2022.06.17,

Քննադատ

Երազելով էթիկայի մասին՝ խստանում են մեդիա օրենքները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի մեդիա դաշտի վայրիվերումներն ու ակտիվ քարոզչական բովանդակությունը (թե՛ պետական, թե՛ ընդդիմադիր հատվածից) դարձել են բնապատկերի անբաժանելի բնութագիր։

Լրատվամիջոցները շատ են, հակադիր դիրքերից նույն իրադարձությունը ներկայացնող ու հաճախ այնքան բևեռացված, որ շատ բարդ է խոսել ինֆորմացիայի հավաստիության մասին։ Միշտ կան շատ «բայցեր»։ Բայց տեսնենք, թե ով է մեդիային փող տալիս։ Բայց հաշվի առնենք, թե որ կուսակցության հովանու ներքո է ձևավորվում մեդիայի օրակարգը։ Բայց ուշադրություն դարձնենք, թե ինչպես են բովանդակության վրա ազդում  քաղաքական համակրանքներն ու հակակրանքները։

Հայաստանում հունիսի 6-ին եղավ առաջարկ փոփոխելու ու լրացնելու տեսալսողական մեդիայի մասին օրենքը, ներառել հատկապես հեռուստաոլորտի մի քանի կարգավորումներ, որոնք կարող են որոշակի թափանցիկություն ապահովել։ Խոսքը ոչ այնքան լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունը տեսանելի դարձնելու մասին է, որքան եթերում կարծիք հայտնողների։

Ըստ օրենքի նախագծի՝ հեռուստաեթերում հաղորդում ունենալու իրավունք չեն ունենա պետական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Իսկ տեսակետ հայտնող մարդկանց հրավիրելով եթեր, հաղորդավարները պարտավորված կլինեն նշել նրանց քաղաքական պատկանելությունը, այդ թվում նաև՝ անցյալում եղած կուսակցական կապերը։

Ահա այսպիսի ձևակերպում կա նախագծում.

«Չեն կարող հեռարձակվել տեսալսողական հաղորդումներ, որոնց հաղորդավարները պետական պաշտոն զբաղեցնող անձինք են, ինչպես նաև անձինք, որոնք ընտրովի պաշտոններում առաջադրված թեկնածուներ են կամ թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների վերաբերյալ տեղեկանալուց հետո որևէ կերպ հանրայնացրել են իրենց մտադրությունն առաջադրվելու մասին»:

Նաև կա փորձ նվազեցնելու կամ առնվազն զատելու ատելության խոսքը, բռնության կոչերը, հայհոյանքը, ոչ նորմատիվ բառապաշարը։

«Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում տեղեկացվել է ենթադրյալ իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է»:

Էթիկա

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որն ընդունվել է 2020-ին, պարտադրում է, որ բոլոր լիցենզավորված լրատվամիջոցներն ունենան էթիկայի կանոնագիր։ Դա պիտի լինի հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ, որը ցույց կտա, թե ինչ էթիկական նորմերով է ուղղորդվում տվյալ լրատվամիջոցը: 

Էթիկական կանոնագիրը պարտադիր պայման է, եթե լրատվամիջոցն ուզում է հայտնվել հանրային մուլտիպլեքսում ու ստանալ հեռարձակման հաճախականություն։

Այդ էթիկական կանոնագրերը կան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, բայց հրապարակված չեն։ Եվ միայն կարելի է ենթադրել, որ բոլորը կառուցված են գրեթե նույն սկզբունքով (անաչառ, հավաստի, բազմակողմանի ու ոչ մոլորեցնող, բայց հանրային կարևոր նշանակություն ունեցող տեղեկություն ապահովելու խոստման)։

Այսինքն, այն պարզ բանաձևի վրա, որ անում ես այն, ինչ խոստանում ես։ Ու խոստանում ես այն, ինչ անելու ես։

Չես կարող խոստանալ անաչառ բովանդակություն, եթե հեռարձակելու ես «լաչառ» բովանդակություն։ 

Եվ եթե այս պարզ ինքնակարգավորումը չի աշխատում, օրենքներն ավելի են խստանում, ճյուղավորվում, խճճվում, շատ դեպքերում՝ դառնում անհեթեթ տարըներցումների առիթ։

Օրինակ, հիմա տեսալսողական մեդիայի մասին օրենքի համաձայն՝ մեկ թեմայի լուսաբանումը չի կարող գերազանցել եթերի 24%-ը: Մի կողմ դնենք, որ թեմայի չափումը գրեթե անհնար է, դա նաև անիմաստ է (ասենք, ապրիլի 24-ին կամ պատերազմական կամ այլ էքստրեմալ իրավիճակներում)։ Թեման կուռ հասկացություն չէ, որը կարելի է համարել չափելի։ Բա՞ ենթաթեմաները, տողատակերը, ենթատեքստը։ 

Օրենքի նոր նախագիծը նաև ավելի հստակ է պնդելու, որ եթերում պետք է ներկայացվեն հակառակ կարծիքները, եթե խոսքը հանրային հնչեղություն ունեցող քննարկումների մասին է։

«Հիմնական հակառակ տեսակետերը, որպես կանոն, պետք է ներկայացվեն միևնույն հաղորդման շրջանակում, բացառության կարգով՝ նաև հետագա հաղորդումներում»:

Իսկ եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են դա անել, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ, քանի որ «կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում հեռարձակողի կողմից անկողմնակալության ապահովման պարտականությունից»: 

Իսկ եթե հանրային քննարկում է հանցագործությունների կամ բռնության դեպքերի մասին, արդյո՞ք սա չի նշանակում, որ պետք է անպայման հնչի նաև բռնարարի կամ բռնությունը արդարացնող մեկի կարծիքը։ Կամ խոշտանգողի ու մարդասպանի։

Իհարկե, մեդիայի մասին օրենքները գրեթե միշտ ուշացած են, ուշանում են ու ուշանալու են։ Բայց հիմնարար սկզբունքները նորմեր են, որոնք օրենքը կարող է ոչ թե ապահովել, այլ ընդհակառակը՝ արժեզրկել։

Ընդհանրապես էթիկան, հատկապես մեդիա դաշտում, ունի կարևոր գործառույթ. այն ապահովում է ծավալ, կրիտիկական զանգվածային ներկայություն, որից ցածր աշխատող լրատվամիջոցներն արդեն ընկալվում են ոչ պրոֆեսիոնալ ու մեծ հաշվով անպետք։ 

Ավելին՝ ավելի ցածր էթիկական նորմերով աշխատելը դառնում է պարզապես ոչ ձեռնտու, քանի որ դա այլևս պետք չէ սպառողին։ Միգուցե պետք է սեփականատիրոջը, բայց սպառողին հաստատ պետք չէ, հետևաբար՝ անարդյունք է։

Ի վերջո, էթիկական նորմերի խախտումը բնավ էլ ազատություն չէ, ընդհակառակը՝ ստրկամտության նշան է։ Եվ եթե ուղերձդ ճիշտ հասցնելու համար հարկավոր է ոչ նորմատիվ բառապաշար կամ ապատեղեկատվություն, ուրեմն չի կարելի խոսել լրատվամիջոցի ազատության մասին։

Ինչպե՞ս անել, որ մեդիայում ձևավորվի այսպես ասած՝ էթիկայի նվազագույն շեմ, որից ներքև իջնելը կհամարվի ոչ շահավետ։ Օրինակ, հայհոյախառն ու մանիպուլյատիվ բովանդակություն ստեղծելը, տարածելն ու պաշտպանելը դառնա սխալ ռազմավարություն ու պարտության նշան։ 

Երևի դա ժամանակի հարց է (լավագույն դեպքում) կամ կամքի հարց է (օրենքների խստացման դեպքում)։ Եվ չկան երաշխիքներ, որ էթիկազուրկ միջավայրում էթիկական աշխատանքը կարող է համարվել թելադրող, գնահատելի ու արդյունավետ, եթե օրենքներն ավելի մանրամասն դա ձևակերպեն ու սկսեն ընկալվել որպես մահակ։ Թերևս ավելի շատ գործում է վիրուսային տարբերակը, երբ բազային նորմերը ինչ-որ բան պատմելու բարձր են։

Կան թեմաներ, որտեղ հակադիր տեսանկյուն չի կարող լինել։ Եվ էթիկան այն գործիքն է, որի բացակայությունը նույնպես չի կարող արդարացվել այն չընդունողների տեսակետների մեջբերմամբ։ Չի կարող արդարացվել հայհոյանքը, քանի որ դա թուլացնում է թե՛ մեդիայի դերը, թե՛ սպառողի ինքնապաշտպանությունը։

Սպառողներն արդեն տարիներ շարունակ ընտելացել են հոգեցունց ու հուզառատ բովանդակությանը, ատելության կոչերին, թշնամական լեզվին ու հայհոյանքներին։ Հիմա լավ ժամանակ է առաջարկելու ավելի զուսպ ու ավելի սթափ մոդել։ Էթիկան դարձնելու կիրառելի ոչ թե միայն խոսքում, այլ ամենաօրյա գործում, քանի որ եթե դա չանես դու, դա կանեն քո փոխարեն։ Միշտ ուշացող ու միշտ թերի օրենքներով։


Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *