2021.11.24,

Քննադատ

Լրատվամիջոցները մեծ հաշվով վաճառում են ոչ թե լուրեր, այլ քաղաքականություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այն պայմաններում, երբ լրատվամիջոցները դադարել են լինել լուրերի միակ ու անբեկանելի աղբյուրը (լուրերն ամենուրեք են և վաղուց լրատվամիջոցների մենաշնորհը չեն, քանի որ մեզ են հասնում սոցցանցերով շատ ավելի արագ ու հախուռն), լիովին վերափոխվում է պրոֆեսիոնալ մեդիայի դերը։

Եվ որքան էլ շարունակենք պնդել ու տարիներով բուհերում դասավանդել, որ լրատվամիջոցների առաքելությունը չեզոք, անաչառ ու բազմակողմանի ինֆորմացիայի փոխանցումն է, դա այլևս այդպես չէ։ Ավելի ճիշտ՝ միայն այդպես չէ։ Մի պարզ պատճառով՝ ինֆորմացիայի շուկայում դա չունի գին։ 

Աշխարհի մասին պատկերացումները մենք կազմում ենք ոչ թե մեկ կամ մի քանի լրատվամիջոցների լրահոսից, այլ սոցիալական մեդիայից, որտեղ ամեն մեկը ինֆորմացիայի տերն է ու միաժամանակ՝ մեկնաբանողը։ 

Ու լրագրության գործառույթն էլ տարալուծվել է այն բոլոր խաղացողների միջև, որոնք գոյություն ունեն ինտերնետում ու շատ հեշտ ու հանգիստ կարող են միմյանց հետ փոխանակել ինֆորմացիան՝ առանց ավանդական (դասական) լրատվամիջոցների։ 

Աշխարհի մասին պատկերը տեսնելու համար լրատվամիջոցներն այլևս պետք չեն։ Թվիթերի լրահոսը մի քանի րոպե թերթելը լիովին բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ կա կամ չկա աշխարհում։

Իսկ կուռ ու հստակ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոցները, որոնք ունեն պատմություն, փորձառություն ու սեփական էթիկական կանոններ (ոչ թե սնկերի պես բուսնած լրատվական կայքեր են), տեղակատվական շուկայում ստանում են նոր դերեր։ 

Եվ առաջին հերթին դա իրենց խմբագրական քաղաքականությունն է։ 

Օրինակ, դժվար թե որևէ մեկը որոշի, որ օրվա իրադարձություններին կարող է ծանոթանալ միայն Հանրայինի կամ միայն Երկիր Մեդիայի լուրերի թողարկումներից կամ էլ՝ news.am-ի ու Ազատության կազմած օրվա լրահոսից, քանի որ շատ լավ հասկանում է, որ լրահոսը իրեն հասնելու է ըստ այդ հարթակների խմբագրության ֆիլտրերի։ Եվ հենց այդ ֆիլտրերն են դառնում կարևոր լսարանի համար։ 

Այսինքն, մենք լրատվամիջոցից ուզում ենք ոչ թե արագ ու չեզոք իրադարձությունների շարան, այլ իրենց տեսակետից կարևոր իրադարձությունների շարան։ Ուզում ենք տեսնել նրանց ընտրանին։

Այսպես թե այնպես բոլոր լուրերը արագ հրապարակել չի ստացվի, միևնույն է դրանք ուշանալու են կամ կտրվելու համատեքստից՝ ստանալով շարունակվող հոսքի մի կաթիլի տեսք, որը երբեք չի լինի ամբողջական ու սպառիչ։ Տեղեկատվական հոսքը կազմվում է միլիարդավոր կաթիլներից (տեղեկատվական միավորներից), և առանցքային հարցն այն է, թե որ ուղղությամբ է շարժվում այդ հոսքը, ինչ նպատակներով է լրատվամիջոցը մեզ ցույց տալիս այդ ուղղությունը։

Մեդիա դաշտում լրատվամիջոցները կարող են առաջարկել հենց այդ ուղղությունը՝ որպես շուկայական ապրանք։ 

Իհարկե, բոլոր լրատվամիջոցները պնդում են, որ օբյեկտիվ ու անաչառ են, բայց դա զուտ իներցիայով ու նաև պաթոսով արվող պնդում է։ Յուրաքանչյուր սպառող շատ լավ հասկանում է, թե որ լրատվամիջոցը ինչ օրակարգով է կազմում իր լուրերի ընտրանին։ 

Եվ եթե աքսիոմ է, որ լսարանն է վճարում լրատվամիջոցին տեղեկատվության համար (բաժանորդագրությամբ, քլիքերով, որոնք վերածվում են գովազդի), ապա արժե հաշվի առնել, որ լրատվամիջոցներն իրականում վաճառում են ոչ թե լուրեր, այլ հենց խմբագրական քաղաքականություն: 

Եվ այդ քաղաքականությունն է ձեռք բերում իրական արժեք մեդիա դաշտում։ Բավական չէ չեզոք ու անաչառ կերպով ասել, թե ինչ է տեղի ունեցել, հարկավոր է ասել, թե դա ինչ է նշանակում այսօրվա համատեքստում։ 

Մեդիագրագիտության տարրական պահանջից ելնելով մարդիկ կուզեն իմանալ, թե ինչ է գրում իրենց իմացած նորության մասին այս կամ այն լրատվամիջոցը և ինչպես է բացատրում լուրը՝ համաձայն իր խմբագրական քաղաքականության։ Դրանից ելնելով էլ՝ ցանկացած լրատվամիջոց արդեն իսկ դառնում է քաղաքական խաղացող, քանի որ իր ապրանքը ոչ թե լրահոսն է, այլ տեսակետն ու մեկնաբանությունը։

Տեսակետը կարող է լինել սկանդալային ու մակերեսային կամ խորքային ու հետաքննական, կամ էլ՝ ծայրահեղ քաղաքական երանգի, բայց այն պիտի լինի, այլապես լրատվամիջոցը չի լինի մրցունակ։

Նյու Յորք Թայմզ-ն, օրինակ, չի ասում, որ տեղեկատվություն է վաճառում, ասում է՝ պաշտպանում ենք դեմոկրատական արժեքները։ Հայաստանյան Հետքը չի ներկայանում որպես լուրերի հավաքատեղի, այլ ասում է՝ անկախ հետաքննությունները մեր ուժն են։

Կուսակցությունների փողերով ապրող մեդիան հետաքրքիր է առաջին հերթին որպես այդ կուսակցության տեսակետից լրահոսը կազմող հարթակ։

Որ լսարանը ասի՝ գնամ այս կամ այն լրատվամիջոցի էջ, որ տեսնեմ, թե ինչպես է այն մեկնաբանում տեղի ունեցածը։ Կամ՝ տեսնեմ, իմ իմացած լուրը այն համարու՞մ է ճիշտ, թե՞ ոչ։

Տեղեկատվական միջավայրում մեծանում է ճշտողների ու ստուգողների դերը։

Ի վերջո, «զանգվածային լրատվակական միջոցներ» տերմինը անդառնալիորեն հնացած է, քանի որ բոլորս ակամայից հայտնվել ենք զանգվածային տեղեկատվական միջավայրում և հարկավոր է այդտեղից էլ սկսել մտորումները պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մասին։

Տոտալ տեղեկատվական միջավայրում միջոց լինելը ոչինչ է։ Պիտի խաղալ միջավայրի կանոններով։

Օրինակ, լավ հասկանալով, որ ամենից շատ տարածվում են տագնապալի լուրերը, լրատվամիջոցը (որը չի ուզում այդ լուրերի հերթական վերահրապակողը լինել) կարող է տեղեկատվական շուկայում խաղալ ստուգողի ու հաստատողի դեր։ Առաջարկել լսարանին ոչ թե իրենցից տեղեկանալ, այլ իրենց մոտ ճշտել այն տեղեկությունը, որը պտտվում է շրջապատում։

Լրատվամիջոցը չի հասցնում առաջինը տեղեկացնել (դա անիմաստ, էներգատար ու ժամանակատար գործ է), բայց կարող է լինել որոշակի ստուգող ու ճշտող հարթակ։ 

Ավանդական լրագրությունը, որը կառուցված էր «լրագրողը գնաց, տեսավ, եկավ, պատմեց» շղթայի վրա, մահացել է։ Տեսնում են ու պատմում անխտիր բոլորը։ Ու եթե մենք ընտելացել ենք ապրելու վայրիվերումներով, ապատեղակատվությամբ ու անգամ ակնհայտ կեղծիքով լի միջավայրում, դա դեռ չի նշանակում, որ մեզ հարկավոր չեն ճշտող ուղենիշներ։ Ընդհակառակը՝ շատ են հարկավոր։

Մենք տենչում ենք, որ լինեն հարթակներ, որոնք մեր փոխարեն կստուգեն ու կվավերացնեն մեր լսածն ու կարդացածը, որոնց մենք կվստահենք՝ պատվիրակելով անելու այդ գործը։

Ինչպես, օրինակ, դիմում ենք իրավաբանին փաստաթուղթ կազմելու ժամանակ, այնպես էլ կարող ենք դիմել վստահություն ունեցող լրատվամիջոցներին, եթե հարկ է պարզել լուրի իսկությունը։ 

Ի վերջո, լրատվամիջոցների կշիռն ու հեղինակությունը հիմա պայմանավորված է այդ իսկության որոնումներով։

Եթե հայաստանյան շատ լրատվամիջոցներ կարող են ասել, որ իրենք հավասարապես խոսք են տալիս բոլորին ու ուժերի լարումով ապահովում են բազմակողմանիություն, դա կլինի ընդամենը ինֆանտիլ հայտարարություն։ Հեղինակությունը տոտալ տեղեկատվական միջավայրում չի կարող լինել բազմաձայնությունը (միջավայրում այնքան շատ են ձայները, որ կարելի է խելագարվել)։ Հակառակը՝ հեղինակության մասին մտածող լրատվամիջոցը ստեղծում է ձայների առաջնահերթություն։ 

Անում է այնպես, որ իր մոտ հյուր եկողները քիչ կարդան աղբ, կեղտ ու անօգուտ հուզական մանիպուլյատիվ տեքստեր։ 

Վավերացնում է միայն կարևորն ու չի շտապում հրապարակել չստուգված ու չճշտված ոչ մի բան, նույնիսկ եթե դա իրեն դիտումներ է բերում։ Կարճ ասած՝ ձայնի իրավունք է տալիս իր կարծիքով կարևորին։ 

Եվ նորից կարելի է հիշել, որ տեղեկատվական միջավայրում տագնապն ու հուզիչը ունեն մեծ սպառում ու տարածում։ Գումարած դրան սոցցանցերի ալգորիթմը ևս խթանում է տագնապալի ու բևեռացված կարծիքների ստեղծումը։ 

Եվ լրատվական խմբագրություններից խլում բազմակարծության ֆունկցիան։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է լինել երկու կարծիքների սոսկ հաղորդիչ ու վերահրապարակիչ, եթե խոսքը պատերազմի կամ ճնշումների մասին է։ Կամ ցանկացած տեսակի բռնության։

Փաստերն ու այդ փաստերի վավերացումը այն ապրանքն են, որի կարիքն ունի լսարանը։ Եվ այն, թե ինչպես է փաստերի հետ աշխատում լրատվամիջոցը, հենց խմբագրական քաղաքականությունն է։ Ու լրատվամիջոցներն էլ քաղաքական գործոն են։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *