Աչքներիս առաջ փոփոխվում է մեդիա դաշտը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Ռուս֊ուկրաինական պատերազմը, անկասկած, մեծ ազդեցություն է թողնում և շարունակելու է թողնել ամբողջ տեղեկատվական հոսքերի վրա։
Բացի դրանից, գոյություն ունեին նաև օբյեկտիվ պատմական փոփոխություններ, որոնք կիրականանային, սակայն ավելի դանդաղ, առանց պատերազմ։ Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք։ Մի բան էլ ավելին կունենանք ապագայում։ Եվ կարևոր է ինչպես միշտ այս ամենի հետևից չվազել։ Որոշ դեպքերում ավելի գերադասելի է լինել հենց գնացքի մեջ, ոչ թե գնացքի հետևից ընկնողի դերում։
Ի՞նչ ունենք այսօր, ինչի հետ պետք է հաշվի նստենք։
ԱՄՆ և ԵՄ օրեսսնդրական դաշտում գտնվող հարթակներում ավելի ու ավելի է սաստկանալու տեղեկատվության վերահսկողությունը։ Սկսած բովանդակային գրաքննությունից, որն այսօր, օրինակ, հարվածում է բուն հայաստանյան օգտատերերին։
Խոսքը Մոնթեի նկար ունեցող օգտատերերի և էջերի արգելափակումների մասին է։ Իսկ ներկա միջազգային ծանր իրավիճակը, որը դժվար թե փոխվի դեպի լավը մոտակա ամիսների ընթացքում, ստիպում է սոցցանցերի մոդերացիան դարձնել ավելի ու ավելի խիստ։
Հարթակների ղեկավարները գերադասում են խստացնել մոդերացիան, որպեսզի չմեղադրվեն կեղծ կամ ծայրահեղական տեղեկատվության տարածման մեջ։ Սա նշանակում է, որ կամայական լրատվական կարող է կամայական պահի արգելափակվել կամ դրա ցուցադրումները կտրուկ կնվազեն, եթե տեղադրվի հղում կամ լուսանկար, որը դուր չի գա սոցցանցի մոդերատորներին։ Խաղի կանոնները գնալով դառնում են անհասկանալի, իսկ բողոքարկումները՝ գրեթե անհնարին։
Սա արդեն իսկ ունեցել է իր հետևանքները մի շարք երկրներում։ Սկսվել է գլոբալ արտագաղթ դեպի Տելեգրամ, որտեղ գրեթե մոդերացիա գոյություն չունի։ Սպասվում է, որ մոտակա ամիսներին այս հարթակից օգտվողների թիվը կկրկնապատկվի և կանցնի մեկ միլիարդը։ Հայաստանում Տելեգրամն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ամենաներբեռնվող հավելվածն է։ Արդյո՞ք մեր լրատվականները օգտագործում են այս հնարավորությունը։ Հիմնականում՝ ոչ։ Խոսքը ինչպես այնտեղ ներկա չլինելու մասին է, այնպես էլ ներկա լինելու դեպքում տվյալ հարթակի ոճը, ներքին կանոնները հաշվի չառնելն է։ Տելեգրամում հղումներ լցնելը դեռ չի նշանակում, որ այս հարթակը օգտագործվում է։
Մյուս հարցն այն է, որ լսարանն ավելի ու ավելի է գերադասում վիզուալ տեղեկատվությունը, տեքստերը ընթերցվում են միայն այն դեպքում, երբ դրանք սեղմ, ինֆորմատիվ ու կարճ են։
Հենց այդ իսկ պատճառով, լսարանը տեքստային տեղեկատվության դեպքում գերադասում է տելեգրամային ֆորմատը։ Բայց մեծ հաշվով սպառումը ավելի ու ավելի է զարգանում դեպի լուսանկար-ինֆոգրաֆիկա-տեսանյութ ֆորմատը։ Ու հենց սա էլ բերում է նրան, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հյատսնում Ինստագրամն ու ՏիկՏոկը դառնում են ամենասպառվող հարթակները։
Ինստագրամի լսարանը արդեն իսկ գրեթե հավասարվել է Ֆեյսբուքին և հեռու չէ այն պահը, երբ հնարավոր է հարթակները տեղերով փոխվեն։ Բովանդակային առումով Ինստագրամը արդեն իսկ այնպիսին է, որ թույլ է տալիս տարածել քաղաքական, հասարակական բնույթի տեղեկատվություն։ Ինստագրամն արդեն վաղուց միայն պարելու և ուտելու հաճույքով կիսվելու տարածք չէ։ Հետքը, օրինակ, հաջողությամբ կարողանում է օգտագործել Ինստագրամը։
Ու, բնականաբար, կրկին հասնում ենք ՏիկՏոկին, որն այսօր թույլ է տալիս աննկարագրելի տեմպերով տարածել տեղեկատվությունը։ Ցավոք սրտի, որակյալ լրագրողական բովանդակությունը Հայաստանում այստեղ գրեթե բացակայում է։ Ու հետո նույն լրագրողները բողոքում են, որ ՏիկՏոկում անորակ տեսանյութերն են տարածվում։
Իսկ ավելի նեղ, բովանդակային առումով մեկ այլ շատ մեծ թեմա է բացվում։ Այն, որ օբյեկտիվ լրագրությունը գրեթե թաղվում է կողմնակալության, քարոզչության տակ։
Ու սա ամբողջ աշխարհում է կատարվում, աննկարագրելի արագ տեմպերով։ Այս ամենը ողբերգական ազդեցություն է ունենալու հասարակությունների վրա։ Դեֆորմացնելու է լսարանի կողմից տեղեկատվության սպառման որակները։ Բայց մյուս կողմից, այն բացում է մեծ հնարավորություններ որակյալ տվյալները ստուգող լրագրության համար։ Ու այս ամենի հետ հարկավոր է հաշվի նստել։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: