2022.06.24,

Քննադատ

Ինչը դուր չի գալիս՝ պիղծ է, սատանիստական ու ոչ հայեցի

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Հայկական մեդիա դաշտում պարբերաբար հայտնվում են վեճեր ու քննարկումներ հրահրող նյութեր, որոնք, հիմնականում, արագորեն պիտակվում են իբրև դիվական, պիղծ, ազգակործան և այլն: Դժվար է ասել, թե այս նարատիվներն առաջ բրդող մարդիկ ինչ նպատակներ են հետապնդում, բայց ակնհայտ է, որ նրանք խաղում են մարդկանց գիտակցության հետ` ակտիվացնելով այնպիսի հիմնական ազդակ (թրիգեր), ինչպիսին վախն է․ վախ առ կորուստ (լինի դա ազգային ինքնություն, արժանապատվություն կամ թեկուզ երկրի տարածք), այլասերում, կործանում և այլն: 

Շատ հեշտ է բարկացնել հետտրավմատիկ փուլում գտնվող հասարակությանը, իսկ արվեստի գործերը վաղուց հանդիսացել են այդ բարկության ամենահեշտ աղբյուրը: 2022-ին այդպիսի դեպքերի պակաս չի եղել․ օպերայից մինչև ռուսական ռեփերի համերգ, Գոռ Վարդանյանի սերիալ ու ներկայացման պաստառ:

Հոդվածում քննարկում ենք ոչ թե ներկայացված օրինակների մշակութային արժեքներն, այլ դրանց շուրջ առաջացած աղմուկն ու դրա ակունքները:

Սոմա, կրակե օղակ

«Սոմա, կրակե օղակ» օպերայի պաստառը, հեղինակ՝ Indigo Branding Agency

Սոման տարվա ամենաերկարատև ցեխագրություններից էր (սռաչ)։ Եղիշե Չարենցի 125-ամյակին ընդառաջ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց Ավետ Տերտերյանի «Սոմա, կրակե օղակ» օպերան, որը թատրոնը որակեց որպես հեղինակի ամենաարտասավոր գործ։ 

Պրեմիերայի մասին առաջին հրապարակումը եղավ փետրվարի 28-ին։ Բոլոր արձագանքները հիացական էին, ոչ մի բացասական կարծիք ու բողոք։ Երկրորդ հրապարակումը մարտի 11-ին էր, որից էլ սկսեց օպերայի դեմ արշավը։ Քննադատության հիմքում Չարենցի «Սոմա» ստեղծագործությունն էր, ինքը՝ Սոման, որպես կրոնական բացասական կերպար ու շապիկի կարմիր կնոջ նկարազարդումը։ 

Ենթադրելով մեկնաբանությունների ժամերից, առաջինն իր դժգողությունը հայտնեց ավելի քան 20 հազար հետևորդ ունեցող ԱՄՆ արևելյան թեմում ծառայող Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը. «[…] Դուք Սոմայի բառերը կարդացել է՞ք: Վե՞րջ: Օպերան այսպես միանգամից դավաճանում է Քրիստոնեությանը, կամ իր կամ բոլորիդ համար Քրիստոնեությունն այլևս հավատք չէ՞ […]»։ 

Ըստ Հարեյանի՝ տվյալ ներկայացումը ցուցադրելն ու դրան «դիվապաշտական լայք» դնելը նշանակում է պաշտել սոմային, ինչի պատճառով աստված ամեն մեկիս հատուցման է կանչելու։ Նա նաև ընդգծեց, որ նմանատիպ «չարությունների» պատճառով է, որ «մենք մասամբ կորցնում ենք մեր պաշտպանությունը»։

Կիսասարկավագի մեկնաբանությունից րոպեներ անց սկսեց ամոթանք տվող ու դատապարտող մեկնաբանությունների, դրանցից առաջացած վեճերի տեղատարափը։ Հեղինակներին ու աջակիցներին անվանում էին «սատանիստ, արվեստի տակ պղծություն տարածող, դիվահար, քրիստոնյա երկրում սատանայապաշտություն քարոզող և այլն»։

Մարտի 15-ին Արմեն Հարեյանն օպերայի գովազդային շապիկի վրա «դևը օպերայում» գրվածքով նկար տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում։ Այստեղ նա քննադատեց ոչ միայն ներկայացման հեղինակներին ու այն բեմադրող կառույցին, այլև Եղիշե Չարենցին՝ կոչ անելով «ճանաչել նրանց, ում կոչել եք մեծ»։ 

Սոմային համարելով հնդակական չաստվածուհի, Հարեյանը բանաստեղծության բովանդակությունը համարում է «Հայր Մեր»-ին հակադրվող, դիվապաշտական և կռապաշտական։

Իր հրապարակման մեջ Արմեն Հարեյանը ասում է բաներ, որոնց ստուգելու հնարավորություն կամ հավատալու որևէ հիմք չկա։ Օրինակ այն, որ իրեն ասել են, թե «մասնակիցներից շատերը չեն ուզում մասնակցել այս դիվապաշտությանը»։ Իսկ մանիպուլյատիվ արտահայտությունն այն մասին, որ «աստծուն ուրացող նման բաների պատճառով ենք պարտվում պատերազմներում», անգամ մեկնաբանելու կարիք չկա։ Այդ գրառումն ունի 700 հավանում, 265 մեկնաբանություն և 429 տարածում։ 

Դեմոնիզացված օպերայի շուրջ կար մեծ ուշադրություն, որի պատճառով Օպերայի թատրոնի մարտի 24-ի հրապարակումը Հարեյանի համախոհները ենթարկեցին հարձակման։ Նրանք կրկնում էին այն նույն թեզերը, որոնք թելադրել էր կիսասարկավագը։ Իսկ արդեն ներկայացման առաջին տեսանյութի տակ հայտնվեցին որոշ մեկնաբանություններ, որ պրեմիերայի օրը՝ ապրիլի 14-ը, պատահական չեն ընտրել (այդ օրն ավագ հինգշաբթին էր)։

Իրականում, Սոման դևերի հետ կապ չունի և ավելի հայտնի է Չանդրա անունով։ Հինդուիզմում նա լուսնի, մարդկանց, կենդանիների ու բուսականության պտղաբերության աստվածն է։ Աստվածությունն իրենից ներկայացնում է նաև սոմա բույսից պատրաստված հրաշք թուրմ, որը հնդկական աստվածներին անմահություն էր պարգևում։

Залечь на дно в Ереване

«Залечь на дно в Ереване» ներկայացման առաջին պաստառը

Ռուսական ТНТ հեռուստաալիքի աստղաբույլով Залечь на дно в Ереване թատերական ներկայացումը պետք է լիներ կազմակերպիչների խոստացած սուր հումորով ու ինտրիգային սյուժեյով գործ, սակայն ավաղ․․․ Ինտերնետի հայ օգտատերերն անմիջապես նկատեցին լավաշով ծածկված դերասանների մերկ մարմինները։

Մեկնաբանությունները կոշտ էին ու միանշանակ՝ պաստառն անարգում է հայկական արժեքները, հայ ազգին ու մշակույթը, որովհետև լավաշը սուրբ է և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության ցանկում։

Մի կողմ դնենք այն միտքը, թե արդյո՞ք հացը սուրբ է, թե՞ ոչ։ Բանն այն է, երբ նման խոսակցություններում բարկացած մարդիկ դիմում են պատասխանատու կառույցներին ու մշտապես ստանում «ցրողական» պատասխաններ, ինչպես արեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Պատասխանը մոտավորապես այսպիսինն էր․ «Ներկայացումը դեռ հաստատված չէր, իսկ պաստառն անգամ չէինք տեսել․․․»։ Պաստառն ամենաուրեք փոխարինվեց փայլաթիթեղով:

«Залечь на дно в Ереване» ներկայացման երկրորդ պաստառը

Այդպիսի լռակյաց մոտեցում էր եղել նաև Vader դեթ մետալ խմբի համերգի հանդեպ, երբ Տիկնիկային թատրոնը (որտեղ պետք է տեղի ունենար համերգը), բացատրական աշխատանքներ տանելու փոխարեն, կուլ գնալով մանիպուլյացիաներին ու ապատեղեկատվությանը, իբրև Երևանում տեղի է ունենալու սատանիստական ծես,  նախընտրեց չեղարկել այն։ Հարկ է նշել, որ համերգը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, սակայն արդեն Պոլիգրաֆ ակումբում։

Հատուցում․ կոռուպցիա 2

«Հատուցում․ կոռուպցիա 2» հեռուստասերիալից կադր

Թվում էր, թե Գոռ Վարդանյանի հեռուստասերիալները մեմերի բաժին դառնալուց բացի լուրջ քննադատատության են արժանացել, երբ առաջին անգամ բարձրացավ այս աղմուկը։ Բայց այստեղ խնդիրը ևս կապված էր միայն հայ առաքելական եկեղեցին ու կրոնը ծաղրելու հետ։

Իր ինտերնետային բլոգները օպերատիվ կերպով թարմացնող Արմեն Հարեյանը դժգոհություն էր հայտնել «Երկիր մեդիայով» ցուցադրվող «Հատուցում․ կոռուպցիա 2» սերիալում ներկայացված այն դրվագից, որտեղ մի մեծահարուստ իր տան պատից կախել էր իր իսկ խաչված նկարը։ Բացի դրանից, ծաղրական մեկնաբանություններ էին անում նաև տեսարանում ներկա այլ կերպարներ։ Նա հերթական անգամ նման երևույթները կապեց հայ ազգի պարտության հետ, իսկ սերիալի թիմի անդամներին որպես աստծուն ծաղրելու հետևանք հիշատակեց, որ նրանց երեխաները կարող է ունենան անբուժելի հիվանդություններ կամ ծնվեն հիվանդ և այլն։

Հարեյանի տեսանյութը Ֆեյսբուքում հավաքեց ավելի քան 30 հազար դիտում և նույնքան էլ բարկացած մարդկանց։ Արագորեն տարածվող սենսացիոն կադրերը ստիպեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին (ՀՌՀ) հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։ Ըստ հանձնաժողովի, սերիալի այդ կադրը նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։

Այսինքն, մինչ այդ ոչ մի խնդիր չկար սպորտսմեն, դերասան և երևանի նախկին քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի նախագծերում: Աչք ենք փակում տեղական հեռուստասերիալներում ու հաղորդումներում մշտապես ցուցադրով բռնության, սեքսիզմի, ռասիզմի, հոմոֆոբիայի և այլ արատավոր դրևսորումներ պարունակող էպիզոդների վրա։ Բայց հենց հարցը հասնում է աշխարհիկ երկրում կրոնական թեմաներով ծամածռությանը, խնդիրը վերջապես նկատվում է ու դատապարտվում: 

Հուսադրող է ՀՌՀ-ի հայտարարության վերջին պարբերությունը, որտեղ նշված է՝ սերիալը կարող է խախտել անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող նորմեր, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիայի։ Հանձնաժողովը հարկ եղած դեպքում դրան ևս կանդրադառնա։

Մորգենշտերնի համերգ

Մորգենշտերնի երևանյան համերգի պաստառը

Սատանայական խնջույքն ավարտենք այս տարվա սկիզբն ազդարարած թեմայով․ Երևանում պետք է տեղի ունենար ռուսական երաժշտարվեստում հայտնի Մորգենշտերն անունով ռեփերի համերգը։ Այստեղ իրավիճակը մի քիչ ավելի բազմաշերտ էր․ մեկը մյուսի խոսքը փոխանցելով աշխատեցին եկեղեցականներն ու լրատվականները։

Արձագանքներից առաջինը կրկին կիսասարկավագ Արմեն Հարեյանինն էր, որը, նկատելով ռեփերի ճակատին «666» գրվածքով դաջվածքը (որն ըստ իրեն Նեռի նշանն է), ասաց, որ նա ծաղրում է քրիստոնեությունն ու Քրիստոսի եկեղեցին։ 

Հարեյանին հետևեց Տեր Եզնիկը։ Նա ռեփերին դատապարտեց դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականություն, թմրամոլություն և հակաքրիստոնեություն քարոզելու մեջ։ Մյուս նախադասությունում արտիստին անվանեց սատանիստ ու հանդես եկավ մի պնդումով, որը, Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության համաձայն, կեղծ էր։ Խոսքն այն մասին է, որ իբրև Մորգենշտերնը 2020-ի արցախյան պատերազմի ընթացքում ծաղրել և հայհոյել է հայերին։ Մեր որոնումներում հայերի հասցեին ծաղրական կամ որևէ այլ անդրադարձ մենք ևս չենք գտել։

Իսկ լրատվական դաշտում ռեփերի թեման ակտիվորեն լուսաբանում էր հայկական «Սպուտնիկը», որը հայտնել էր, իբրև tomsarkgh.am կայքում «ազատ տոմսեր գրեթե չէին մնացել»։ Մինչդեռ Հայկական ժամանակի հետ զրույցում համերգի կազմակերպիչ «Prime Production»-ի ներկայացուցիչը հերքել էր տոմսերի մեծ վաճառքի մասին տեղեկությունը։ 

Թվում էր, թե համերգից հետո կրքերը կհանդարտվեն, սակայն գործի անցան սունկ կայքերը, որոնց մասին արդեն գրել էր fip.am-ը, որ Մորգենշտերնը չեղարկման հետ կապված հայտարարել է՝ «եթե դուք չեք ուզում տեսնել ինձ, ապա ես ձեր վրա թքած ունեմ»: Իրականում, ռեփերն այդպիսի արտահայտություն չէր արել։

Ամփոփում

Արդյո՞ք արժե ինտերնետային տարբեր օգտատերերի խոսքին էլ ավելի մեծ կշիռ տալ ու մեկնաբանել ծայրահեղական ու անհիմն քննարկումները։ Պարզվում է՝ պետք է, որովհետև լինի դա բժիշկ, իրավաբան, բլոգեր կամ օնլայն քահանա, նրանք ունեն տասնյակ հազարավոր հետևորդներ ու կարողանում են «ճշգրիտ մանիպուլյացիաներով» գրավել էլ ավելի լայն շրջանակների։ Ցավալի է, որ այս ամենը նրանց մոտ հաջողվում է, իսկ հանրությունն անգիտակցաբար օգտագործվելով՝ դառնում է մեկի անձնական շահն ու նպատակներն առաջ տանողը։

Վերհիշենք արդեն իսկ հիշատակված Vader խմբի «սատանայական համերգը», ֆիզիկական բռնության հասած «ՀուԶԱՆԳ ու ԶԱՆԳ» պերֆորմանսը, Կոնսերվատորիայի «սատանիստական խնջույքը» կամ «Մել» ֆիլմը։ Բոլոր այս դեպքերը ընդդիմություն-իշխանություն, քրիստոնյա-աթեիստ, արվեստ-չարվեստ հակադիր խմբավորումների ձեռքում դարձան գործիք։

Պաշտամունքային (կուլտային) միավորումները և նոր կրոնական շարժումները աշխատում են հստակ գաղափարախոսության համաձայն՝ այն, ինչ իրենց շարժումից դուրս է, ուրեմն վտանգավոր է, կործանում է, իսկ փրկությունը միայն իրենց մեջ է։ 

Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ երկիր է և գործում է քրեական ու վարչական օրենսգրքերով: Իսկ կրոնական դոգմաները չունեն օրենքի ուժ: Բայց այս ուղղորդիչ ու քարոզող ուժերի տեղատարափի մեջ դառնում է նմանատիպ մի փակ միավորում, որտեղ յուրաքանչյուր «այլ» բան պիղծ է, սատանիստական ու ոչ հայեցի։

Քրիստիան Գինոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *