2021.11.15,

Քննադատ

Ինչպես հեշտությամբ տխրել մեր մեդիադաշտում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այսօր որոշել եմ նկարագրել, թե ինչն է ինձ տխրեցնում մեր տեղեկատվական դաշտում։ «Դաշտ» ասելով՝ պատկերացնում եմ ընդհանրացված մի երևույթ, որտեղ համ լրատվականներն են, համ սոցցանցերում ակտիվորեն կարծիք ձևավորողները, որոնց արդեն հայերենով սկսել են կոչվել ինֆլյուենսերներ։ Այսինքն այն ամենն, ինչ մենք որպես հասարակություն սպառում ենք տարբեր սարքավորումներով, մերօրյա հայերենով ասած՝ գաջեթներով։ 

Որպեսզի արտահայտեմ ողջ դեպրեսիվ վիճակը, բնականաբար, երանգները խտացրել եմ, մի կողմ թողել դրական փոքրաթիվ օրինակներն ու փորձել անել (միգուցե անընդունելի) ընդհանրացումներ։ 

Ու մի բան էլ շեշտեմ. սա ընդամենը մի քանի տխրեցնող հանգամանք է ավելի շատից։ Պարզապես ձեռքս տարա դեպի զամբյուղ և փակ աչքերով հանեցի մի քանիսը։ Եվ այսպես, մի քանի տխրության կետ։

Հետաքրքիր թեմաների բացակայություն

Եթե մի կողմ թողնենք տվյալ պահին կատարվողի նկարագրությունը և «մեր աղբյուրները Կրեմլում, ՆԱՍԱ-ում և չինական պատի միջից հայտնում են» տիպի նյութերը, շատ քիչ իսկապես հետաքրքիր, բովանդակալից նյութեր կհանդիպենք։ Անգամ բերանս չեմ բացում, որ խոսեմ հետաքրքիր, բովանդակալից և երկար նյութերի մասին։ Նյութ, բլոգային գրառում, տո գոնե երկար ստատուս։ 

Չմոռանանք, որ հիմա չափազանցնում, ուռճացնում եմ թեման, բայց դա անելն այդքան էլ դժվար չէ, որովհետև իսկապես հետաքրքիր, խորը նյութերը քիչ են։ Շատ են հետաքրքիր դեպքերը և զանազան բացահայտումները կոռուպցիոայի և այլ բացասական երևույթների մասին։ Բայց կլանող լոնգրիդերը, որոնք հավեսով քնելուց առաջ կկարդաս, քիչ են։ 

Այնքնան քիչ են, որ երբ լինում են, ափսոսում ես կարդալ, որ հանկարծ չվերջանան։ 

Բարդ թեմաների բացակայություն։ Բարդ լեզվով գրած նյութերի բացակայություն։ 

Որպեսզի լեզուն զարգանա, մարդիկ պետք է գրեն ու կարդան խելացի, պատմության ու հեռանկարների հետ գործ ունեցող, երբեմն նաև խուճուճ ձևակերպումներ ունեցող հոդվածներ, որտեղ օգտագործվում են փոխաբերություններ, հիպերբոլներ, թաքնված ասոցիացիաներ, մեջբերումներ այլ հոդվածագրերից և այլն։ Ու մի բան էլ ավելին։ 

Որպեսզի հանրային միտքը զարգանա, մարդիկ պետք է կարդան բարդ թեմաների շուրջ գրած բարդ հոդվածներ, գիտական թեմաներով նյութերը չպետք է մշտապես գրվեն անգրագետ լրագրողների կողմից, մանկապարտեզային հանդեսի լեզվով։ 

Լուրջ թեմաներին վերաբերող նյութերի մեծ մասը միանգամից ոտնահարում են իմ բանականությունը, հավատը դեպի մեր ապագան, հույսը դեպի մեր անցյալը, իմ ճաշակը և հեռախոսիս մարտկոցը։ 

Կապակցված թեմաների հետ խնդիր ունենք

Տեսեք, լրագրողը կարող է մի հետաքրքիր բացահայտում անել։ Ակտիվիստը հնարավոր է մի այլ ձևով աննախադեպ բան գտնի։ Ու հետո սպասում ես, թե ոնց թեման կբացվի, ուր կգնա, ինչ կլինի։ 

Բայց, պարզվում է, որ արդեն կան այլ թեմաներ, ժամանակն անցնել է։ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը մտել է մեր առօրյան, դարձել հիմնական տեղեկատվական վարքագծերից մեկը։ 

Բերեմ զուտ մեկ օրինակ: 2020-ի հունվարի առաջին օրերին ձերբակալվեց մի անձնավորություն, որը ֆեյսբուքյան «Դիանա Հարությունյան» ֆեյք օգտատիրոջ միջոցով տարածում էր կեղծ նորություններ, որոնք կարող էին խաթարել հայ-իրանական հարաբերությունները։ Այս գործում շատ հետաքրքիր պահեր կային։ 

Անհասկանալի էր, թե ինչպես հաջողվեց գտնել ֆեյքին մեկ օրում, մինչ բազմաթիվ ֆեյքեր տարիներով հանգիստ անում են իրենց մութ գործերը։ Անհասկանալի էր նաև, թե ինչպես են դատելու այդ անձնավորությանը, քանի որ հստակ արարք չէ կեղծ նորություն տարածելը։ Եվ վերջապես պարզ չէ, թե դա ով էր, քանի որ ԱԱԾ-ի տեսանյութում դեմքը փակված էր, անունը՝ քողարկված։ 

Բայց հիմա փորձեք մամուլում գտնել հրապարակումներ այս դեպքի ու դրա զարգացումների մասին։ Կարծես բան էլ չի եղել։  

Կարճ հիշողության

Սա, կարծես թե համայն մարդկության առջև ծառացած մի մեծ խնդիր է։ Տեղեկատվության աննկարագրելի հոսքերը, կախվածությունը սարքավորումներից տեղեկատվության պաշարման պայմաններում բերել են ընդհանուր հիշողության ուժի անկմանը։ Մեզ մոտ դա արտահայտվում է շատ բազմազան և բազմերանգ կերպով։ 

Օրինակ, հանրությունը կարող է հեշտ ու հանգիստ թարմ զարմանք/ուրախություն/զայրույթ ապրել մի բանից, որը կրկնություն է, արդեն մի քանի անգամ տեղի ունեցած դեպք։ 

Բայց ոչ միայն հանրային ընկալումն է այդպիսին։ Մոռացկոտ են նաև լրագրողները, որոնք կարող են Հալլեյի գիսաստղի պես կրկնվող մի այդպիսի երևույթ ներկայացնել որպես աննախադեպ և անկրկնելի։ 

Այդպիսին է նաև նյութերի կառուցվածքը շատ ու շատ լրատվականներում։ Շատ հազվադեպ կտեսնես նորության մեջ նկարագրություն, թե ինչ նախապատմություն կա տվյալ նորության հետ կապված, ովքեր են նյութում նշված մարդիկ։ Կարծես, խմբագիրը առաջին անգամ բացել է աչքերը, ծանոթացել լույս աշխարհին և նկարագրում է զուտ իր տեսածը։ 

Քանի որ այս ամենի մեջ ինքս էլ եմ թաթախված, ապա խուսափելով երկար բովանդակալից տեքստեր գրելուց, այստեղ կդադարեմ իմ շարադրումը։ Հատկապես, որ արդեն մոռացել եմ, թե ինչի մասին էի գրում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *