդիա։ Համենայանդպես, Սիմոնյանը հարկ չէր համարել նշել, թե ով է իրեն ասել դրա մասին։
Զատուլինի այցը Հայաստան ՀՀ իշխանությունները համարել էին անցանկալի է, ԱԺ-ից նրան հայտնել էին այդ մասին պաշտոնական գրությամբ։ Այդ մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը՝ մեջբերելով ԱԺ նամակը։
Իսկ Մարգարիտա Սիմոնյանի դեպքում ամեն ինչ ազդակների ու ակնարկների դաշտում է, «ի դեպ»-ների։
Ի դեպ՝ բնավ էլ չի բացառվում, որ դա մեծ բլեֆ է, որ ռուսաստանյան պրոպագանդայի ծանր հրետանի Սիմոնյանը այդպես մի լավ ալեկոծում է հայ-ռուսական հարաբերություններն ու ինքն իրեն նորից դարձնում մեջբերվող անձ տարբեր մեդիա հարթակներում։
«Ի դեպ»-ների տրամաբանությունը անսպասելիորեն շարունակեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին խոսելիս՝ իր հերթին ո՛չ հաստատեց, ո՛չ էլ բացառեց նորությունը։
Նա ասաց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե ինքը, թե իր ամուսինը, թե հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ ու մանկուրտներ և տարբեր մարդիկ, որոնք Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսեւորեն, ՀՀ անկախության նկատմամբ, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն… »։
Հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև պատրաստվում են մտնել նոր փուլ, որտեղ մոբիլիզացվում են արդեն ոչ թե կացնային պրոպագանդիստական ուղերձները, հիմնականում դարավոր բարեկամության ու եղբայրության մասին տեքստերով ու միաժամանակ՝ սպառնալիքներով (կարելի է հիշել, թե ինչ էր, օրինակ ասում Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանի մասին 2020-ի պատերազմի օրերին), այլ ավելի աննկատ տողատակերը։
Բոլոր դեպքերում մեծ կռիվ է սպասվում նաև մեդիայի դաշտում։
Եվ հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը փաստորեն ասաց շատ օրիգինալ բան։
Ստացվեց, որ նա զգուշացրեց Մարգարիտա Սիմոնյանին ու ռուսական իշխանությունների օգտին աշխատող հայազգի քարոզիչներին, որ թող Ռուսաստանը չհամարձակվի քննադատել ՀՀ իշխանություններին, հիմնականում նախկին։ Թողեք հանգիստ մեր Քոչարյանին ու Սարգսյանին. մոտավորապես սա ասաց։
Ալեն Սիմոնյանը Մարգարիտա Սիմոնյանից պաշտպանեց ՀՀ նախկին նախագահներին։ Լավ պաշտպանեց։ Իմիջիայլոց, անտեսելով ներկա իշխանություններին։ Այո, բոլորը մերն են. ասաց։ Ու մի քննադատեք, քանի որ դա սասանում է մեր պետականության հիմքերը։ Լավ ասաց (չասաց, ակնարկեց)։
Ի դեպ՝ լուրը, թե ով է անցանկալի ՌԴ-ում Հայաստանի համար, չի հաստատել նաև ՀՀ ԱԱԾ-ն։ Կառույցից չհաստատեցին, բայցև չհերքեցին, որ Մարգարիտա Սիմոնյանի ու Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է։
Միգուցե կարելի է հարցնել, թե ինչպես այդ դեպքում լուրը հասանելի դարձավ «Հայկական ժամանակին» և արդյոք ԱԱԾ-ն թույլ կտա, որ «Հայկական ժամանակը» շարունակի սասանել մեր հանրապետության հիմնասյուները՝ նետելով մեդիա դաշտ փաստաթղթեր, նամակներ ու գրություններ, որոնք հնարավոր չէ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։
Ո՛չ բացառել, ո՛չ ընդունել։ Սա է այն միջավայրը, որի խաղի կանոններով սկսել են խաղալ ՀՀ պաշտոնյաները։ Խաղը փոխվել է, պիտի համապատասխանես։
Միակ հարցը «Հայկական ժամանակ»-ն է։ Ու լավ կլինի, որ արգելքն ու հարգանքը միախառնվեն նաև այդ լրատվամիջոցին անդրադառնալիս։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: